Վերանորոգվել է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան երգեհոնը: Գործիքն անվճար վերանորոգել է Գերմանիայից ժամանած վերականգնող-մասնագետ Քրիստիան Վեգշայդերը: Նա հրավիրվել էր «Բարոկկո» երեւանյան երաժշտության փառատոնի կազմակերպիչ Արամ Թալալյանի եւ բրիտանացի երգեհոնահար Քրիստոֆեր Ստեմբրիջի նախաձեռնությամբ: Գործիքը, որն ունի շուրջ 4 հազար շեփոր, 10-օրյա աշխատանքներից հետո հաջողվել է հիմնանորոգել: Դրեզդենի երգեհոնի լավագույն մասնագետն անհատույց է աշխատել: Հայաստանում կա 7 երգեհոն, որոնց մեջ կամերային երաժշտության տան երգեհոնը եզակի է` այն ստեղծված է հատուկ բարոկկո երաժշտություն նվագելու համար:
1977-1978թթ.-ին հոլանդական «Ֆլենտրոպ» ֆիրմայի կողմից ստեղծված, խորհրդային երկրներում գոյություն չունեցող, իր տեսակի մեջ եզակի երգեհոնը կամերային երաժշտության տանը տեղադրվել է 1979-ին: Այն 90-ականներին դահլիճը չջեռուցելու պատճառով վնասվել էր: