Աշխարհը շարունակում է հետեւել, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Թուրքիան այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարցերի հանձնաժողովն ընդունեց Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը: Թուրք ժողովուրդը վրդովված էր, Անկարայում դրա դեմ բողոքի էին ելել՝ 200, իսկ Ստամբուլում` 500 մարդ: Իսկ թատերական ժեստերի սովոր թուրքական իշխանությունները խորհրդակցելու համար Վաշինգտոնից հետ կանչեցին իրենց դեսպանին` Պետդեպարտամենտին մռութ ցույց տալով: Նրանք միաժամանակ ոտքի հանեցին երկրի զինված ուժերը` աշխարհին ցույց տալու համար, որ իրենք հզոր են, որ նույնն են, ինչ որ 30 տարի առաջ (Կիպրոս), 100 տարի առաջ (Արեւմտյան Հայաստան). կարող են սպանել եւ թալանել, բայց այս անգամ նրանց թիրախը քրդերն են, այն քրդերը, որոնց նրանք ժամանակին դրդել էին հայերի արյունալի սպանդին մասնակցելու: Թուրքիան մի անգամ չէ, որ կանգնած է եղել լիակատար փլուզման եզրին, սակայն միշտ ելք է գտել, ինչը վկայում է ամենավճռորոշ պահին հովանավորներ գտնելու եւ վերջիններիս սեփական պահանջները պարտադրելու` Թուրքիայի ունակության մասին: Այդպես էր եւ՛ Առաջին աշխարհամարտի ավարտին (Սեւրի պայմանագիր), եւ՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր, բայց կարողացավ «ջրից չոր» եւ անվնաս դուրս գալ: Ու թեեւ Օսմանյան Կայսրությունը փլուզվեց, բայց մնաց Թուրքիան, որի քաղաքական քարտեզին մնացին Արեւմտյան Հայաստանն ու Քուրդիստանը: Ասել է թե` Օսմանյան Կայսրության ապագաղութացումից օգտվեցին բոլոր ազգերը, բացի հայերից ու քրդերից:
Այնուամենայնիվ, ինչո՞վ բացատրել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի նման «սերը» մի երկրի նկատմամբ, որը մշտապես շանտաժի է ենթարկում իր մահմեդականությամբ. իբր, եթե մեզ չօգնեք եւ չընդունեք այնպես, ինչպես պետք է, մենք մեր երկրի ներսում ոտքի կհանենք արմատական իսլամիզմը, կմիավորվենք մահմեդական աշխարհի հետ, եւ այդ ժամանակ կարելի է ասել` մենք ձեր թշնամիներն ենք: Այսպես կամ գրեթե այսպես են դատում Թուրքիայի իշխանությունները (ինչպես հայտնի է, իներցիոն գործընթացներն ինչպես արտաքին, այնպես էլ ազգային քաղաքականության մեջ կայուն են), երբ քմծիծաղով նայում են Եվրոպային կամ ԱՄՆ-ին:
Սակայն արդյո՞ք մահմեդական աշխարհի բոլոր երկրներն ու ազգերն են ուզում լինել Թուրքիայի հետ, եւ տարածաշրջանի քանի՞ երկիր Թուրքիայի հետ մեծ կամ փոքր խնդիրներ ունի:
ԱՄՆ-ը հայ եւ համաշխարհային հասարակության ուշադրությունը սեւեռում է այն բանին, որ Թուրքիայի իշխանություններն անգնահատելի ծառայություն են մատուցում ամերիկյան ռազմական ավիացիային` ռազմաբազաների համար օդակայաններ տրամադրելով: Ի՞նչ գնով է տրամադրվում այդ օգնությունը, եւ ինչպե՞ս է այդ օգնությունը նպաստում տարածաշրջանում իրական առաջընթացին: Կամ ավելին, ի՞նչ արժե Թուրքիան` որպես գործընկեր, երկու կարեւոր համակարգերի` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: ԽՍՀՄ-ի գոյության ժամանակներում Թուրքիան` որպես ֆորպոստ սառը պատերազմում, կարեւոր դեր էր խաղում ՆԱՏՕ-ի հարավային սահմաններում, որի կազմի մեջ նա մտավ առանց հապաղելու, որպեսզի իր արեւելյան սահմանները պաշտպանի կամ, այլ կերպ ասած, իրեն մնա Արեւմտյան Հայաստանը: Ստալինը, որը բավականաչափ լավ գիտեր պատմությունը եւ որոշակի պայմաններում կարող էր մտնել Արեւմտյան Հայաստան, չգնաց այդ քայլին` ելնելով այն բանից, որպեսզի անդրկովկասյան հանրապետությունների միջեւ հավասարակշռությունը չխախտվի: Լինելով վրացի` նա խորհրդային մամուլին հնարավորություն տվեց անգամ պահանջելու Արդահանը` որպես Վրաստանի մի մաս, սակայն դա նրան չհաջողվեց: Իսկ ամեն ինչ հայերին հանձնել նա չէր ցանկանում. թեեւ այդ ժամանակ Հայաստանը դեռ բավականին թույլ էր, բայց հսկայական ներուժ ուներ: Դա ցույց տվեց Երկրորդ աշխարհամարտը` ինչպես գործող բանակում, այնպես էլ արտաքին հետախուզության մեջ (Թեհրանի կոնֆերանսը, «ատոմային նախագիծը» եւ այլն), նաեւ սփյուռքում: Թեեւ հաճախ են խոսում, որ Ստալինը ելնում էր Ռուսական Կայսրության դիրքերից, կարելի է ասել, որ այս միտքը ճիշտ է, բացի այն դեպքերից, երբ խոսքը վերաբերում է Վրաստանի շահերին: Այդպես է եղել 20-ականների սկզբին. երբ երկու Օսեթիաները ցանկանում էին միավորվել Խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ, Ստալինը դրան ընթացք չտվեց, եւ այսօր այդ հիմնահարցը դեռ չի կորցրել սրությունը:
Այսօր Թուրքիան կորցրել է երբեմնի կարեւորությունը, որ ուներ ԽՍՀՄ-ի գոյության ժամանակներում, սակայն նա կարողանում է ստեղծել կոնֆլիկտային իրավիճակներ եւ այնպիսի դիրք զբաղեցնել, որ այդ կոնֆլիկտը շահավետ լինի իր համար: Կարելի է ասել, որ Թուրքիան երբեք խաղաղասիրության ու կայունության պատվար չի եղել` անգամ ՆԱՏՕ-ի կազմի մեջ գտնվելով. հիշենք Կիպրոսի հակամարտությունը, նաեւ այն, որ մի շարք հարեւան պետություններ` Հունաստանը, Սիրիան, Բուլղարիան, թուրքերի հետ լարված հարաբերություններ են ունեցել: Ես համոզված եմ, որ Իրաքյան պատերազմում Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկեր է, սակայն համոզված եմ նաեւ, որ ԱՄՆ-ը լավագույն գործընկեր չի ընտրել, քանզի չափազանց բարձր է այդ գործընկերության գինը: Ես ելնում եմ այն բանից, որ Թուրքիայի նման ագրեսիվ երկրին ԱՄՆ-ը չպետք է այդքան առավելություններ տա: Ռազմական բեռների տեղափոխության համար ընտրված տարածքը ԱՄՆ-ի ռազմավարական սխալն է: Ինձ կարող են առարկել, թե ԱՄՆ-ը ոչ մի առավելություն չի տալիս Թուրքիային, ընդամենը վճարում է ծառայության դիմաց: Եվ եթե սա շուկա է, ապա Թուրքիան, ելնելով իր շահավետ դիրքից, կարողացել է վաճառել իր ծառայություններն ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ը պարտավոր չէ իր ցանկացած քայլի համար հաշիվ տալ Թուրքիային, առավել եւս, որ ԱՄՆ-ը համամարդկային առաքելություն է կատարում: Ամեն դեպքում, նրանք այդպես են ասում: Եվ դրա ուղղակի ապացույցը տարբեր երկրների կոալիցիոն ուժերն են: Նրանք բոլորն էլ օգնում են Իրաքին, իսկ Թուրքիան այդ պատերազմում փողեր է աշխատում, ավելին, մարդկության հանդեպ գործած իր արարքների համար չի ցանկանում ոչ միայն պատասխան տալ, այլեւ ցուցադրում է իր ուժը եւ նոր ցեղասպանություն է իրականացնում, այս անգամ՝ քրդերի նկատմամբ: Եվ սա՝ 21-րդ դարում, երբ անհնարին է տեղեկատվական սով կամ շրջափակում կազմակերպելը:
Ես հրաշալի հասկանում եմ, որ Եվրոպան եւս տարբեր է, որ Ֆրանսիան կամ Շվեյցարիան Անգլիա չեն: Եվ, որ եվրոպական տարբեր պետությունների միջեւ կարող են տարաձայնություններ, հակասություններ լինել, որոնք կարելի է օգտագործել սեփական շահերի օգտին: Բայց եթե այդ եվրոպական երկրների շահերը պաշտպանվում են ցինիզմի եւ անբարոյականության միջոցով` ոտնահարելով մի ողջ ժողովրդի, ի՞նչ կարելի է ասել այդ շահերի մասին: Եվ մի՞թե կարելի է խոսել նոր ֆորմատի Եվրոպայի մասին ու վստահել այդ Եվրոպային: Ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ին: Ինչո՞ւմ է այդպես համոզված Ջորջ Բուշը: Որ Իրաքյան պատերազմում հաղթանակ չի՞ տանի, եթե Թուրքիան իր ծառայությունները չմատուցի: Սա բացարձակ անընդունելի է մի երկրի համար, որը համաշխարհային լիդեր դառնալու հավակնություններ ունի:
Իհարկե, հայ ժողովուրդն այսօր ավելի ուժեղ է, քան երեկ, եւ ի վիճակի է ԱՄՆ-ին ու աշխարհին հասկացնելու, որ չեն կարող լինել անպատիժ մնացած դահիճներ: Ցեղասպանության ճանաչման իր առաքելությունը նա մինչեւ վերջ կկատարի: Ավելի վատ ժամանակներ են եղել: Սակայն անհասկանալի է մնում ԱՄՆ-ի դիրքորոշումը, որն ամոթխածորեն քողարկվում է անկարեւոր փաստարկներով, այնինչ Թուրքիայի հետ այդ ձեւով համագործակցությունից առաջ կարող էր եւ մտածել, որ երկրում կան ԱՄՆ քաղաքացիներ, որոնց արժանապատվությունն արդեն 90 տարի է` ոտնահարվում է: Ոչ թե ամեն անգամ սպասել, թե մի օր կգա այն ժամանակը, երբ Թուրքիայի հետ համագործակցությունն այդ հզորագույն պետությանը թույլ կտա ընդունել ցեղասպանությունը` որպես իր երկրի քաղաքացի հայերի մարդկային արժանապատվության վերականգնման մի մաս:
Սակայն խաղը դեռ առջեւում է: Կոնգրեսը սպասում է ավելի լավ ժամանակների` ընդունելու պատմական անվիճելի փաստը: Ապրենք մինչեւ այն օրը, երբ յուրաքանչյուր սենատորի ներսում այս (եւ ոչ միայն այս) հարցի շուրջ կխոսի ազնիվ վերլուծությունը, ոչ թե կոմերցիոն ցինիզմը: