Ատոմակայանը կվերագործարկվի

04/11/2007

Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ), որի գործունեությունը պլանային վերականգնողական աշխատանքների եւ վերալիցքավորման համար դադարեցվել էր հոկտեմբերի 11-ին, կվերագործարկվի նոյեմբերի 25-ին: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ սեպտեմբերի սկզբներին միջուկային վառելիքն արդեն Հայաստանում էր: Տեղափոխումից հետո անմիջապես սկսվել են պլանային վերականգնողական, ինչպես նաեւ՝ վերալիցքավորման աշխատանքները, որը հնարավորություն կտա ատոմակայանը մինչեւ գալիք տարվա աշուն անխափան աշխատացնել: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի վերականգնողական աշխատանքների համար ներդրվել է 5 մլն դոլար: Այս գումարը չի ներառում միջուկային վառելիքի ձեռքբերման գինը: Ա. Մովսիսյանի դիտարկմամբ` կայանի ֆինանսական խնդիրների հաղթահարման գործում մեծ է ռուսական գործընկերների ներդրումը: ՀԱԷԿ-ը տարեկան արտադրում է մոտ 2,5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որը կազմում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-45 տոկոսը: Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցմանը` Ա. Մովսիսյանը նշել է, որ 2008թ. տարեվերջին կավարտվեն այդ կայանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումները: Այնուհետեւ կսկսվի ֆինանսավորման աղբյուրների փնտրտուքը, որից հետո էլ կսկսվեն կայանի նախագծման եւ շինարարության աշխատանքները: