ՀՅԴ-ն, որն արդեն տեւական ժամանակ է` տարբեր մարզերում եւ Երեւանում մինի դահլիճային հանդիպումներ է կազմակերպում ժողովրդի հետ` ներկայացնելով նախագահի իր երկու թեկնածուներին, նոյեմբերի վերջին Գերագույն ժողովում կընտրի, թե նրանցից ո՞վ է ավելի լավ նախագահացուն: Պատասխանելով մեր հարցին, թե այդ հավաքներում ո՞ւմ ռեյտինգն է ավելի բարձր` Արմեն Ռուստամյանի՞նը, թե՞ Վահան Հովհաննիսյանինը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ասաց. «Այս հավաքները ոչ թե այս կամ այն թեկնածուի ռեյտինգը բարձրացնելու կամ նրանց մեջ մրցակցություն սահմանելու նպատակ է հետապնդում, այլ` ՀՅԴ-ի դիրքորոշումները ներկայացնելու մեր համակիր շրջանակներին, եւ, ինչո՞ւ չէ` մեր վարկանիշը բարձրացնելու նպատակ ունի: Ովքեր մասնակցում են մեր հանդիպումներին, կասեն, որ երկու թեկնածուն էլ` իրենց անձնական նկարագրով, ինչպես ասում են` համուհոտով, ներկայացնում են ՀՅԴ-ի տեսակետները: Իսկապես, երկուսն էլ արժանի են թեկնածու լինելու: Իսկապես շատ դժվար է կողմնորոշվելը, որովհետեւ երկուսն էլ լավն են, էլի»: