Մեր գործը չի

01/11/2007

«Այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն՝ փաստ է: Բնականաբար, ես չէ, եւ ԼՂՀ ժողովուրդը չէ, որ պետք է իր գնահատականը տա Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձի կամ ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ,- «Karabakh-Open»-ին ասել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը,- թեեւ, նկատի ունենալով մեր հարաբերությունների ընդհանրապես տնտեսական, քաղաքական, հոգեւոր, մշակութային ինտեգրացվածության, ներթափանցվածության աստիճանը, բնական է, որ ԼՂՀ-ում ոչ ոք չի կարող անտարբեր լինել այն քաղաքական զարգացումների նկատմամբ, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում»: Ըստ նրա՝ Լ.Տեր-Պետրոսյանն արել է արդեն այն, ինչ կարող էր անել իր ժողովրդի համար. «Արել է 1994-1998թթ.. դա ՀՀ անկախացման գործընթացի սկիզբն էր, անկախության փաստացի եւ իրավական ամրագրումը հանրաքվեով, դա ԼՂՀ պատերազմի փորձությունը հաջողությամբ հաղթահարելն էր, եւ, թերեւս, այստեղ ավելացնենք նաեւ առաջին Սահմանադրության ընդունումը 1995-ին: Ինչպիսին կլինի մասնավոր ընտրողի վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի անձի ու նրա քաղաքական ծրագրի հանդեպ՝ սա արդեն ՀՀ- 3,5 մլն բնակչության եւ 2 մլն-ից ավելի ընտրողների խնդիրն է»: