«Արվեստը հեռացել է զգացմունքներից»,- ասում է քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով Ֆլորենցիայում վերականգնելու է Միքելանջելոյի նախագծած եկեղեցին

04/11/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Վիգեն Ավետիսը (Ավետիսյան) Հայաստանից Եվրոպա է տեղափոխվել 1990-ական թվականների սկզբին: Այն ժամանակ թվում էր, որ արվեստը մեր երկրում երկարատեւ դադար է վերցրել։ Այժմ Վիգենը մեծ ոգեւորությամբ է ընդունում Երեւանի հետ կատարված փոխակերպումը։ Նա ընդհանրապես շատ վարակիչ ոգեւորություն ունի։ Վիգենը կարողացավ որպես պրոֆեսիոնալ քանդակագործ կայանալ այնպիսի քաղաքում, ինչպիսին է Ֆլորենցիան, որտեղ յուրաքանչյուր քար արվեստով է շնչում եւ որտեղ ավանդույթի համաձայն` ոչ մի նորարարություն, առավելեւս՝ օտարի արվեստը, գրկաբաց չի ընդունվում։ Տասնյակ տարիներ շարունակ Ֆլորենցիայի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարում, որպեսզի գտնի Վերածննդի վարպետ Միքելանջելո Բուոնարոտիի մտահղացումը ավարտին հասցնել կարողացող քանդակագործի, որն ունակ կլինի վերջնական տեսք տալ Սան Լորենցո եկեղեցուն։ Այդ եկեղեցին, ինչպես նաեւ Միքելանջելոյի նախագծած 40 քանդակները, անավարտ էին մնացել։ Միքելանջելոյի աշխատանքն ավարտելու նախագծի առաջին հավակնորդը հայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է։ Նա այժմ Երեւանում է գտնվում, աշխատում է հայկական նոր ֆիլմի նկարահանման հրապարակում՝ վերստեղծելով աշխարհից կտրված վերացական մի գյուղի պատկեր։ Տուն է կառուցում Աշտարակում՝ ցանկանալով բակում քանդակների ցուցադրություններ անցկացնել։ Եվ պատրաստվում է Երեւանում հեքիաթային այգի ստեղծել։ Եվ այդ ամենն անում է շատ գեղեցիկ էմոցիաներով։

Նա ստեղծել է վարանող, հուշերի մեջ սուզված, զարմանալի մի քարե գլուխ, որը շուտով կտեղադրվի Հռոմում՝ որպես Եղեռնի հուշարձան։ «Ֆերրարի» ընկերության պատվերով քանդակ է ստեղծել, որը կնոջ ու տղամարդու ֆիգուրների խաղ է, մարդու ու մեքենայի միասնություն։ Ձեւավորել է իտալական մի հյուրանոց, որտեղ բոլոր քանդակներն ու հարթապատկերները յուրովի լրացնում են ընտանիքի ամրության պակասը։ «Եվրոպայում ամենամեծ պրոբլեմն ընտանիքի քայքայումն է, կինն ու տղամարդը կորցրել են իրենց նշանակությունը։ Կինը հիմա Բարբի է, իսկ տղամարդը կիսատ-պռատ ինչ-որ երեւույթ է։ Մեկը մյուսի կարիքը չունեն։ Ընտանիքի գաղափարը մահանում է, ընտանիքի ոգին է կորչում»,- ասում է Վիգենը, ով իտալական եկեղեցիների համար խորաններ ու քրիստոնեական ատրիբուտներ է պատրաստում։ Նրա բոլոր գործերը շատ էմոցիոնալ են։ Եվ դրանցից գրեթե ոչ մեկը ծանոթ չէ Հայաստանին։ Իսկ Ֆլորենցիան հասկացել է հայ քանդակագործի որակը եւ այն թարմ հայացքը, որի կարիքն ամենուր զգացվում է։ Վիգենը համոզված է, որ ներդաշնակ ապրելու համար շատ բան հարկավոր չէ, բավական է ընդունել միայն, որ արվեստն ամեն ինչում է:

– Աշխարհը ստեղծողը հանճարեղ արվեստագետ է եղել, մենք էլ ենք այդ աշխարհի մասնիկը։ Արվեստը գեղեցիկն ու հաճելին է, բնության մեջ հենց հաճելիի գաղափարն է դրված։ Կարող ես նայել մի ծաղկի ու չկարողանալ հայացքդ կտրել։ Թվում է, որ այսօր մարդիկ չարացել են, հիասթափվել են, բայց երբ նրանք ոչ ստերեոտիպային, զգացմունքային գործեր են տեսնում, նրանց հետ ֆանտաստիկ բան է կատարվում։ Ես նկատում եմ, որ ոչ թե մարդիկ են անհոգի դարձել, այլ` արվեստագետներն են դարձել անզգացմունք։ Իսկ մարդիկ հիմա զգացմունքների պակաս ունեն։ Զգացմունքների կարիքն այսօր շատ է նկատվում։ Զգացմունքային գործ ստեղծելու համար արվեստագետը պետք է պրոֆեսիոնալ լինի ու չափի զգացումը կարողանա պահպանել։ Եթե չափը փոքր-ինչ անցնի, իր գործը խաղալիք կդառնա ու չի կարողանա ապրել։ Ես տեսնում եմ, որ հիմա քանդակագործի ու քանդակի փոխհարաբերությունն է փոխվել։ Ֆիգուրատիվ արվեստը, որն ավելի ճիշտ է զգացմունքային արվեստ կոչելը, ընդհանրապես անհետանում է։ Ողջ աշխարհն է հեռացել արվեստից, եւ արվեստը դարձել է սոսկ ձեւավորում, որը գեղեցիկի զգացում է տալիս մարդկանց, բայց ոչ մի հոգեւոր լիցք չի փոխանցում։ Կարելի է օրինակ բերել գեղեցկուհի մոդելներին, որոնց գեղեցկությունն աչքով տեսնում ես, բայց զգում ես, որ նրանց մեջ դատարկություն է։ Ճարտարապետության մեջ էլ է նույն բանը նկատվում։ Համեմատեք հազար տարի առաջ կառուցած պալատները՝ պալացցոները, եւ ժամանակակից երկնաքերները։ Շքեղ, բարձր, ֆանտաստիկ երկնաքերների մեջ ոգի չկա, դեմք չկա։ Իսկ արվեստն ի սկզբանե է եղել։ Ամեն մի արարում արվեստ է։ Առանց արվեստի ոչինչ անել չես կարող, նույնիսկ ճաշ չես կարող պատրաստել։ Մարդը աչքերը բացում է, քայլում է, դա արդեն արվեստ է։ Ամեն ապրող բանի մեջ արվեստ կա։ Այն առողջություն է տալիս մարդուն, եթե ուզում եք՝ բուժում է մարդուն։ Իսկ արվեստագետն էլ այն բժիշկն է, որը պետք է առաջին հերթին չխանգարի, այլ՝ մաքրի մարդուն։ Հիմա արվեստը պարզապես զբաղմունք, թեթեւսոլիկություն է դարձել, ով ուզի՝ կնկարի, կերգի։

– Արվեստի մարդը արտոնագի՞ր պետք է ունենա։

– Արվեստով զբաղվելը վիրաբույժի աշխատանք է, որը մեծ պատասխանատվություն է պահանջում։ Արվեստը կարող է մարդուն եւ՛ երջանիկ, առողջ մարդ սարքել, եւ՛ կարող է հիվանդացնել ու անդամալույծ անել։ Արվեստը ոգի է։ Հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ անհոգի դառնան։ Ես դա մարդկության վրա կատարած միտումնավոր հարձակում եմ համարում։ Մարդկանց զգայարաններն են բթացնում, եւ այդ գործում շատ մեծ հաջողության են հասնում առաջին հերթին ճարտարապետության ու կինոյի միջոցով, որոնք մարդկանց մտածելակերպի որոշակի տեսակ են թելադրում։

– Իտալիայում այդպե՞ս են մտածում։

– Արվեստն իտալացիների համար «հաց ու ջուր» է։ Իրենք շատ լավ հասկանում են, որ արվեստը պահպանելու եւ արվեստը զարգացնելու կուլտուրա է պետք ունենալ։ Երբ արվեստը շրջանակների մեջ է դրվում ու նրանով միայն հպարտանում ես, արվեստը կյանք չի մտնում։ Ֆլորենցիան, օրինակ, դարձել է արվեստի գերեզմանատուն, որտեղ մարդիկ գալիս են, աղոթում են, հիշում են իրենց պատմությունը, եւ վերջ։ Այդ քաղաքն այլեւս ոչինչ չի ստեղծում, իսկ Ֆլորենցիայում այնքան էներգիա, ուժ եւ հաղորդակցություն կա, որ հերիք է մեկ օր անցկացնես այդ քաղաքում, որպեսզի զգաս այդ ներուժը։ Բայց այդ էներգիան նոր բան չի ծնում։ Նույնիսկ այն գործը, որը սկսել էր ու քաղաքական հեղաշրջման պատճառով չէր ավարտել Միքելանջելոն, Ֆլորենցիան գերադասում էր կիսատ թողնել։ Մինչդեռ այդ եկեղեցին կարող էր մարդկության համար գեղեցկություն դառնալ, բայց չէր դառնում, քանի որ քաղաքի իշխանություններն ու քաղաքացիներն էին դրան դեմ։

– Ինչո՞ւ։

– Ֆլորենցիան ամենապահպանողական քաղաքներից մեկն է աշխարհում, ֆլորենտացիներն իրենց քաղաքի յուրաքանչյուր քարը պահպանում են այնպես, կարծես ողջ պատմությունն այդ քարից է կախված, նրանք սովոր են տեսնել անավարտ եկեղեցու այդ պատը եւ նախընտրում են ոչինչ չավելացնել։ Ես հանդիպեցի Ֆլորենցիայի գեղարվեստական արժեքների պահպանման միության նախագահ Անտոնիո Պաոլուչիի հետ, ով Վերածննդի շրջանի արվեստի ամենախոշոր մասնագետն է, մենք զրուցեցինք, եւ ես զգացի, որ կկարողանամ անել այդ գործը։ Միքելանջելոյի արած գծանկարն այժմ պրոյեկցիայի միջոցով ցուցադրվում է եկեղեցու ճակատին, որպեսզի ֆլորենտացիները տեսնեն, թե շինարարության ավարտից հետո եկեղեցին ի՞նչ տեսք է ունենալու։

– Որպեսզի մարդկանց դանդաղորեն ընտելացնե՞ն փոփոխությանը։

– Այո։ Որպես կանոն՝ անտուն բոմժերը սիրում են հավաքվել կայարաններում, իսկ հարբեցողները նախընտրում են այնպիսի մութ անկյուններ գնալ, որտեղ նույնիսկ հավաքարարներ չեն հայտնվում։ Այն վայրերում, որոնք երկար ժամանակ չեն մաքրվում, յուրահատուկ էներգետիկ դաշտ է ստեղծվում։ Անավարտ կառույցները սովորաբար լքված միջավայրի են նմանվում, եւ այնտեղ են հայտնվում մարդիկ, որոնք իրենց անօգնական ու լքված են զգում։ Վայրը սկսում է իր մոտ ձգել իր նմաններին։ Եվ Սան Լորենցո եկեղեցին իր անավարտությամբ խախտում է այդ վայրի էներգետիկ դաշտը։ Եկեղեցին իր մոտ է «քաշում» թափառականներին, փողոցում ապրող սեւամորթներին։

– Կարելի է ասել, որ նույն այդ մոտեցման համաձայն՝ մաքրվեց նաեւ Երեւանի Հյուսիսային պողոտայի էներգետիկ դաշտը։

– Շատ լավ է, որ քանդվեցին հին շինությունները։ Հիմա Հյուսիսային պողոտան շատ են քննադատում, բայց այն ինձ դուր է գալիս։ Երեւանն ապրող քաղաք է, որտեղ նոր կառույցներ են հայտնվում։ Նույնիսկ, եթե այդ կառույցների 90%-ն անհաջող են, դրանք ցույց են տալիս, որ քաղաքը կենդանի է։ Մեր քաղաքն ընդամենը 60 տարվա պատմություն ունի, եւ որքան շատ նորություններ լինեն Երեւանում, այնքան մեր օգուտն է։ Պետք չէ վախենալ սխալներից ու հարձակվողական դիրքեր ընդունել, այնպես, ինչպես հարձակվեցին, օրինակ, Առնո Բաբաջանյանի արձանի վրա։ Յուրաքանչյուր նորություն դժվար է իր տեղը գրավում, բայց այն անհրաժեշտ է, այլապես մենք կսկսենք չնկատել այն, ինչ մեր շուրջը կատարվում է։ Օրինակ, երբ տուն ես գալիս ու գիտես, որ նույն բանն ես տեսնելու, դու այլեւս դադարում ես նկատել կնոջդ, քանի որ գիտես, որ նա միշտ նույնն է։ Սկսում ես գնահատել նրան, երբ նա փոխվում է։ Մի խոսքով, կարծում եմ, որ քաղաքի ու մարդու փոխհարաբերությունները պետք է միշտ արթուն լինեն։ Այսօրվա Երեւանն ինձ շատ է ուրախացնում։ Իսկ 1994թ. ինձ թվում էր, որ մեր քաղաքը դատապարտված է, որ մոտեցել է նրա վերջը, քանի որ մահանում էին փողոցները, թանգարանները, թատրոնները, մարդիկ էլ փախչում էին այստեղից։ Իսկ հիմա տեսնում եմ, որ քաղաքն արթնացել է։

– Ինչի՞ց է կախված քանդակի արժեքը։

– Քանդակագործի աշխատանքի արժեքը գեղեցկության ու կատարելության մեջ չէ, արժեքը կախված է քանդակագործի գնից։ Մեկը կարող է մի բաժակ պատրաստել, որը կարժենա 100 հազար եվրո, իսկ մյուսը չքնաղ բան կնկարի, բայց կվաճառի առավելագույնը 100 եվրոյով։ Գինը սովորաբար արվեստագետի գնահատումից է կախված։ Հայ արվեստագետներից քչերն են կարողանում այդ շուկայի մեջ մտնել։ Նրանց աշխարհով մեկ ցուցադրվել է պետք։ Ընդհանրապես աշխարհը հիմա այնքան կազմակերպված է, որ չես կարող ոչ մեկին քո գործով զարմացնել, շուկա մտնելու համար պետք է աշխատես գալերիստների հետ։ Բայց ես միշտ պայքարում եմ դրա դեմ, գտնում եմ, որ գալերիստները քեզ կարող են միլիոնատեր դարձնել, բայց միայն մի պայմանով՝ դու պետք է գործարան դառնաս, իրենք էլ այդ գործարանի տնօրենները պետք է լինեն։ Ստացվում է, որ քեզ քո տնօրենն է աշխատացնում եւ քեզանից էլ կոնկրետ մի ոճ պարտադրող ապրանք է սպասում։ Իսկ դա շատ վտանգավոր է, երբ չես կարող քո ոճը փոխել։ Նույնը կատարվում է երաժշտության ոլորտում, որտեղ խելացի պրոդյուսերները գտնում են սոված երաժիշտների, նրանց հետ երկարատեւ պայմանագիր են կնքում, ամսական գումար են վճարում ու գերում են նրանց։ Իտալիայում շատ երաժիշտներ գիտեմ, որոնք «կրակն են ընկել», քանի որ երիտասարդ տարիքում նման պայմանագրեր են կնքել։ Եվ դրանից պոկվելն անհնար է, քանի որ պրոդյուսերները քեզ «սարքելու» համար փող են ծախսել եւ հիմա պետք է քեզ հնարավորինս օգտագործեն, ծախսած գումարները հետ բերեն։

– Ինչպե՞ս կարողացար Իտալիայում միայն արվեստով զբաղվել։

– Մի ժամանակ ես աշխատում էի Կարարայի արվեստանոցում, որտեղ ժամանակին աշխարհի բոլոր լավագույն քանդակագործներն են աշխատել, քանի որ այդտեղ է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ ու որակյալ մարմարը։ Եվ այդ արվեստանոցի տերն ինձ նույն հարցը տվեց, ասաց. «Մեր ընտանիքի արդեն վեցերորդ սերունդն է այստեղ աշխատում, եւ ես վերջին երկու հարյուր տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ քանդակագործը Ֆլորենցիայի համար քանդակ է պատրաստում։ Այդ ինչպե՞ս կարողացար դա անել»։ Ֆլորենցիան «փակ» քաղաք է։

– Ստացվում է, որ Երեւանում ավելի լավ է, մենք «բաց» ենք։

– Իհարկե, ավելի լավ է, այստեղ ամեն օր մի նոր գործ է դրվում։ Վա՞տ, թե՞ լավ՝ նշանակություն չունի, քաղաքը ժամանակի մեջ է շարժվում։

– Այստեղ աշխատելու ծրագրեր կա՞ն։

– Իմ մանկության ընկերոջ՝ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ շատ հետաքրքիր մի նախագիծ ենք մշակում։ Ուզում ենք Արաբկիրի զբոսայգուն մշակութային շունչ տալ։ Մտահղացում կա այնտեղ բաց բեմ, ամֆիթատրոն կառուցել, նաեւ՝ փոքր արհեստանոցներ ստեղծել, որտեղ արհեստավորներն ու արվեստագետները կաշխատեն։ Պետք է այնպես անենք, որ մարդիկ տեսնեն, թե ինչպես են իրենց աչքի առջեւ փոքր հրաշքներ կատարվում, ինչպես են դարբինը, փայտամշակը կամ կավագործն աշխատում։ Այգին այսօրվա ու անցյալի մշակույթն է ներկայացնելու՝ համերգների, ներկայացումների, ցուցահանդեսների տեսքով։ Ուզում ենք, որ երեխաները գան, տեսնեն, իրենք էլ աշխատեն։ Այգին ուզում ենք նվիրել մեր ամենագեղեցիկ ու սիրված էպոսին՝ «Սասնա ծռերին»։ Եթե ամեն տարի այգում քանդակի սիմպոզիումներ կազմակերպենք ու հրավիրենք օտարազգի քանդակագործների ու նրանց պատմենք մեր էպոսի մասին, ապա նրանք էլ իրենց՝ օտարի աչքով տեսած մեր էպոսի հերոսներին կպատկերեն։ Հետո մենք այդ քանդակներն այգում կտեղադրենք։ Այգում պետք է մշակույթը ապրի ու ստեղծվի։ Այգու մուտքին էլ մտածում եմ շատրվանապատ դարպասներ կառուցել…

– Դա հեքիաթ է։

– Հենց հեքիաթ էլ ուզում ենք ստեղծել, ուզում ենք, որ մարդիկ մտնեն ու իրենց հեքիաթի մեջ զգան։ Ես համոզված եմ, որ ամեն բան կյանքում իր ժամանակն ունի։ Մենք շատ սխալ ենք անում, երբ ուզում ենք ամեն ինչը մտքում դասավորել ու պլանավորել։ Բայց այդպես չի լինում, մենք չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, հետեւաբար՝ չենք կարող պլանավորել մեր քայլերը։ Ինձ միշտ զարմացրել են այն մարդիկ, որոնք ուզում են իրենց կյանքը դասավորել, ասում են՝ երկու տարի հետո սա կանենք, իսկ տասը տարի հետո՝ սա։ Կար ժամանակ, երբ ես շատ հարուստ էի, հետո թողեցի իմ հարստությունն ու գնացի դեպի անհայտություն։ Այդպես էի ուզում, եւ դա ճիշտ էր։ Կյանքը չի կարող բանակի ծառայության նման լինել։ Երբ մտածում ես, որ՝ ոչինչ, կդիմանամ, հետո լավ կլինի, դու մոռանում ես, որ ախր ապրել է պետք, որ սա է քո կյանքը։