Հայաստանում շատ են գերշահույթով աշխատող ոլորտները, ու նրանք մասամբ հաջողակ են համարվում եկամուտները թաքցնելու կամ ստվերային շրջանառության հաշվին:
Այս շարքում բացառություն են ջերմատները, որոնք գերշահույթ են ստանում հենց օրենքի շրջանակներում: Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքով զբաղվողները, բացի հողի հարկից, չեն հարկվում որեւէ հարկատեսակով, ուստի եւ այստեղ ստացած եկամուտների ուղիղ 50 տոկոսը շահույթ է համարվում: «Գրինհաուզ ասոցիացիա» հ/կ նախագահ Պողոս Գեւորգյանը չի թաքցնում, որ ջերմոցային տնտեսություն ունեցողները գերշահույթ են ստանում, եւ մանրամասնում է, որ 1քմ տարածքից ջերմոցներն ունենում են 9000 դրամ եկամուտ, որի 50 տոկոսը մաքուր շահույթ է համարվում: Եթե 1քմ տարածքից բաց դաշտում ստանում են 8 կգ բերք, ապա ջերմոցում բերքատվությունը հասնում է 18 կգ-ի: 2003թ.-ին առկա էր մոտ 39 հա ջերմոցային տնտեսություն, իսկ հիմա այդ տնտեսությունը մոտ 80 հա-ի է հասել: Վերջին տարիներին շատերն են սկսել լրջորեն զբաղվել այս գործով: Պետական բյուջեն այս ոլորտից կարող է ակնկալիքներ ունենալ միայն 2009թ. հետո, երբ գյուղատնտեսության ոլորտը նույնպես կմտնի հարկային դաշտ: Այստեղ պետությունը որոշակի արտոնությունների է գնացել. հարկման ենթակա են լինելու այն միավորները, որոնց շրջանառությունը կգերազանցի 8 մլն դրամը: Սակայն մինչ 2009թ. ջերմոցային առեւտրի մեջ ներգրավվածները կշարունակեն հարստանալ զուտ գյուղացիական տնտեսությունների հաշվին (քանի որ արտահանում չեն իրականացնում)` անհասկանալի բարձր գներով գյուղացիների վրա վաճառելով լոլիկի կամ վարունգի մեկ սածիլը: Պարզ լինելու համար նշենք, որ գյուղացին մեկ սածիլը գնում է 3-7 դրամով, որը
եթե դիմակայի տարերային աղետներին, ապա աշնանը գյուղացուն կարող է տալ 3 կգ բերք, որի 1 կգ-ի համար մթերող կազմակերպությունները վճարում են 20 դրամ: Ինչպե՞ս է ձեւավորվում սերմերի շուկայում մրցակցությունը. այս հարցի առնչությամբ տարբեր մեկնաբանություններ հնչեցին. «Սերմերի շուկան սարսափելի վիճակում է, եւ այստեղ ընդհանրապես մրցակցություն չկա: Շուկայում համատարած նույն գինն է, այդպես է նաեւ սածիլների պարագայում: Եթե գինը որոշվեց, ավելի էժան ուրիշ տեղ չես գտնի: Մեր ասոցիացիան Հոլանդիայից սերմ էր ներկրում: Տեղում վարունգի 1կգ սերմն արժե 200 հազար դոլար, մեկ սերմի գինը մոտ 260 դրամ է կազմում: Հայաստան հասցնելը, բնականաբար, ավելի է թանկացնում գինը: Մի օր էլ ինձ ասացին, որ Հայաստանում նույն սերմը վաճառվում է 50-60 դրամով: Իմ կարծիքով՝ դրանք երկրորդ վերարտադրության սերմեր են, որոնք չունեն համապատասխան որակական հատկանիշներ եւ համապատասխան բերքատվության ցուցանիշ չեն ապահովում»,- պատմում է Պողոս Գեւորգյանը: Երկրորդ-երրորդ վերարտադրության սերմեր կամ սածիլներ վաճառողներն իրենց ապրանքն իրացնում են «առաջին ձեռի» գներով, եւ միայն հետո է գյուղացին գլխի ընկնում, որ այդ տարի եռակի անգամ քիչ բերք է ստանալու: Իսկ ահա ՀՀ Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը վստահեցնում է, որ լիովին վերահսկողության տակ է սերմերի ներմուծման դաշտը: «Սերմ ներմուծելու համար նախ պետք է գրանցվեն նախարարությունում, եւ ներկրված սերմերը պարտադիր համապատասխան ուսումնասիրություն պետք է անցնեն: Մեր երկիր տրանսգեն սորտերի սերմեր չեն ներկրվում, մեր սերմերը բերվում են եվրոպական երկրներից: Պարզ է, որ հիբրիդային սորտերից գյուղացիները չեն կարող սերմեր ստանալ, եւ սա է աշխարհում սերմերի բիզնեսի տրամաբանությունը»,- ասում է Գ. Պետրոսյանը: Այս բիզնեսի դաշտում երկար տարիների փորձ ունեցող մեր զրուցակիցը կասկածի տակ է առնում պետական պաշտոնյայի փաստարկները: «Հայաստան տրանսգեն սորտերի սերմեր հիմնականում ներկրվում են ԱՄՆ-ից, եւ Հայաստանում նման լաբորատորիա չկա, որը կարողանա որոշել տվյալ սորտի տրանսգեն ծագումը: Այս լաբորատորիաներն ավելի թանկ արժեն, քան մարդու առողջությունը»,- ասում է «Գրինհաուզ ասոցիացիայի» տնօրենը: Ջերմոցային տնտեսությունները թեպետ ձմռան սեզոնին ապահովում են բնակչության պահանջի միայն 40-45 տոկոսը, սակայն մի քանի անգամ նամակներով դիմել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանն ու անգամ ՀՀ նախագահին` արգելելու Թուրքիայից բանջարեղենի ներկրումը: Այդ դիմումներից հետո մի քանի անգամ ընդառաջել են տեղի արտադրողներին: Դրա հետեւանքը եղավ այն, որ տեղական շուկայում ձմռանը 1կգ լոլիկի գինը 1000-1200 դրամից չնվազեց: Թուրքական լոլիկը մեր շուկայում կտրուկ գցում է ապրանքի գինը, եւ անհիմն են մեր արտադրողների այն պնդումները, թե թուրքական սորտերը տրանսգեն ծագման են, քանի որ երկու երկրներն էլ սերմերը ներկրում են միեւնույն աղբյուրից: Հայաստանը ջերմոցային տնտեսությունները զարգացնելու զգալի պոտենցիալ ունի: Այս բիզնեսը խիստ ձեռնտու է կազմակերպել բարձր լեռնային շրջաններում, որտեղ նույնիսկ ձմռանն արեւոտ օրեր են լինում: Պողոս Գեւորգյանը կարծում է, որ շուկայի պահանջարկի ապահովման դեպքում միայն կարելի է խոսել գների անկման մասին: Այս բիզնեսը երկրի համար խիստ բարենպաստ է համարվում, երբ գործ ունես արտահանումների հետ: Պարզվում է` ռուսական շուկան ծաղկի անսահմանափակ պահանջարկ ունի, եւ տեղական շուկան չունի նման ծավալների արտադրություն: Ծաղկի բիզնեսն արդարացված է համարվում նաեւ փակ ճանապարհների պարագայում, այստեղ օգտվում են բացառապես օդային փոխադրամիջոցներից: Նոր ջերմատների կառուցման համար զգալի ներդրումներ են անհրաժեշտ` 1քմ-ի համար պահանջվում է մոտ 80 դոլարի ներդրում: Իսկ տեղական բանկերի համար ջերմատների վարկավորումը ռիսկային է համարվում: Ջերմատունը որպես ժամանակավոր կառույց՝ գրավի դիմաց չի ընդունվում: Բանկերը երաշխիքային են համարում միայն մայրաքաղաքում ամուր հողի վրա կառուցված շինությունները: