ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում պետբյուջեի քննարկումներից հետո անմիջապես հեռացավ` չպատասխանելով լրագրողների հարցերին: Փոխարենը՝ Հայաստանի առաջին եւ գործող նախագահների` ուրբաթ օրը հնչեցրած տեսակետների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:
– Համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի գնահատականին, թե ՀՀՇ-ն է պատասխանատու Հայաստանի տնտեսության փլուզման համար:
– Կա հարցի երկու կողմ` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործընթացները: Վստահ եմ, որ Հանրապետության նախագահի ձեւակերպումը վերաբերում էր հենց սուբյեկտիվ գործընթացներին:
– Բայց պարոն Քոչարյանը ՀՀՇ-ի պաշտոնավարության տարիներին եղել է ՀՀՇ-ի վերջին վարչապետը, ՀՀԿ-ն մինչեւ 1998 թվականը ՀՀՇ-ի հետ եղել է միեւնույն` «Հանրապետություն» բլոկում: Այսինքն` ՀՀԿ-ն է՞լ պետք է կիսի այդ պատասխանատվությունը:
– Շատ զարմանալի մի բան կա. երբ խոսքը վերաբերում է այն շրջանին, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի` 1999-ից սկսած, որեւէ մեկը կոալիցիայի մեջ եղած կուսակցություններին չի հիշում: ՀՀԿ-ն մինչեւ 1998 թվականն ընդամենը մի քանի պատգամավոր է ունեցել «Հանրապետություն» խմբակցությունում, բայց անմիջապես ՀՀԿ-ին են հիշում: Շատ հետաքրքիր տրամաբանություն է:
– Նախագահն էր հիշել, մենք էլ ՀՀԿ-ին ենք հիշել:
– Ուրախ եմ, որ ՀՀԿ-ին միշտ հիշում եք: Բայց, կարծում եմ` հաշվի առնելով ՀՀԿ մասնակցության չափը խորհրդարանական մեծամասնության մեջ, եւ առավել եւս` գործադիր իշխանության մեջ բացարձակապես ներկայացուցիչներ չունենալը, շատ հեշտ է հետեւություններ անելը:
– Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ով մոռացել է ՀՀՇ-ի իշխանության տարիները, իրենք կհիշեցնեն: Դուք էլ հիշեցնելու բաներ ունե՞ք ՀՀՇ-ին:
– Ես խորհուրդ կտամ մի բան. բոլոր քաղաքական, պետական գործիչների ասածների հետ կապված մեկնաբանությունները ստանալ այն անձանցից, ովքեր ասում են այս կամ այն միտքը: Որովհետեւ մեր լրագրողական աշխարհում տարօրինակ սովորություն կա. կարծես թե նյութի պակասի կամ չգիտեմ ինչի պատճառով անընդհատ մեկի հարցադրումների մեկնաբանությամբ դիմում են մեկ ուրիշին, մեկ ուրիշի հարցադրումների մեկնաբանությամբ` երրորդին, եւ այլն: Ավելի լավ է մարդկանց ուղղել կոնկրետ հարցեր, ոչ թե սոսկ մեկնաբանել, թե ով ինչ է ասում:
– Ձեզ համար ուրբաթ օրվա ընդդիմության բազմաքանակ հանրահավաքն անսպասելի՞ էր:
– Ես կարծում եմ` շատ քայլեր էին արված, որ շատ ժողովուրդ հավաքվի: Եվ, չեմ կարծում, որ սպասելիքները հաստատվեցին:
– Գունավոր հեղափոխություն տեղի կունենա՞ Հայաստանում:
– Գունավոր հեղափոխություններ, կարծում եմ, Հայաստանում տեղի չեն ունենա, որովհետեւ մեր ժողովուրդը տեսնում է, որ գունավոր հեղափոխություններից ոչ մի լավ բան չի ծնվում:
– ՀՀԿ ներկայացուցիչները շարունակ խուսափում էին ընտրությունների ժամանակ որդեգրելիք մարտավարության մասին խոսելուց` սպասելով Լեւոն Տեր-Պետրոսյանի` առաջադրման-չառաջադրման մասին հայտարարությանը: Արդեն նա հայտարարել է իր մտադրության մասին: ՀՀԿ-ն իր հետագա մարտավարական քայլերն արդեն հստակեցրե՞լ է:
– Իհարկե հստակեցրել ենք, եւ նոյեմբերի 10-ին կներկայացվեն դրանք:
– Լո՞ւրջ փոփոխություններ են լինելու:
– Բացարձակապես ոչ: Կարծում եմ, անիմաստ կլինի, եթե նախագահական ընտրություններին մասնակցող ամենաազդեցիկ քաղաքական ուժն այս կամ այն թեկնածուի մասնակցության կամ չմասնակցության հետ կապված իր մոտեցումներում փոփոխություններ անի:
– Սերժ Սարգսյանի հետ զրուցե՞լ եք իր ամերիկյան այցի մասին: Ինչպե՞ս էր նա գնահատում այն:
– Այո, խոսել ենք: Ս. Սարգսյանը շատ բարձր էր գնահատում իր այցը: Կարծում եմ` առիթ կունենաք եւ մանրամասն տեղեկություններ կստանաք վարչապետից: Շատ լավ եւ շատ արդյունավետ այց էր:
– Ձեր թեկնածուի հիմնական մրցակիցը Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն եք համարում:
– Կարծում եմ` մրցակիցներին դասակարգում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ հասարակությունը` իր տված ձայներով:
– Նաեւ քաղաքական գործիչները:
– Այո, բայց ավելի լավ է հասարակությունից չվերցնել իր մենաշնորհը: Ես կարծում եմ` դա հասարակության մենաշնորհն է, այնուամենայնիվ:
Հ.Գ. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 29-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Պատվիրակության կազմում են Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ Միքայել Մանուկյանն ու Վարդան Խաչատրյանը: