«Շիկահողը» կվերականգնվի 2008-ին

04/11/2007

«Շիկահող» պետարգելոցում ավարտվել են քարտեզագրման, սահմանների նկարագրման, էնդեմիկ ծառերի եւ բուսատեսակների գույքագրման, դրանց խնամքի, մշակման, ներտարածքային ճանապահների բարեկարգման եւ ոռոգման ցանցերի վերականգնման աշխատանքները ՀՀ կառավարության ընթացիկ տարվա պահուստային ֆոնդից հատկացված 24 մլն 841 հազար դրամի շրջանակներում: Արգելոցի 10 հազար 300 հա նախկին տարածքը ներկայումս ավելացել է եւս 1837 հեկտարով` ընդգրկելով նաեւ հարակից ալպիական գոտին եւ պահուստային հողերը: Արգելոցի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2008թ.: Նշենք, որ «Շիկահողի» էտալոնային, լանդշաֆտային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական արգելոցը, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեւելյան հատվածում եւ զբաղեցնում է 12 հազ. 137 հա տարածք, սահմանակից է Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ, Ներքին Հանդ գյուղերին: Արգելոցի տաք եւ խոնավ տարածքը հիմնականում զբաղեցնում են հայկական խոշորառէջ սաղարթավոր կաղնու, կովկասյան բոխու, ինչպես նաեւ՝ հազվագյուտ կենու-կարմրածառի, արեւելյան հաճարենու անտառներն ու Հայաստանի էնդեմիկ կենդանիների բնակավայրերը: Արգելոցում 1300-1400մ բարձրության վրա աճում են նաեւ անոթավոր բույսերի 1074 տեսակներ, որոնցից մոտ 70-ը ներառված է ՀՀ Կարմիր գրքում: «Շիկահողը» հարուստ է հնէաբանական հուշարձաններով, քարանձավներով: Ծավի աջ ափին` Մթնաձորի կիրճում (2400 մ բարձրության վրա) պահպանվել է մարդու միջամտությունից գրեթե զերծ մնացած կաղնու անտառը: Իսկ գեղատեսիլ կենու պուրակը երկար ժամանակ ծառայել եւ այժմ էլ ծառայում է որպես հանգստի վայր: ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված թռչուններից արգելոցում բնակվում են կասպիական ուլարը, կովկասյան մարեհավը, գառնանգղը, սպիտակագլուխ անգղը: Սողուններից արգելոցում հանդիպում են շերտավոր մերկաչքը, Դարեւսկու ցեղի մի քանի տեսակի մողեսներ, դեղնափորիկը, ճահճային կրիան, անդրկովկասյան մի շարք սահնօձեր, արեւմտյան վիշապիկը, ջրային լորտուն, գյուրզան: Արգելոցի գետերում հանդիպում է գետի խաչափառը: