Օպտիմալացման արդյունքում Էջմիածնի հինգ գրադարաններ միավորվել եւ կրում են էջմիածինցի բանաստեղծ Վաչագան Հովհաննիսյանի անունը: Ի դեպ, այդ գրադարաններից երկուսը մինչ օպտիմալացումը կրել են Հովհաննես Թումանյանի եւ Ղազարոս Աղայանի անունները: Էջմիածնի քաղաքային իշխանությունները, հավանաբար, փորձել են արջի ծառայություն մատուցել մշակույթի նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանին՝ միացյալ գրադարանն անվանակոչելով բանաստեղծի բանաստեղծ հոր՝ Վաչագան Հովհաննիսյանի անունով: Ի դեպ, արդեն մի քանի օր Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչի պաշտոնն է զբաղեցնում քաղաքապետի հորաքրոջ աղջկա ամուսինը՝ Հովիկ Հովեյանի եղբայր Վահան Հովհաննիսյանը: Ըստ քաղաքապետարանի Լրատվական ծառայության՝ Վ. Հովհաննիսյանն առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է, պաշտոնում կհաստատվի ավագանու նիստից հետո: Ավագանու առաջիկա նիստը հայտնի չէ՝ երբ կլինի: «Գուցեեւ հաջորդ ամսվա մեջ լինի»,- ասացին քաղաքապետարանի Լրատվական ծառայությունից: