Լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի դեմ

28/10/2007

ԱՄՆ-ի կառավարությունը նախօրեին հայտարարել է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով: Դրանցով, ըստ էության, ԱՄՆ-ը սառեցնում է այն կազմակերպությունների ու անհատների հաշիվները, ովքեր սերտ հարաբերություններ ունեն Իրանի մի շարք կառավարական գործակալությունների եւ «Հեղափոխության պահապանների կորպուսի» հետ, որին Բուշի վարչակազմը մեղադրում է ահաբեկչությանը սատարելու եւ զանգվածային բնաջնջման զենք տարածելու մեջ: «Մենք ուզում էինք Իրանի հետ տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն պաշտոնական Թեհրանն անդրդվելի էր»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: «Դժբախտաբար, Իրանի կառավարությունը մերժում է բաց բանակցություններ վարելու մեր առաջարկը, փոխարենը՝ շարունակում է զարգացնել միջուկային տեխնոլոգիաներ, որոնք կարող են, ի վերջո, հանգեցնել միջուկային զենքի ստեղծման, նախագծում է վտանգավոր բալիստիկ հրթիռներ ու աջակցում Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում ու Պակիստանում գործող ահաբեկիչներին»,- ասել է Ռայսը: ԱՄՆ-ի վարչակազմը լիահույս է, որ այս նախաձեռնությանը կմիանան այլ երկրներ եւս: Նախօրեին նման կոչով է հանդես եկել ԱՄՆ ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը, ով, մասնավորապես, հայտարարել է. «Հեղափոխության պահապանների կորպուսն» այնքան խորը արմատներ է ձգել Իրանի տնտեսության մեջ, որ այսօր Իրանի հետ ցանկացած գործարք, ըստ էության, նշանակում է՝ գործարք «Հեղափոխությունների պահապանների կորպուսի» հետ»: Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վերջին տարիներին տնտեսական ոլորտում «Հեղափոխության պահապանների կորպուսի» հաջողություններն ու եկամուտները զգալի աճ են արձանագրել: 2006թ., մասնավորապես, այն շահել է դեպի Պակիստան գազամուղ կառուցելու ծրագիրը՝ ավելի քան 1մլրդ դոլար արժողությամբ, Թեհրանի մետրոն ընդարձակելու, ինչպես նաեւ՝ Թեհրանի եւ Իսպահանի միջեւ արագընթաց երկաթուղի կառուցելու լայնածավալ նախագծերը: Ցուցակում, որտեղ նշված են իրանական այն ռազմական գործակալությունների, բանկերի եւ անհատների անունները, որոնց դեմ կիրառվելու են պատժամիջոցները, ընդգրկված է նաեւ «Մելլաթ» բանկը, որը ՀՀ-ում եւս մասնաճյուղ ունի: Իրանը եւ ՌԴ-ն դատապարտել են պատժամիջոցների խստացումը: