Ուղերձ` Լեւոն Տեր-Պետրոսյանին

04/11/2007

Երեկ մշակույթի մի շարք գործիչներ ուղերձ են հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որում ասվում է. «Մտահոգություն, տագնապ, ցավ` մեզ համակած հենց այս զգացումներն են պատճառը մեր համախմբման: Մտահոգություն` վտանգված հայրենիքի, պետականության համար, տագնապ` մեր տեսակի կորստյան առումով, ցավ` մեր ժողովրդի համար, որն այսօր չի ապրում իր տառապանքին ու անուրանալի վաստակին վայել ու արժանի կյանքով: Ներկա իշխանությունները ամեն ինչ անում են ոչնչացնելու համար քաղաքացիական հասարակության սաղմերը, ստեղծելու միակերպ մտածող հնազանդ հպատակների զանգված: Իրավիճակը հրամայաբար պահանջում է անցյալի եւ ներկայի իմաստավորման ճանապարհով ամբողջացնել եւ հասարակությանը ներկայացնել արդիական, իրատեսական, համակարգված քաղաքական այլընտրանք, բռնել վերելքի դժվարին, բայց պատվաբեր ուղին:

Վերելքի ուղին արմատական, համակարգային փոփոխություններ է ենթադրում: Իսկ այդպիսի փոփոխությունները առանց առաջնորդի չեն կայանում: Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր վճռականությունը` առաջադրվել որպես ՀՀ Նախագահի թեկնածու եւ կասեցնել երկրի խոտոր ընթացքը: Եվ մենք համոզված ենք, որ Ձեր առաջնորդությամբ երկրում կատարվելիք բարեփոխումները ստեղծարար եւ կառուցողական կլինեն: Ինչո՞ւ ենք Ձեզ տեսնում այդ պատմական, դժվարին եւ պատասխանատու դերում: Որովհետեւ հենց Դուք եք եղել Երրորդ Հանրապետության բարոյահոգեբանական, քաղաքական ու ռազմական մեր բոլոր հաղթանակների ճարտարապետը: Որովհետեւ Դուք ունեք համակարգից համակարգ երկիրը անցնցում եւ նվազագույն կորուստներով անցկացնելու այնքան անհրաժեշտ կարողությունն ու փորձը: Որովհետեւ ուժին հակադրվելու համար` ուժ է անհրաժեշտ. տվյալ դեպքում այսօր տիրող բիրտ ուժին կարող է հակադրվել միայն Ձեր ինտելեկտի, քաղաքական պրագմատիզմի, սթափ եւ սրտացավ հաշվարկների ու կանխատեսումների հզոր ուժը: Մենք լավ հիշում ենք նաեւ տարիներ առաջ Ձեր ասածը, որ մեզ սպասում է հուսալի ապագա, բայց այդ ապագան մենք պետք է կերտենք: Այսօր է այդ հուսալի, բարօր, արժանապատիվ ապագան կերտելու պահը: Այլապես ստիպված ենք լինելու կամա թե ակամա խոստովանել, որ մեր ազգային զարթոնքը, անկախության եւ ազատության նվաճումը պարզապես պատահականություններ են եղել եւ մենք` ազգովի, արժանի չենք դրանց»: Ուղերձը ստորագրել են Օհան Դուրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Արտաշես Հովսեփյանը, Երվանդ Մանարյանը, Արաքս Դավթյանը, Սարգիս Հովիվյանը, Ալիս Շահմիրյան-Դուրյանը: