Մինչ Հայաստանում ներքաղաքական հանրահավաքներ, ելույթներ են տեղի ունենում, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ԱՄՆ եւ Ֆրանսիա կատարած պաշտոնական իր այցն է շարունակում` հանդիպելով այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական եւ տնտեսական լայն շրջանակների հետ:
Նրա բոլոր հանդիպումներում շոշափվում են բացառապես Հայաստան-ԱՄՆ եւ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հեռահար այնպիսի ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու 2008թ. հետո: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում 2008թ. տեղի ունենալիք ՀՀ նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր, որին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կմասնակցի որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը շարունակվեց Ֆրանսիայում: Այցի երկրորդ օրը նա հանդիպել է «Ալկատել» ընկերության վարչական խորհրդի նախագահ Սերժ Չուրուկի հետ: ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` հանդիպման քննարկման գլխավոր թեման եղել է «Ալկատել» ընկերության գործունեությունը Հայաստանում: Ս. Սարգսյանը եւ Ս. Չուրուկը համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հանրահայտ առաջատարներից մեկը` «Ալկատելը», կարող է եւ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Ս. Չուրուկը պատրաստակամություն է հայտնել շատ ավելի նպատակային լինել Հայաստանում ներդրումներ անելու, նոր նախաձեռնություններով ու նոր ծրագրերով հանդես գալու հարցում:
Իսկ հոկտեմբերի 25-ին` ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Ֆրանսիայի վարչապետը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները կարեւորել է հատկապես քաղաքական, մշակութային եւ տեղական ինքնակառավարման բնագավառներում փոխգործակցության առումով` դրանք որակելով որպես «փայլուն» համագործակցություն: Նա նաեւ նշել է, որ մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները եւս մեծ վերելք են ապրում, սակայն դեռեւս զիջում են մյուս ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին: Համաձայնելով գործընկերոջ դիտարկման հետ` Ս. Սարգսյանը խոսել է երկկողմ տնտեսական կապերի դինամիկայի եւ Հայաստանում ֆրանսիական կապիտալի տարեցտարի աճող ծավալի մասին՝ թվարկելով մի շարք խոշոր ընկերությունների հաջող օրինակները` «Ալկատել», «Վեոլիա», «Սոր», «Պեռնո Ռիկար», «Կրեդի Ագրիկոլ», «Էյր Ֆրանս» եւ այլն, ակնկալելով Ֆրանսիայի վարչապետի օժանդակությունը` ֆրանսիական նոր ընկերությունների մուտքը Հայաստան խրախուսելու գործում: Ս. Սարգսյանը, մասնավորապես, առանձնացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, ապահովագրության, բանկային եւ սպասարկումների, առողջապահության եւ դեղագործության, էներգետիկայի ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ֆրանսիայի վարչապետը խոստացել է նույն օրը եւեթ համապատասխան հանձնարարականներ տալ համապատասխան կառույցներին` Հայաստանի վարչապետի կողմից առաջ քաշված փոխշահավետ առաջարկների ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար: Երկու երկրների վարչապետները խոսել են նաեւ կովկասյան տարածաշրջանի կայունության հարցերի, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացների, Հայաստանում 2008թ. սպասվող նախագահական ընտրությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն ընդունել է ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի կողմից արված` Հայաստան այցի հրավերը: Նույն օրը Ս. Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի իշխող` «Համախմբում հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանի հետ: Նրանք քննարկել են տարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ս. Սարգսյանը վերահաստատել է Հայաստան Ֆրանսիայի նախագահի այցի` հայկական կողմի հրավերը, որը նախագահ Սարկոզին ընդունել է շնորհակալությամբ եւ պատրաստակամորեն: Երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու նպատակով, զրուցակիցները խոսել են նաեւ Փարիզում Հայաստանի մշակույթի տուն եւ Երեւանում Ֆրանսիայի մշակույթի տուն հիմնելու կարեւորության մասին:
Սերժ Սարգսյանը եւ Նիկոլա Սարկոզին պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Խոսվել է Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրերում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորության մասին եւս: Ընդգծվել է երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու կարեւորությունը: Նրանք անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի թեթեւացման հնարավոր տարբերակներին: Հանդիպման ընթացքում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի մասին, Ֆրանսիայի նախագահը եւ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ հակամարտությունը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ն. Սարկոզին՝ նշելով, որ Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, հավելել է, թե այս հարցում, անշուշտ, իր դիրքորոշումը կարտահայտի նաեւ Ադրբեջանի նախագահին, որի այցը Ֆրանսիա սպասվում է առաջիկա նոյեմբերին: Հոկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Շառլ Ազնավուրի հետ, իսկ երեկոյան հարցազրույց է տվել ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթին, «Պոլիտիք ինտերնացիոնալ» պարբերականին, հանդիպել՝ Ֆրանսիայում ուսանող հայ երիտասարդների հետ:
Այսօր` հոկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կվերադառնա Երեւան: