«2,5 միլիարդանոցը» բերեցին ԱԺ

01/11/2007

2008թ. բյուջեի ծախսային մասը նախատեսված է 820,8 մլրդ դրամ, եկամտային մասը՝ 744,9 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմում է 76 մլրդ դրամ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշել է, որ այս անգամ դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանվել է 336,5 դրամ: Այս պահին, սակայն, 1 դոլարն արժե 323 դրամ: «Այս ցուցանիշը ենթակա է փոփոխման,- ասել է Վ.Խաչատրյանը:- Վերջին տարբերակն Ազգային ժողով ներկայացնելիս, մենք կընդգրկենք այդ պահի դրամ -դոլար հարաբերության ցուցանիշը»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե 2008թ. բյուջեում դոլարի փոխարժեք չի սահմանվելու: Պատճառն այն է, որ ամիսներ հետո դոլարն ավելի շատ է արժեզրկվում, քան ընդունված էր բյուջեի հաշվարկման ժամանակ: Օրինակ 2007թ. բյուջեն հաշվարկվել էր 1 դոլարը 357 դրամ կուրսով, սակայն տարվա ընթացքում դոլարն ավելի շատ է արժեզրկվել: Ինչպես երեւում է, կառավարությունը նորից է որոշել բյուջեի հիմքում դոլարի փոխարժեք դնել: «Պետբյուջե-2008»-ը մոտենում է 2,5 միլիարդ դոլարանոց չափին, իսկ քանի որ դոլարի փոխարժեքն առայժմ անկման վեկտոր ունի, նոյեմբերի կեսերին՝ բյուջեի հաստատման օրերին, կարող է բավական գերազանցել այս թիվը»,- ասել է Վ.Խաչատրյանը: Այս տարի առաջին անգամ եկամուտների մեջ հաշվարկված են նաեւ պարտադիր սոցապահովագրության վճարները՝ մոտ 104 մլրդ դրամ (շուրջ 300 միլիոն դոլար):