Հատուկ ռեժիմ` դեսպանատներում

01/11/2007

«Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` Բաքվում ԱՄՆ դեսպանատունը երեկ աշխատել է հատուկ ռեժիմով: «Day.az»-ի փոխանցմամբ էլ` «վստահելի աղբյուրները հայտնել են, որ դեսպանատունը տեղեկություն է ստացել ահաբեկչական հարձակման հնարավորության մասին»: Կիրակի օրն ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի մայրաքաղաքում անվտանգության թեման: Բաքվում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայության ղեկավարը հաստատել է դեսպանատան գործունեության որոշակի սահմանափակման փաստը` ասելով, թե երեկ դադարեցվել է հյուպատոսական բաժնի աշխատանքը, այցելուների ընդունումն ու վիզաների տրամադրումը, սակայն դեսպանատունը շարունակում է գործել: Ըստ ադրբեջանական աղբյուրների` արտակարգ ռեժիմով է աշխատում նաեւ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, սակայն նրանց կողմից այդ կապակցությամբ պաշտոնական հաստատում դեռ չի եղել: Բացի այդ, հաղորդվում է, որ Բաքվում փակ է «British Petroleum» նավթարդյունաբերող ընկերության գրասենյակը: Ծառայողներին հասցեագրած հատուկ նամակում «BP-Azerbaijan»-ը պաշտոնապես ծանուցել է, որ «ընկերությունն ադրբեջանական պետական անվտանգության ծառայությունների հետ մշտական կապի մեջ է», ձեռնարկվում են «աշխատակիցների անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները»: Բաքվի ԶԼՄ-ները նշում են, որ վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանում բավական ակտիվացել են վահաբականները՝ մահմեդական մոլեռանդներ, ովքեր հաճախ են համալրում աշխարհի տարբեր երկրներում գործող մահմեդական ահաբեկչական խմբավորումների շարքերը: Մասնավորապես, օրերս Մաշթաղա գյուղում անվտանգության ծառայություններն իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում սպանվել է վահաբականների շարժման 1 անդամ: