Ընտրական հարկեր

01/11/2007

Արդեն սովորույթ է դարձել հետեւել Հարկային պետական ծառայության կողմից եռամսյակը մեկ հրապարակվող 300 խոշոր հարկատուների ցանկին:

Ցանկը հատկապես հետաքրքիր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատության մեջ, երբ հստակ երեւում է, թե հարկատուն անցած մեկ տարվա ընթացքում ավելացրե՞լ, թե՞ պակասեցրել է վճարած հարկերի չափը: Հարկային այդ ցուցանիշները շատ ավելի հետաքրքիր են դառնում նաեւ այն դեպքում, երբ դիտարկվում են տնտեսության զարգացման համատեքստում, կոնկրետ ոլորտներում արձանագրված աճին զուգահեռ կամ էլ տնտեսության մեջ այդ ոլորտների վիճակից ելնելով: Ավելի ուշ պարզվեց, որ խոշոր հարկատուների ցանկում բավական հետաքրքիր փոփոխություններ են լինում նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ: Եվ այնպես է ստացվում, որ հարկ վճարելը կախված է ոչ այնքան տնտեսության զարգացումից, որքան՝ ընտրությունների կամ բարձրաստիճան այս կամ այն պաշտոնյայի հովանավորությունը ձեռք բերելու ու կորցնելուց: Այս բոլոր դիտարկումներով հանդերձ՝ 2007թ. խոշոր հարկատուների ցանկը բավականին կտրուկ փոփոխություններ է գրանցել՝ հարմարվելով մեր երկրում կատարվող վերոհիշյալ ներքաղաքական գործընթացներին: Եվ այսպես, այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակների հաշվետվությունը ցույց տվեց, որ բավականին մեծ թվով հարկատուներ պակասեցրել են վճարվող հարկերի չափը: Դրանք հիմնականում այն տնտեսվարող սուբյեկտներն են, որոնց սեփականատերերը պատգամավորի թեկնածու են, որեւէ կուսակցության անդամ են կամ էլ պարզապես ֆինանսավորում են ինչ-որ կուսակցության նախընտրական ծախսերը: Եվ տարին կես չեղած պարզ դարձավ, որ անցած 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քիչ հարկեր են վճարել պատգամավորներ Վերսանդիկ Հակոբյանի «Երեւանի շամպայն գինիների գործարանը», Արայիկ Գրիգորյանի «Ավշարի» օղու գործարանը, Աշոտ Արսենյանի «Ջերմուկ գրուպը» եւ այլ պատգամավորներին պատկանող ընկերությունները: Սակայն այդ ամբողջ ցանկում ավելի շատ նկատելի էր Հրանտ Վարդանյանին եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող ընկերությունների վճարած հարկերի չափը: Տարվա սկզբից մինչեւ հիմա այդ ընկերությունները գնալով պակասեցնում են հարկերը: Վարդանյանների ընտանիքին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակն» այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մոտ 180 մլն դրամ պակաս հարկ է վճարել: Նույն ընտանիքին պատկանող «Գրանդ տոբակո» ընկերությունը, եթե 2006թ. 9 ամիսների ընթացքում վճարել էր 3 մլրդ 288 մլն դոլար, ապա 2007թ. նույն ժամանակահատվածում՝ 2 մլրդ 592 մլն դրամ: «Մասիս տոբակոն» անցած տարվա 9 ամիսներին վճարել է 317 մլն դրամ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 265 մլն դրամ: Վարդանյանների միայն այս երեք ընկերություններն այս տարի մոտ 930 մլն դրամ կամ մոտ 3 մլն դոլար պակաս հարկ են վճարել: Այս տարի Հ.Վարդանյանի երկու որդիները դարձան ԱԺ պատգամավոր: Մեկը՝ Տավուշի մարզից` մեծամասնական ընտրակարգով, մյուսը՝ Դաշնակցության համամասնական ցուցակով: Երկու դեպքում էլ նախընտրական ծախսեր էին անհրաժեշտ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոսակցություն կար, թե պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ է ծախսել մոտ 1,5 մլն դոլար: Այնպես որ, Հ. Վարդանյանը երկու որդիների նախընտրական գործընթացների վրա ծախսած գումարն արդեն հանել է:

Հաջորդը Մ. Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտ» ընկերությունն է, որը եթե անցած տարվա 9 ամիսներին վճարել էր 270 մլն դրամ, ապա այս տարի՝ ընդամենը 67 մլն դրամ: Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում շինարարության ոլորտի աճը կազմել է 18,3 տոկոս: Այս թվերից կարելի է եզրակացնել, որ մեր կառուցապատողներն այս տարի ընդհանրապես ցեմենտ չեն օգտագործել, կամ օգտագործել են միայն «Արարատցեմենտի» արտադրանքը կամ էլ «Միկա ցեմենտն» է թաքցրել իր արտադրության ծավալներն ու հարկերը: Ավելի հավանական է երրորդ տարբերակը: Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը նույնպես պակասեցրել է հարկերը: Շինարարության նման, մեր երկրում յուրաքանչյուր տարի մոտ 20 տոկոսով աճում է նաեւ զբոսաշրջությունը, ավելանում են ավիափոխադրումները: Իսկ «Արմավիան» միակ հայկական ավիաընկերությունն է: Այնպես որ, ավիափոխադրումների ավելացմանը զուգահեռ՝ տրամաբանական կլիներ, որ ավելանային նաեւ այս ընկերության վճարած հարկերը: Բայց քանի որ մեր երկրում հարկերի վճարումը կախված է ոչ թե տնտեսության զարգացման ու շրջանառության ծավալների աճից, այլ վերը նշված ներքաղաքական իրադարձություններից, ուրեմն այս գործարարները պետք է ավելի քիչ հարկ վճարեն: