Օգտագործենք հեռուստացույց անջատելու մեր իրավունքը

28/10/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թեեւ «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբաններից մեկն իր հաղորդումներն ավարտում է «Օգտագործեք տեղեկացված լինելու ձեր իրավունքը» արտահայտությամբ, սակայն որեւէ կերպ չի ասում, թե ինչպես կարող ենք դա անել, երբ թե՛ իրենց, թե՛ մնացած բոլոր հեռուստաընկերությունները հասարակությանը զրկում են գրագետ, այսինքն` անաչառ լրատվությունից: Տեղեկացված լինելու մեր իրավունքն օգտագործում ենք՝ անջատելով հեռուստացույցը եւ սպասելով ժամը 19:00-ին, երբ «Ազատություն» ռ/կ-ի միջոցով կտեղեկանանք օրվա համապատկերին, կամ լուսաբացին, երբ կրպակներում կհայտնվեն թերթերը: «Ինչո՞ւ հոկտեմբերի 24-ի լրատվական հաղորդումներին չանդրադարձաք ընդդիմության հրավիրած ասուլիսին, ուր տրվում էին հոկտեմբերի 23-ի լույս 24-ի իրադարձության պարզաբանումները, այլ գնացիք միայն Ոստիկանության ներկայացուցչի ասուլիսին: Այդպիսով խախտեցիք հեռուստադիտողի` անաչառ լրատվություն ստանալու իրավունքը եւ լրագրության ոսկե կանոնը` մասնագիտական անաչառությունը»: Այս հարցով դիմեցինք որոշ հեռուստաընկերությունների: «ԱՐ» հեռուստաընկերությունից մի աղջիկ, ով ներկայացավ որպես լրատվական բաժնի կոորդինատոր, ասաց. «Ընդդիմությունը մեզ տեղյակ չի պահել, որ ասուլիս է լինելու, չենք գնացել: Կներեք, հա, եթե ձեր դուրը չի գալի, ուրիշ լուրեր նայեք»: Առավել պերճախոս էր Հ2-ի կոորդինատոր ներկայացած, հավանաբար երիտասարդ Հայկ Օրդյանը: Նա բացատրեց, որ Ոստիկանությունից իրենք ստացել են ասուլիսին մասնակցելու հրավեր եւ շտապել այնտեղ: Իսկ եթե ընդդիմությունն իր երթի կամ ասուլիսի մասին չի բարեհաճում տեղեկացնել հեռուստաընկերություններին, մասնավորապես` Հ2-ին, ապա իրենք բնավ պարտավոր չեն լուսաբանել այդ ասուլիսը, եւ, որ իրենք այլեւս ընտրովի են վերաբերվում ասուլիսներին եւ լուսաբանում են միայն նրանք, որոնք հարմար են գտնում:

Այս դեպքում խնդիրը, թերեւս, ընդդիմության գործունեության մանրակրկիտ լուսաբանումն էլ չէ, այլ այն, որ հեռուստաընկերություններում աշխատող երիտասարդ լրագրողներին այդպես էլ մութ է մնում լրագրության ամենահետաքրքիր պահը, երբ լրագրողը որեւէ նյութ պատրաստում է ոչ թե այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն իրեն նախապես հրավիրում է որեւէ ասուլիսի, այլ այն, որ լրագրողին իր մասնագիտական անհանգստությունը պետք է ստիպի լրատվություն, հետաքրքիր, հասարակության համար կարեւորագույն իրադարձություններ պեղելը, գտնելը, եթե անգամ իրեն չեն հրավիրել այսինչ կամ այնինչ կարեւոր իրադարձությանը: Երիտասարդ հեռուստալրագրողները, ցավոք, իրենց աչքի առաջ ունեն իրենց ղեկավարների օրինակը, որոնք վախենում են անգամ օրենքով սահմանված կարգով հրապարակել ընդդիմության քաղաքական գովազդը եւ վախի թելադրանքով մերժում են եթեր հեռարձակել ընդդիմության հանրահավաքի մասին լուրը: Նման կարգի ստորացուցիչ վախը թույլ չի տալիս նման ղեկավարներին կամ լրագրողներին լուրջ ընդունել, որքան էլ նրանք եթերից հասուն տղամարդու տպավորություն են թողնում կամ ունեն բամբ ձայն:

Հոկտեմբերի 23-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հեռուստամեկնաբանությունից ի հայտ եկավ տհաճ իրականության մեկ այլ կողմ. մարդկային տարրական դաստիարակության, կրթվածության պակասը: Այն, որ լրագրողները կարող են որեւէ իրադարձություն լուսաբանել միակողմանի, դա կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի պակասից է, կա՛մ տարրական վախից: Բայց խնդիրն այն է, թե ինչպես մեր հեռուստաընկերությունները ներկայացրեցին Ոստիկանության ներկայացուցիչների ասուլիսները, ելույթները եւ նրանց խոսքի որ մասը, հատկապես, կարեւորեցին:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ասուլիսի մասին տեղյակ չեն պահել հեռուստաընկերություններին: Այս հարցն ուղղեցինք «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին. «Հեռուստատեսությունները ներկա են եղել ասուլիսին: Կար 8-9 տեսախցիկ, սակայն ասուլիսին անդրադարձան միայն «Շանթն» ու «Երկիր Մեդիան», այն էլ` նրանց ռեպորտաժներից պարզ չեղավ, թե ինչ նպատակով էր ընդդիմությունը կազմակերպել խաղաղ երթը, կամ ինչ բովանդակության թռուցիկներ էր բաժանում: Այսինքն` որեւէ անդրադարձ, որ հոկտեմբերի 26-ին լինելու է ընդդիմության հանրահավաք, չեղավ: Եվ հետո, ընդհանրապես չտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Այն առումով, որ չասվեց, որ միայն նրա ներկայության շնորհիվ մեզ ազատ արձակեցին, հակառակ դեպքում մեզ կպահեին: Ինչ վերաբերում է մեր խմածությանը, ապա ստուգվել է բոլորիս խմածության աստիճանը: Բոլորի մոտ սարքը ցույց է տվել 00, իսկ Շողեր Մաթեւոսյանի մոտ` 0,11: Այսինքն, եթե տիկին Մաթեւոսյանը մեկ բաժակ խմիչք էր օգտագործել, դա ներկայացվեց որպես հարբածություն»:

Հեռուստաընկերությունների նման պահվածքը նպաստում է երկրում զզվելի մթնոլորտի առաջացմանը կամ պահպանմանը, երբ եթերից հասարակության բոլոր շերտերին է պարտադրվում կենդանական վախը` որպես համեմատաբար խաղաղ գոյատեւման միջոց:

Ամսի լույս 24-ի գիշերն Ազգային անվտանգության ծառայության մոտ տեղի ունեցած ընդդիմության խաղաղ երթի մասնակիցների եւ իրավապահների միջեւ տեղի ունեցած բախման, դրա պատճառի ու հետեւանքների մասին տեղեկացվեց ՀՀ քաղաքացիների որոշ մասը, այն էլ՝ միայն տպագիր մամուլից եւ «Ազատություն» ռ/կ-ից: Հասկանալի է, որ այդ մասին թերթերից է տեղեկացել նաեւ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Մեր հարցին, թե որպես նախկին լրագրող՝ ի՞նչ կարծիքի է, որ հեռուստաընկերություններն աշխատում են ոչ պրոֆեսիոնալ, քանի որ իրադարձությունը մեկնաբանում են միակողմանի` առանց երկրորդ կողմի կարծիքը հեռուստադիտողին ներկայացնելու, նա ի պատասխան՝ նախ շեշտեց, թե ինքը ոչ թե նախկին, այլ ներկա լրագրող է, իսկ կարծիք կարող է հայտնել այն ժամանակ, երբ պաշտոն չի զբաղեցնի: Նախագահի մամուլի խոսնակը զարմացավ, որ իրեն են վերագրում հեռուստաընկերությունների վերահսկումը: Իրոք զարմանալի է: