Անդրադառնալով Մոսկվայում օրերս տեղի ունեցած հայազգի երիտասարդի հերթական սպանությանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը երեկ ասել է, թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանին, որի անուն-ազգանունն «Արմեն Սմբատյան է»` պետք է փոխել: «Նա ավելի շուտ, ինձ թվում է, իր հարաբերություններն է ավելի քան խորացնում, ասենք, չգիտես ինչի՝ հայերն ուրախանում են, ասենք՝ Լուժկովն է եկել կամ Կոբզոնը: Դվինն են առել, չգիտեմ ինչ: Ինչի՞ վրա են ուրախանում: Լուժկովը կամ Կոբզոնը քեզ ի՞նչ, ուրիշ երկրի ուրիշ քաղաքացիներ են: Հայերի մոտ կա այս տեսակի մի ազիատիկ քծնողական վերաբերմունք որոշ ռուսական խազեինների նկատմամբ, եւ դա մեր ժողովրդին լավ կողմից չի ցուցադրում: Ես կարծում եմ, այնպիսի մարդը, ինչպիսին ես գիտեմ, որ Արմեն Սմբատյանն է, եթե դու դրել ես դրան ՌԴ-ում դեսպան, ավելին չէր էլ կարելի սպասել: Նա սովորական կոնֆորմիստ է, նա իր հարցերն է լուծում: Նա, կարծեմ, աշխատել է Երեւանի կոնսերվատորիայում, հիմա շատ շնորհքով ուտում է Կոնսերվատորիայի փողերը»,- ասել է Ռ. Հախվերդյանը: Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, երգահանը նշել է, թե ինքը հավասարապես սխալներ ու բացթողումներ է տեսնում թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանության տարիներին, ասելով, որ Քոչարյանն էլ, Տեր-Պետրոսյանն էլ արել են, ունեն լավ բաներ, բայց դրա հետ միաժամանակ Տեր-Պետրոսյանը դրել է մի արատավոր համակարգի հիմք, որի կեղտն էլ ջրի երես է դուրս եկել Քոչարյանի կառավարման ժամանակ: «Իմ տղան, ասենք, բանակում է ծառայում: Իմ տղան գնալու է կռվի հայրենիքի՞ համար, թե՞ այն կալվածատերերի, որոնք այս հողերը զավթել են: Հայ կալվածատերերի մասին է խոսքը, այսինքն՝ մեր թուրքի մասին է խոսքը, որոնք անօրինական ձեւով փող վաստակեցին, այդ փողը դրեցին, հողեր առան, ու հիմա ամեն մեկը մի շենք է զավթել, ունեն իրենց գազանանոցները, չգիտեմ ինչերը, ջիպերն ունեն իրենց, այդ ամեն ինչն ունեն: Իմ երեխան գնալու է դրա՞նց համար կռվի: Եթե վաղը պատերազմ լինի, իմ երեխուն ինչ-որ ձեւով հետ կբերեմ բանակից ու կասեմ՝ դու պատերազմ չես գնալու սրանց կալվածքները պաշտպանելու համար, որովհետեւ սա հայրենիք չի, սա ֆեոդալական երկիր է»,- ասել է Ռ. Հախվերդյանը` հիշեցնելով Համո Սահյանի խոսքը. «Նա ասում էր՝ հայրենիքը մերն է, իսկ երկիրը՝ նրանցը, երբ որ պատերազմ է լինում, ասում է՝ հայրենիքը կանչում է` ելեք»: Իսկ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը խոսելով Մոսկվայում օրերս տեղի ունեցած հայազգի երիտասարդի հերթական սպանության մասին, երեկ ասել է, որ Մոսկվայի պես մեծ խառնարանի համար այդ սպանությունները դարձել են օրինաչափ երեւույթ. «Կարծում եմ՝ պետք է անպայման դեսպանատունը վերանայի իր պասիվ, կրավորական վերաբերմունքը եւ շատ ավելի ակտիվ միջամուխ լինի, որովհետեւ իր թիվ մեկ գործառույթը մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, տվյալ դեպքում` ՌԴ-ում»: Այդ հարցին անդրադառնալով` Ռ. Հախվերդյանն ասել է, որ ռուսական շովինիզմը նորություն չէ, առավել եւս՝ հիմա, երբ Պուտինը փորձում է բարձրացնել ազգային ոգին եւ դրա համար կիրառում է քարոզչական հնարքներ, որ պետք է չխմեն, որ պետք է շատ երեխա ունենան, որ չձուլվեն: «Ես, գիտեք, մի կողմից ծափահարում եմ վրացիներին, ՌԴ-ի հանդեպ նրանց հպարտ վերաբերմունքի համար: Թքած ունենալու նրանց այդ վերաբերմունքն ինձ ավելի է դուր գալիս, քան հայերի քծնանքը այդ դեսպանատան նկատմամբ (նկատի ունի Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը.- խմբ.), որ ավելի շուտ ֆալոսի կուլտ է ինձ հիշեցնում»,- ասել է Ռ. Հախվերդյանը: