Հռոմի երիտասարդ փառատոնը

01/11/2007

Հռոմի միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակի է արժանացել կանադական «Ջունո» ֆիլմը, որը պատմում է «մեծ» կյանքի հետ բախման մեջ մտած 16 տարեկանում հղիացած աղջկա մասին: «Հռոմի փառատոնն առաջին հերթին տոն է հանդիսատեսի համար, այլ ոչ թե՝ կինոքննադատների: Այստեղ լավ ֆիլմերը հանդիպում են լավ հանդիսատեսի հետ»,- ասել է Հռոմի քաղաքապետը: Փառատոնի ընթացքում ցուցադրվեց Շոն Պենի «Դեպի վայրի բնություն» ֆիլմը, որը մի պատմություն է ժամանակակից հիպիների մասին, որոնք պատրաստ են կուշտ կյանքից փախչել եւ իսկական արժեքները փնտրել բնության գրկում: Ֆիլմի երիտասարդ հերոսը` բուրժուական կյանքից փախչելով, այրելով ծնողների նվիրած թանկ ավտոմեքենան, հեռանում է քաղաքից, որպեսզի դիմակայում ու պայքար գտնի Ալյասկայի սառույցների մեջ: Իսկ հայտնի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Երիտասարդություն առանց երիտասարդության» ֆիլմը փիլիսոփայական պատում է երիտասարդ ստեղծագործողի, պատերազմի ու կյանքի իմաստի որոնումների մասին: «Ես արդեն 70 տարեկան եմ ու սկսում եմ հասկանալ, որ կյանքի գաղտնիքը կրկին երիտասարդ դառնալու մեջ է: Պետք է կարողանալ մոռանալ քո արածն ու նորից ամեն ինչ զրոյից սկսել: Երիտասարդներն ավելի անվախ են: Եվ ես կարծում եմ, որ արվեստում խիզախությունն ավելի նախընտրելի է, քան փորձառությունը: Ես որոշեցի կրկին սկսնակ դառնալ եւ ընդունել, որ ոչինչ չգիտեմ: Եվ ամեն ինչը սիրում եմ»,- ասել է նա: Հռոմի երիտասարդ, երկրորդ անգամ անցկացվող փառատոնը հենց երիտասարդների խնդիրներն ու երիտասարդների տեսակետն արտահայտող փառատոն է: