Երկու հաղորդագրություն

04/11/2007

Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` երկուշաբթի օրը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել աննախադեպ խուզարկություն:

Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության անվտանգության բաժինը, նույն բաժնի պետ, փոխգնդապետ Վարուժան Եղիազարյանի գլխավորությամբ, խուզարկության են ենթարկել Վարդաշեն ք.հ.-ի բանտախցերը եւ բանտին հարող գաղութի կացարանները: Խուզարկությանը մասնակցել են նաեւ 7 սպաներ, այդ թվում՝ երեք գնդապետներ, քաղաքացիական հագուստով անհայտ ծառայությունների 8 ներկայացուցիչներ եւ ներքին զորքերի 15 դիմակավորված հատուկջոկատայիններ: Նույն հաղորդագրության համաձայն` «Վարդաշեն» ք.հ.-ում ավելի երկար գտնվող բանտարկյալները հաստատում են, որ նման ցուցադրական ու մասշտաբային խուզարկություն իրենց մոտ երբեք չի եղել: «Միակ լուրջ խուզարկությունը իրականացվել է այն կացարանում, որտեղ գտնվում են Ժիրայր Սէֆիլյանն ու Վարդան Մալխասյանը: Անձամբ նրանց մոտ, սակայն, որեւէ արգելված իր չի հայտնաբերվել: Տեսնելով այդ, Վարուժան Եղիազարյանն անհիմն վեճի մեջ է մտել Վարդան Մալխասյանի հետ, հայտարարել է, թե նա զազրախոսում է, թե իբր սենյակում կան արգելված իրեր, եւ դրա համար, որպես տույժ, պետք է նկատողություն հայտարարվի սենյակում գտնվող բոլոր 5 ազատազրկվածներին: Եթե բանավոր հայտարարված նկատողությունը պաշտոնապես արձանագրվի դատապարտյալների գործերում, ապա նրանք պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից զրկված կլինեն այնքան ժամանակ, մինչեւ այդ տույժերը չհանվեն»,- ասված է զորակցության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Երեկ կոմիտեի տարածած հաղորդագրությանը հաջորդեց նաեւ Արդարադատության նախարարության արձագանքը: Ըստ ԱՆ հաղորդագրության` կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկատվությունն ամբողջությամբ խեղաթյուրված է: ԱՆ հաղորդագրության համաձայն` սահմանված կարգով բոլոր դատապարտյալները ենթարկվել են խուզարկության, որին մասնակցել են միայն քրեակատարողական ծառայության աշխատակիցները. «Նշված միջոցառումները, այսպիսով, եզակի բնույթ չեն կրում եւ բնավ անձնավորված չեն: Դրանք իրականացվում են ընդհանուր հիմունքներով եւ բխում են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի պահանջներից: Ընդ որում, նշված կացարանի խուզարկություններ իրականացվել ու իրականացվում են առանց որեւէ բացառության բոլոր քրեակատարողական հիմնարկներում»: Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, թե հիշյալ միջոցառման արդյունքում դատապարտյալներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի մոտ հայտնաբերվել է քաղաքացիական համազգեստ, «ինչը` ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի «Իրերի, առարկաների եւ սննդամթերքի, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով եւ փաստաթղթերով» ցանկի համաձայն` արգելվում է»: Նույն հաղորդագրության մեջ նաեւ նշված է, թե Քրեակատարողական վարչությունը ոչ միայն վերը նշված, այլեւ այլ դատապարտյալների նկատմամբ որեւէ կարգապահական տույժ չի կիրառել եւ բավարարվել է թերությունները վերացնելու վերաբերյալ իրականացված բացատրական աշխատանքով: «Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի ծառայող Վ.Եղիազարյանի կողմից որեւէ հայտարարություն չի արվել այն մասին, թե իբր վերը նշված անձանց հետ նույն բանտախցում գտնվող թվով 5 դատապարտյալների պետք է նկատողություն հայտարարվի»,- ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ: