Լուրջ մարտահրավեռ գործող իշխանությանը

01/11/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ուրբաթ օրը Երեւանի Ազատության հրապարակում կայացած ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքին անդրադարձել են միջազգային հեղինակավոր բազմաթիվ լրատվամիջոցներ:

Հիշեցնենք, որ հիշատակված հանրահավաքի ընթացքում մոտ 1,5 ժամանոց ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ելույթի վերջում հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին: Հանրահավաքին անդրադարձած բոլոր գործակալությունները մեջբերումներ են արել առաջին նախագահի ելույթից, նշել, որ նա խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանությանը: Բնականաբար, Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին առավել ուշադիր հետեւում են հարեւան Ադրբեջանում, սակայն հավանական շահարկումներից խուսափելու համար միայն նշենք, որ ադրբեջանցի քաղաքագետները, մեղմ ասած, խանդավառված չեն Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձով եւ հիշեցնում են, որ հենց նրա իշխանության տարիներին «հայերն օկուպացրեցին Ադրբեջանի տարածքի 20%-ը, մեկ միլիոն ադրբեջանցի մնաց անօթեւան», եւ այլն: Ռուսական մամուլը եւս անդրադարձել է վերոնշյալ հանրահավաքին եւ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարություններին: Վերլուծականներում նշվում է, որ Հայաստանում «գունավոր հեղափոխության» լուրջ հայտ է ներկայացվել: Որոշ վերլուծաբաններ, սակայն, չեն կիսում այն կարծիքը, թե Տեր-Պետրոսյանը «պրոամերիկյան գործիչ է», եւ նրա` իշխանության գալով, Հայաստանում կթուլանան Ռուսաստանի դիրքերը: Այս տեսակետը պնդողները փաստում են, որ հենց նրա իշխանության տարիներին է կնքվել հայ-ռուսական բարեկամության «Մեծ պայմանագիրը», իսկ այդ տարիներին Ռուսաստանը Հայաստանի հետ ոչ մի լուրջ խնդիր չի ունեցել: «Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին դեմ չի գնա, սակայն թույլ չի տա, որ Հայաստանին վերաբերող հարցերը որոշվեն Մոսկվայում»,- նշում են նրանք: «Associated Press»-ը՝ տեղեկացնելով, որ ՀՀ առաջին նախագահն ուրբաթ օրը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, հավելում է. «Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահ է ընտրվել 1991-ին, վերընտրվել է 1996-ին, իսկ 1998-ի փետրվարին իշխանության մի հատվածի ճնշման արդյունքում հրաժարական է տվել: Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ ընտրվելու իրավունք չունի, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթելու շանս ունի, եթե նա առաջադրվի, ինչը շատ հավանական է»: «France Presse»-ն էլ փաստում է, որ 10 տարի առաջ պարտադրված հրաժարական տված ՀՀ առաջին նախագահը վերջին շաբաթներին այցելում է ՀՀ մարզեր, հանդիպում քաղաքական ուժերի հետ: «Վերլուծաբանները նշում են, որ Քոչարյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի հաղթելու հնարավորությունը շատ լուրջ է ընդունում: Չորեքշաբթի օրը Ոստիկանությունը ձերբակալել է առաջին նախագահի բազմաթիվ կողմնակից-ակտիվիստների՝ ներառյալ երկու թերթերի գլխավոր խմբագիրների, ովքեր մարդկանց տեղեկացնում էին ուրբաթ օրը սպասվելիք հանրահավաքի մասին,- հաղորդում է «France Presse»-ն ու հավելում,- ակադեմիկոս եւ պատմաբան Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը ղեկավարել է 1991-ից մինչեւ 1998 թվականը, երբ իր կաբինետի առանցքային անդամների, այդ թվում եւ՝ այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ճնշման տակ հրաժարական տվեց»: Ներկայացնելով վերլուծաբանների կարծիքը՝ գործակալությունը նշում է, որ նախագահի պաշտոնում նրա ընտրվելը կանխելու համար ՀՀ գործող իշխանությունները «հիշեցնելու են» քաղաքացիներին Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների տնտեսական դժվարությունները: Ըստ գործակալության, վերլուծաբանները գտնում են, որ ընդդիմությունը կմիավորվի առաջին նախագահի թեկնածության շուրջ: «Բազմաթիվ ընդդիմադիր առաջնորդներ արդեն ողջունել են առաջին նախագահի վերադարձը քաղաքականություն: Մինչ նրա հայտնվելը հաղթելու հնարավորություն ունեցող ոչ մի հզոր ֆիգուր ընդդիմադիր դաշտում չկար, այժմ Տեր-Պետրոսյանը կարող է լինել նման ֆիգուր եւ ունի հաղթելու հնարավորություն»,- վերլուծաբանների կարծիքն է փոխանցում գործակալությունը: Ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքին անդրադարձել է նաեւ ամերիկյան «HULIQ» հանդեսը: Փաստելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պայքարելու է երրորդ անգամ երկրի ղեկավար դառնալու համար՝ «HULIQ»-ը նկատում է, որ փորձագետները համոզված են, թե Տեր-Պետրոսյանը նման քայլ չէր անի, եթե վստահ չլիներ, որ հաղթելու է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Շատ հավանական համարելով, որ Տեր-Պետրոսյանը կլինի փետրվարին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության առանցքային թեկնածուն, «HULIQ»-ը նաեւ գրում է. «Այնուամենայնիվ, նրան աջակցելը դեռեւս համատարած բնույթ չի կրում, քանզի հայաստանցիներից շատերն իրենց այսօրվա սոցիալական վիճակի համար մեղադրում են Լ. Տեր-Պետրոսյանին եւ գտնում են, որ այս ամենի հիմքը նրա կառավարման տարիներին է դրվել: Իսկ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փաստում են, որ նրա կառավարման տարիներին Հայաստանն անկախացել է, եւ հայկական կողմը հաղթել է Ադրբեջանի հետ պարտադրված պատերազմում»: Միաժամանակ փաստվում է նաեւ, որ ՀՀ առաջին նախագահի թեկնածությունը սատարելու մասին արդեն իսկ հայտարարել են ՀՀ բազմաթիվ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ: Ուրբաթ օրը կայացած հանրահավաքին անդրադարձել են նաեւ իրանական «AFP»-ն եւ «Tehran Times»-ը: «Լեւոն Տեր-Պետրոսյանն ուրբաթ օրը Երեւանում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ մասնակցելու է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Սա վերջին 10 տարում Հայաստանում իշխող ուժերին նետված ամենալուրջ մարտահրավերն է: Վերլուծաբանները նշում են, որ Տեր-Պետրոսյանն այսօր միակ հզոր եւ փորձված գործիչն է, ով կարող է լուրջ մարտահրավեր նետել գործող իշխանությանը»,- փաստում են վերոնշյալ պարբերականները: