«Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն եղել է բրիտանական MI6 հատուկ ծառայության գործակալը»,- հաղորդել է բրիտանական «The Daily Mail» պարբերականը:
Վկայակոչելով հետախուզական ու դիվանագիտական ծառայությունների իր աղբյուրները` թերթը գրել է, որ Լիտվինենկոն բրիտանական անվտանգության ծառայություններից 2000 ֆունտ ստեռլինգ ամսական պարգեւավճար է ստացել: Լիտվինենկոյի հավաքագրմամբ զբաղվել է MI6-ի ղեկավար Ջոն Սկարլետը: Հենց նրա նախաձեռնությամբ է Լիտվինենկոն տեղափոխվել Մեծ Բրիտանիա, ապա քաղաքական ապաստան խնդրել ընտանիքի եւ իր համար: Գործակալի սպանության գործով հիմնական կասկածյալ Անդրեյ Լուգովոյը հայտարարել էր, որ իրենց հանդիպման ժամանակ Լիտվինենկոն փորձել է իրեն համոզել՝ նույնպես միանալ այդ ծառայությանը: Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Լիտվինենկոյի մասին ֆիլմի նկարահանումը վստահել են ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մանին, ով հայտնի է «Վերջին Մոհիկանը», «Մեղսակիցը» եւ այլ ֆիլմերով: Այս մասին տեղեկություն է տարածել Լիտվինենկոյի հիմնադրամը, որը հիմնվել է Բորիս Բերեզովսկու նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ: Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է «Columbia Pictures» ստուդիան: Սցենարի հիմքում «Դիսիդենտի մահը» գրքի սյուժեն է, որը հեղինակել են Լիտվինենկոյի այրին` Մարինա Լիտվինենկոն, եւ ընկերը` Ալեքս Գոլդֆարբը: Ենթադրվում է, որ գրքի էկրանավորման իրավունքի համար ռեժիսորը եւ ստուդիան Լիտվինենկոյի ֆոնդին վճարել են 1,5 միլիոն դոլար: Ի դեպ, Լիտվինենկոյի կինն արդեն հայտարարել է, թե չի հավատում, որ իր ամուսինը Բրիտանական հետախուզության գաղտնի գործակալ է եղել, քանի որ Լիտվինենկոն, նրա խոսքով, ՌԴ-ում երբեք գաղտնի տեղեկատվության հետ գործ չի ունեցել, մասնագիտացել է կազմակերպված հանցագործության հարցերում, իսկ վերջին տարիներին բնակվել է Լոնդոնում: Նույն բանն է ասել նաեւ Լիտվինենկոյի ընկեր Ալեքս Գոլդֆարբը՝ հիշեցնելով, որ վերջին տասը տարիներին՝ սկսած 1997 թվականից, Լիտվինենկոն չի աշխատել Ռուսաստանի գաղտնի ծառայություններում, հետեւաբար չէր կարող տիրապետել որեւէ գաղտնի տեղեկության:
2006թ. նոյեմբերի 1-ին Լոնդոնի կենտրոնում Լիտվինենկոն հանդիպել էր Անդրեյ Լուգովոյի հետ, ինչից կարճ ժամանակ անց Լիտվինենկոն ծանր թունավորումով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:
Մահից առաջ Լիտվինենկոն իր դեմ մահափորձ կազմակերպելու համար մեղադրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Լիտվինենկոյի մերձավորներին դա հիմք էր տվել հայտարարելու, թե «Լիտվինենկոյի դանդաղ ու սարսափելի մահը Կրեմլի նախազգուշացումն էր Ռուսաստանում գործող վարչակազմի բոլոր հակառակորդներին, որ ոչ մեկին չի հաջողվի թաքնվել»: Լոնդոնում ապաստան են գտել Պուտինի վարչակազմի եւս մի քանի հակառակորդներ, այդ թվում՝ Բորիս Բերեզովսկին ու Ահմեդ Զաքաեւը: Մոսկվան հերքում է Լիտվինենկոյի մահվանն առնչություն ունենալու մասին բոլոր մեղադրանքները:
Հետաքննությունը պարզել էր, որ նախկին սպայի մահվան պատճառ է դարձել պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութը, որը խառնել էին Լիտվինենկոյի թեյին Լուգովոյի հետ հանդիպման ժամանակ: Ռադիոակտիվ նյութի հետքերն այնուհետեւ գտել էին օդանավում, որով Լոնդոն էր ժամանել Լուգովոյը, ինչպես նաեւ՝ այն հյուրանոցում, որտեղ նա իջեւանել էր:
Երկարատեւ հետաքննությունից հետո Լոնդոնի Ոստիկանությունը եկել էր այն եզրակացության, որ բավականաչափ ապացույցներ ունի Լիտվինենկոյի դիտավորյալ սպանության համար Լուգովոյի դեմ մեղադրանք հարուցելու: Լուգովոյը հայտարարեց, որ անմեղ է, ու մտադիր չէ Լոնդոն վերադառնալ` դատարանի առջեւ կանգնելու համար: Լոնդոնը Մոսկվայից պաշտոնապես խնդրեց արտահանձնել Լուգովոյին, սակայն Կրեմլից մերժում ստացավ: Դրանից հետո ռուս-բրիտանական հարաբերությունները կտրուկ սրվեցին, ինչը համաշխարհային լրատվամիջոցներին նույնիսկ հիշեցրեց սառը պատերազմի ժամանակները: Մեծ Բրիտանիան արտաքսեց չորս ռուս դիվանագետների, ինչին Մոսկվան պատասխանեց նույն կերպ:
«Daily Mail»-ն իր վերջին հրապարակման մեջ, վկայակոչելով բրիտանական հետախուզական ծառայություններին, ահազանգում է, որ Մեծ Բրիտանիայում բնակվող Լիտվինենկոյի կնոջը եւ 12-ամյա որդուն իրական վտանգ է սպառնում: Մարինա Լիտվինենկոն նոր է վերադարձել Պորտուգալիայից, ուր մեկնել էր` հորդորելու եվրոպական երկրների առաջնորդներին՝ ճնշում գործադրել Մոսկվայի նկատմամբ՝ պահանջելով արտահանձնել Լուգովոյին: «Daily Mail»-ին տված հարցազրույցում Լուգովոյը խորհուրդ է տվել Լիտվինենկոյին սպանողների հետքերը փնտրել ոչ թե Մոսկվայում, այլ Լոնդոնում: Ընդ որում, նա այդ հանցագործության համար մեղադրում է բրիտանական հատուկ ծառայություններին: