Արեւի տակ տեղերը սահմանափակ չեն

12/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ծաղրանկարը միայն ուրախ նկարը չէ: Ծաղրանկարը պետք է խելոք լինի ու մտածելու տեղ թողնի: Այն կարող է ստիպել բարձր ծիծաղել, մեղմ ժպիտ առաջացնել կամ նորովի հայացքով նայել շրջապատող իրականությանն ու մարդկանց: Ծաղրանկարիչը զբաղվում է հասարակության ախտորոշմամբ, հիմնականում ժամանակին ու հաշվարկված չափաբաժնով պատվաստումներ է անում հասարակության ինքնասիրահարվածության ու ինքնաբավարարման դեմ: Երգիծական նկարների կարիքը մեծ է լինում բյուրոկրատական ու տոտալիտար համաճարակային ժամանակաշրջաններում: «Կարիկատուրա» բառը իտալերենից թարգմանած` «չափազանց» է նշանակում: Սակայն չափազանցության ու այլաբանության ետեւում միշտ պետք է նշմարվեն իրականությունն ու մեր ժամանակակիցները:

Ծաղրանկարչական արվեստը վառ բռնկում ապրեց խորհրդային տարիներին, հետո ստվերի տակ անցավ, այժմ՝ նոր տաղանդավոր նկարիչների հայտնվելուն պես, նորից սկսեց իր տեղը փնտրել: Այդ ժանրի գործերը միշտ կենդանի շփում ու անմիջական ռեակցիա են ակնկալում՝ ծաղրանկար առանց դիտորդի լինել չի կարող: Հայաստանում գարնան բացվելու պես հայ ծաղրանկարիչներին ցուցահանդես բացելու միտքը հուշել է …խլուրդը: «Երեւանի կենտրոնում, ուր ամեն ինչ սեփականաշնորհվել ու ցեմենտ-բետոնվել է, նեղված հողը պզուկի նման ուռեց ու պայթեց: Առաջացած արանքից մի խլուրդ դուրս եկավ, նայեց արեւին ու ասաց՝ հայտարարում եմ խլուրդի տարի: Մենք՝ երգիծանկարիչներս, որոշեցինք ցուցահանդես անել «Տեղ արեւի տակ» խորագրով, քանի դեռ գարունը չեն հասցրել սեփականաշնորհել»,- ասաց Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը: Նկարիչների տանը ապրիլի 1-ին կբացվի հայ ծաղրանկարիչների աշխատանքներից կազմված ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսը պետք է հետաքրքրություն առաջացնի ծաղրանկարչական արվեստի նկատմամբ ու հասկանալի դարձնի, թե ինչով ենք հիվանդ։ Ախտորոշումը կանցկացնեն ուրույն ձեռագրի ու ճաշակի տեր մարդիկ՝ նկարիչներ Գեորգի Յարալյանը, Պավել Ջանգիրովը, Վլադիմիր Աբրոյանը, Հարություն Չալիկյանը, Ցոլակ Կանթեղը, Սուքիաս Թորոսյանը (ՏոՏո), Հարություն Սամուելյանը, Դավիթ Ղազանչյանը, Արա Օհանյանը (Արզօ), Ագնես Ավագյանն ու Արսեն Թորոսյանը: Ծաղրանկարիչը եւ՛ հարցերի, եւ՛ պատասխանների տերն է, անկախ նրանից, թե դրանք քաղաքական, հասարակական, թե խիստ անձնական են: Պատասխաններից առավել հետաքրքիր են հարցերը՝ ի՞նչն է այժմ կատակի առարկա դառնում, եւ ե՞րբ է երգիծանք օգտագործելու ամենահարմար ժամանակը: Գ.Յարալյանը, ով աշխատել է Ստալինի, Խրուշչովի, Բրեժնեւի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, համարում է, որ վերջին տարիներն ամենահետաքրքիրն են: «Միանշանակ ամենաբեղմնավոր շրջանը Ռոբերտ Քոչարյանի օրոք է»,- ասաց նա: Երգիծանկարիչները ողջ աշխարհում շատ բարձր են վարձատրվում: Ու թեեւ արեւմտյան ծաղրանկարը պակաս սուր ու փշոտ է, քան մերը՝ եւ՛ խորհրդայինը, եւ՛ հետխորհրդայինը, կիսաքնած վիճակից նրան արթնանալ է պետք, որպեսզի նա կարողանա դառնալ բանավեճերի, քննարկումների ու հիացմունքի խթան: Կար ժամանակ, երբ ծաղրանկարը զենք էր՝ նուրբ, հաշվարկված ու նպատակաուղված: Հիմա մենք չենք կռվում, իսկ ծաղրանկարներ հիմնականում նայում ենք տպագիր մամուլի էջերում` որպես հոդվածների իլյուստրացիա: Երեւակայության թռիչքը հարմարեցվում է հոդվածի նյութին ու պատվեր դառնում: Ծաղրանկարը միաժամանակ եւ՛ արվեստ, եւ՛ լրագրություն է: «Տեղ արեւի տակ» ցուցահանդեսում կներկայացվեն հեղինակային աշխատանքները, որոնք ավելի շուտ կլինեն ոչ թե կյանքի արտացոլումը ծուռ հայելու մեջ, այլ բոլորովին ուրիշ մի աշխարհ՝ լի վիզուալ իրադարձություններով: Այն իրադարձություններով, որոնք բացատրության կարիք չունեն, քանի որ լավ երգիծանկարը պետք է հասկանալի լինի առանց բառերի: Կարեւորը՝ դեպքը կամ դեմքը հումորով ներկայացնելն է: Հումորի օրը վիրավորանքներ չպիտի լինեն: Միայն կանխատեսումներ ու բացահայտումներ: Եվ, իհարկե, ժպիտներ: