Լսող վագրը

01/11/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Ցրտի ու մթի տարիներ» արտահայտությունը, երեւում է, առաջիկայում շատ ենք լսելու։ Բայց որ այդ մասին սկսելու են խոսել նաեւ արտասահմանցիները, որոնք այդ տարիներին ամենեւին էլ չէին մրսում եւ նավթի լամպի տակ չէին անցկացնում երեկոները, սա արդեն նորություն էր։

«Business Week» էլեկտրոնային լրատվամիջոցում մի քանի օր առաջ լույս է տեսել Հայաստանին վերաբերող մի նյութ՝ «Հայաստանը՝ որպես զարգացող երկրի մոդել» խոսուն վերնագրով։

Հեղինակը՝ ոմն Ադամ Քարդեյս, իր հոդվածը սկսել է մի նախադասությամբ, որ Հայաստանի ՀՆԱ-ն վերջին 10 տարիների ընթացքում ամեն տարի աճել է ավելի քան 10%-ով։ Դա այնքան էլ ճիշտ չէ. եթե անգամ ընդունենք, որ 2001-ին արձանագրված 9.6%-անոց աճը համարյա երկնիշ է, եւ դրան ավելացնենք նաեւ այս տարվա երկնիշ աճի հնարավորությունը, ապա կունենանք մաքսիմում 7 տարվա «վագրաձեւ» թռիչքներ։

Հայաստանի աննախադեպ աճը գնահատելու համար հեղինակը խորհուրդ է տալիս ընթերցողին՝ իրեն մի պահ պատկերացնել 1990-ականների սկզբի ձմռան պայմաններում ապրող հայաստանցու դերում։ «Հունվարի կեսն է, ջերմաստիճանը զրոյից ցածր է 5 աստիճանով, դուք եւ ձեր ընտանիքն ունեք օրական ընդամենը երկու ժամ էլեկտրաէներգիա»,- ընթերցողին «օգնում» է հեղինակը եւ ավելացնում, որ նման պայմաններից Հայաստանին հաջողվել է բարգավաճել եւ արժանանալ Համաշխարհային բանկի «Կովկասյան վագր» կոչմանը։

Նշվում է, որ տնտեսական աճը հիմնված է մեծ մասամբ շինարարության ոլորտի վրա, թեեւ մյուս կողմից կարծիք է հայտնվում, որ կոռուպցիայի մեծ ծավալները պայմանավորված են հենց շինարարության մեծ տեսակարար կշռով։

Խոսք է գնում նաեւ դրսից Հայաստան մտնող տրանսֆերտների մասին, այն առումով՝ որ հենց միայն դրանց առկայությունը թույլ չի տալիս Հայաստանը դիտարկել որպես մոդելային երկիր։ Սակայն այս ամենը չի խանգարում մեծ ոգեւորությամբ խոսել մեր տնտեսության մասին։ «Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը բնական ռեսուրսներ չունի, աճը բավական տպավորիչ է»,- Եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկի տնտեսագետ Հայկե Հարմգարթի խոսքերն է մեջբերել լրագրողը։

Իր կարծիքն է արտահայտել նաեւ Համաշխարհային բանկի տնտեսագետ Արիստոմենե Վարուդակիսը՝ տնտեսական աճի հարցում կարեւորելով մակրոտնտեսական կայունության դերը եւ մասնավորապես՝ ցածր գնաճը։ Այն, որ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամն ու այլ միջազգային կազմակերպություններ մեզանով հիացած են, գաղտնիք չէ։ Գաղտնիք կարող է թվալ միայն այն, թե ինչպես են մերոնք կարողացել այս կառույցներին ստիպել՝ հավատալ մեր վիճակագրությանը։ Ասենք, օրինակ, ԱՄՀ-ն հավատում է գնաճի ցուցանիշներին եւ հաջորդ տարվա համար կանխատեսում է 4% գնաճ։ Հետաքրքիր է, ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներից ոչ ոք Հայաստանում խանութ չի՞ գնում։ Եթե գնում է, չի՞ տեսել արդյոք, որ կարագն օգոստոսից մինչեւ սեպտեմբեր թանկացել է միջինը 80%-ով։ Իսկ հետո չի՞ համեմատել Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ, որոնց համաձայն, օգոստոսի համեմատ կարագը թանկացել է 14.5%-ով («Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականի հունվար-սեպտեմբերին, ԱՎԾ»)։

Սա ընդամենը մեկ օրինակ է։ Ցանկը կարելի է շարունակել, ընդ որում, ոչ միայն գնաճի ցուցանիշներով, բայց անիմաստ է։ Փաստն այն է, որ միջազգային կառույցները իշխանություններից ոչ պակաս գովերգում են մեր վագրաձեւ աճն ու կրծքով պաշտպանում Կենտրոնական բանկին եւ մյուս կառույցներին, երբ խոսք է գնում դրամի արժեւորման եւ այլ երեւույթների մասին։

Ինչո՞ւ։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում կարծիք էինք հայտնել, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ համաձայնեցվում է նրանց հետ։ Քննադատել ՀՀ իշխանություններին այս կամ այն քայլերի համար, կնշանակի, որ միջազգային ֆինանսական կառույցները քննադատում են իրենք իրենց եւ խոստովանում իրենց սխալներն ու ձախողումները։

Այս ենթադրությունը հաստատվում է հենց վերը նշված հոդվածում, Հարմգարթի խոսքերով։ Նա ասել է բառացիորեն հետեւյալը. «Հայաստանի կառավարությունը միշտ շատ լավ լսել է ինստիտուտներին, ինչը շատ դրական է։ Կառավարությունը միշտ եղել է լայնամիտ»։ Ի դեպ, «լայնամիտ» բառն անգլերեն բնագրում «open-minded» էր, որն ունի երկու իմաստ՝ 1. լայնամիտ, լայն մտահորիզոն ունեցող, եւ

2. անկանխակալ, արդարացի։ Երկրորդ իմաստն օգտագործելը, ռուսերեն ասած, «տպՐպոՏՐ» կլիներ։ Մեր կարծիքով, այստեղ ամենահարմար հոմանիշը «լսող» բառն է («տՏրսցՔվօռ»)։

Լսում ենք եւ ընդունում, որ, օրինակ, պետք չէ ուշադրություն դարձնել արդյունաբերության ոլորտի կործանման վրա, եւ, որ չարչի երկրի վերածվելն այնքան էլ վատ բան չէ։ Այնպես որ, թերեւս ավելի ճիշտ կլիներ «Business Week»-ի հոդվածը վերնագրել՝ «Հայաստանը՝ որպես լսող երկրի մոդել»։