«Ով մոռացել է՝ կհիշեցնենք»

28/10/2007

Երեկ Սյունիքի մարզում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «նախկին իշխանությունների ակտիվացմանը»` ասել է, թե հենց Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարի իր առաջադրման մասին, այն ժամանակ իրենք «շատ բաներ» կհիշեցնեն նրան: Ռ. Քոչարյանի այս հայտարարությունից ժամեր անց Լ. Տեր-Պետրոսյանը երեկ կայացած հանրահավաքում հայտարարեց իր առաջադրման մասին:

«Իհարկե, իրավունք ունի առաջադրվելու, եւ այդտեղ մենք խնդիր չունենք: Դեռ չի առաջադրվել եւ չի հայտարարել առաջին նախագահը հստակ իր որոշման մասին, այդ պատճառով չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ: Առաջադրվելուց հետ, նաեւ մյուսների առաջադրվելուց հետո, իհարկե, կմտածենք մեր մարտավարության մասին այս նախընտրական արշավի ժամանակ: Պայքարից երբեք չենք խուսափել: Երբե՛ք: Այս անգամ եւս չենք խուսափելու, եւ, իհարկե, կպայքարենք լավ արդյունքի համար: Ի դեպ, առաջին նախագահը, համենայնդեպս այսօրվա ուսումնասիրություններով, ընդդիմության հիմնական թեկնածուն չէ, եւ կան առնվազն երկու-երեք ընդդիմադիր գործիչներ, որոնց վարկանիշն այսօր ավելի բարձր է: Դա էլ է կարեւոր, թե մենք ինչ մարտավարություն ենք որդեգրելու: Չեմ կարծում, թե ոչ հիմնական թեկնածուի վրա է լինելու բեւեռացված ուշադրությունը նախընտրական գործընթացներում: ՀՀՇ-ն իշխանությունը կորցնելուց հետո մասնակցել է խորհրդարանական բոլոր ընտրություններին. երկու անգամ՝ որպես ՀՀՇ, երրորդ անգամ` «Իմպիչմենտ» դաշինքի ձեւով, բայց ՀՀՇ-ի ամբողջ վերնախավը ներգրավված էր նախընտրական այդ պայքարի մեջ: Ես հիշում եմ, 1999թ. իրենք հավաքեցին մոտ 1%, մի քիչ ավելի` 1,1%, 2003թ.` 0,6% եւ 2007թ.` 1,3%: Սա է ՀՀՇ-ի կարողությունը, վարկանիշը: Եվ ենթադրել, որ ժողովուրդը մոռացել է իշխանության մեջ լինելու ՀՀՇ-ի ժամանակաշրջանը, կարծում եմ` միամտություն է: Ով մոռացել է` կհիշեցնենք, բայց փաստն այն է, որ շատ վատ ժառանգություն են նրանք թողել: Ակնհայտ է, որ ՀՀՇ-ն պատասխանատվություն է կրում ՀՀ տնտեսությունը քայքայելու համար: Երեւի տեսնում են, որ հիմա տնտեսությունը վերականգնվել է, վերականգնվում է, մտածում են, թե նոր թալանելու ինչ-որ հնարավորություններ են բացվում, եւ այդ առումով ախորժակները բացվել է: Ուրիշ բացատրություն ես ուղղակի չեմ տեսնում: Կարծում եմ` նաեւ դրա համար են այս պայքարի մեջ շատ ակտիվ առաջ քաշում առաջին նախագահին, ռեսուրսն ինչ-որ ձեւով ընդլայնելու մտադրություն ունեն: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը չի ցանկանա վերադառնալ 1995-96թթ.` բոլոր հետեւանքներով: Չի՛ ցանկանա: Լավ հիշողություն այդ տարիների մասին, կարծում եմ, շատ-շատերի մոտ չի մնացել»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս երեկ նաեւ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում 2008թ. նախագահական ընտրություններից հետո «ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել»: Իսկ թե կոնկրետ ի՞նչ է անելու` նա չի մանրամասնել. «Մեկ բան կարող եմ միանշանակ ասել. եւ՛ իմ կուտակած փորձը, եւ՛ գիտելիքներն, իհարկե, շարունակելու են ծառայել Հայրենիքին: Ի՞նչ ձեւով, ի՞նչ ժամանակացույցով, ի՞նչ տարբերակով` ցույց կտա ժամանակը եւ իրադարձությունների զարգացումները: Այսքանից հետո զուտ ձեռքերը լվանալ, մի կողմ քաշվել` չի լինի: Մասնակցության տարբեր ձեւեր են լինում, եւ պարտադիր չէ, որ դա նշանակի ինչ-որ մի աթոռից կառչած լինել»: