ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե, անկախ ամեն ինչից, ինքն առաջադրվելու է 2008թ. նախագահական ընտրություններում: «Մեր կուսակցությունը համաձայնություն է տվել, եւ ես դնելու եմ իմ թեկնածությունը: Ով է դնելու, ով չի դնելու` դա առանձին հարց է»,- մասնավորապես նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններում առաջադրվելու հանգամանքը` ասել է Վ. Մանուկյանը: «Մրցակցությունը լա՞վ կլինի, թե՞ վատ` հիմա դրա մասին չեմ ուզում խոսել: Բազմաթիվ գործեր կան անելու: Ինչ վերաբերում է նրա (խոսքը Լ. Տեր-Պետրոսյանի մասին է.- խմբ.) դնել-չդնելուն, ապա նա, բացի սովորական թեկնածու լինելուց, նաեւ առաջին նախագահ է եղել, եւ իր օրոք Հայաստանն ինչ-որ վիճակում է եղել: Դա առանձին խոսակցություն է եղել, որ հիմա չեմ ուզենա խոսել»,- հավելել է Վ. Մանուկյանը` բացառելով, թե ընտրությունների որեւէ փուլում կարող է սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսպիսով, Վազգեն Մանուկյանը շտապեց առաջինը «հաստատել» նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ուրբաթ օրն արած այն հայտարարությունը, թե, բացի Լեւոն-Տեր Պետրոսյանից, ընտրություններում առաջադրվելու են եւս մի քանի «ընդդիմադիր» թեկնածուներ: Առաջիկայում, թերեւս, պետք է սպասել Արտաշես Գեղամյանի, Արամ Կարապետյանի, Արթուր Բաղդասարյանի եւ այլ «ընդդիմադիրների» նույնաբովանդակ հայտարարություններին: Հուսով ենք, պետպատվերի շրջանակներում դրանց մասին կտեղեկացնեն բոլոր «ազատ եւ պատասխանատու» հեռուստաընկերությունները: