Դատապարտում են, բայց չեն կողմնորոշվել՝ ում

28/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԱԺ երեկվա ճեպազրույցում քննարկվող հիմնական թեման դարձյալ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններն էին: Եվ խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը պնդում էին, թե տեղի ունեցածն իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀԿ-ին, ձեռնտու չէր, բայց նաեւ դեռեւս չեն կողմնորոշվել, թե, ի վերջո` ո՞ւմ էր այն ձեռնտու: Տրամաբանորեն այս միջադեպը կարող էր ձեռնտու լինել ՀՅԴ-ին է, որը, չնայած դրան, առաջին իսկ օրվանից հանդես է եկել դատապարտող հայտարարություններով:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանից երեկ հետաքրքրվեցինք` արդյո՞ք իրենց համար այդ միջադեպը շահեկան չէր: Ի պատասխան՝ նա ասաց. «Ընդհանրապես երկրի հեղինակության առումով ոչ ոքի չեն կարող ձեռնտու լինել նման ներքին քաղաքական անհանդուրժողականության դրսեւորումները: Այդ թվում նաեւ` ՀՅԴ-ին: Առավել եւս` ՀՅԴ-ին: Որ քաղաքական ուժերն էլ որ լինեն բարիկադների տարբեր կողմերում, մեզ համար նման երեւույթներն անընդունելի եւ դատապարտելի են: Այնպես որ` այստեղ փնտրել մարդկանց, հատկապես՝ քաղաքական ուժերի, ովքեր իրենց ձեռքերը կտաքացնեն այս երեւույթների վրա, պետք չի եւ ճիշտ չի»: Ավելին, ըստ Հ. Կարապետյանի` այդ դեպքը եւս մեկ անգամ ապացուցեց Աստվածաշնչյան «Մի դատիր, որ չդատվես» խոսքերի ճշմարտացիությունը: «Այն, ինչ կատարվեց, մենք ժամանակին մեր մաշկի վրա ենք զգացել, եւ հենց այն նույն քաղաքական ուժի պատճառով, որն այս դեպքերին արդեն խնդրո առարկա էր: Երբեք ՀՅԴ-ն այն դիրքորոշումը չի ունենալու, որ նմանատիպ դեպքերի վրա չարախնդա կամ երեսով տա: Բացարձակ, մենք երբեք այդպես չենք մտածում: Մենք կարծում ենք, որ նման դեպքերը դատապարտելի են` անկախ նրանից, թե ով է եղել հրահրող կողմը: ՀՀ-ում խոսքի ազատությունը, ժողովրդավարությունն այլեւս անդառնալի գործընթաց է, եւ որեւէ քաղաքական ուժ չի կարող ետ գլորել մեր պատմությունը»: ՀՅԴ խմբակցության ղեկավարի ասելով, սակայն, «կան մեղավորներ, որոնք խոսքի ազատության վրա բռնանում են, բայց կան նաեւ մեղավորներ, որոնք խոսքի ազատության տակ փորձում են այս կամ այն հրահրիչ երեւույթներ ձեւավորել: Նրանք մեզ համար հավասարաչափ դատապարտելի են»: Հարցին, թե հոկտեմբերի 23-ին տեղի ունեցածն է՞լ էր քաղաքական հետապնդումների հետեւանք, ինչպես իրենք էին 1994-ին իրենց նկատմամբ տեղի ունեցածը որակում, Հ. Կարապետյանը պատասխանեց. «Մեր հետ կատարվածի համեմատ սա շա՜տ թեթեւ միջադեպ էր: Ես չեմ կարծում, թե պատմությունը կկրկնվի, որովհետեւ որեւէ մեկն արդեն չի կարող նմանատիպ որոշումներ կայացնել` թերթեր, կուսակցություններ փակելու, մարդկանց, ղեկավարներին բանտարկելու եւ այլնի մասին: Այդ պրոցեսն անդառնալի է»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ Ավետ Ադոնցի պատասխանն էր. «Իշխանությունների շահերից չէր բխում այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 23-ին», իսկ թե ում շահերից էր բխում` նա չգիտեր: «Ես պարզապես իշխանությունների մոտեցումներն եմ փորձում արտահայտել մեկ նախադասությամբ, որ եթե կան ինչ-որ վարկածներ, թե սա իշխանությունների կողմից նախօրոք պատրաստված սադրանք է, ես ուզում եմ ժխտել, մերժել դրանց»,- պարզաբանեց Ա. Ադոնցը: Իսկ նույն խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանի ասելով էլ` Ոստիկանությունում ծառայողական քննություն է կատարվում եւ կարճ ժամանակում «կպարզվի` եղե՞լ է սադրանք, եւ ո՞ւմ կողմից է եղել»: Հարցադրմանը, թե` վստահո՞ւմ եք Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննության օբյեկտիվությանը, որի պատասխանն էլ ընդունելու եք որպես վերին ատյանի ճշմարտություն, նախկին լրագրող Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք որեւէ հիմք չունենք չվստահելու, երբ մարդիկ իրենք են ասել, որ իրենք են սկսում ծառայողական քննություն` պարզելու համար, թե իրենց` ոստիկանների կողմից որեւէ սադրանք եղե՞լ է, թե՞ ոչ»: Ն. Զոհրաբյանն արդեն ունի օմբուդսմեն Արմեն Հարությունյանի պատասխանը, ըստ որի` Ոստիկանությունում` արարողակարգային առումով, ձերբակալվածների իրավունքները չեն խախտվել: «Եվ երբ լինի ծառայողական քննության արդյունքը, այդ ժամանակ կարելի կլինի խոսել` եղել է հասարակական կարգի խանգարո՞ւմ, ինչպես պարոն Մահտեսյանն ու փոխվարչապետն են պնդում, թե՞ ոչ: Եթե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, ապա դատապարտելի է: Իսկ եթե հասարակական խախտում է եղել, անվայելուչ հայհոյանքներ են եղել, ինչպես պնդում են պաշտոնյաները, այդ դեպքում՝ ով ուզում է լինի, ՀՀ որեւէ քաղաքացու թույլատրված չէ անվայելուչ պահել իրեն եւ խախտել հասարակական կարգը»,- ասաց նա: «Բարգավաճ Հայաստանի» համար, ըստ նրա, ընդդիմության հանրահավաքը ոչինչ չի կարող փոխել, իսկ թե ինչ կփոխի կազմակերպիչների համար, դա արդեն, ըստ նրա` նրանց գործն է եւ նրանց քաղաքական ծրագրերի եւ նպատակների հետ որեւէ առնչություն չունի: