«Կարծում եմ՝ ես խոսում եմ նաեւ իմ գործընկերների անունից, որ այս քվեարկությունը` մարդու իրավունքների պաշտպանության քվեարկություն էր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոտնահարման ճանաչման քվեարկություն»,- հայտարարել է ամերիկացի օրենսդիր, հանրապետական Դենա Ռոռենեչերը` Կոնդոլիզա Ռայսին բացատրելով հայանպաստ օրինագծին իր աջակցությունը: Ռայսը նշել է, որ ինքը հասկանում է, որ դա շատ դժվար քվեարկություն է եղել նրանց համար, ովքեր այս հարցում աջակցում էին վարչախմբի դիրքորոշմանը: «Պատճառ կար, որ մենք այդքան ուժգնորեն պայքարում էինք բանաձեւի ընդունման դեմ: Այժմ Թուրքիայի համար շատ նրբանկատ ժամանակ է. ժամանակ, երբ այն իր ներսում խոշոր տրանսֆորմացիաների միջով է անցնում: Մենք չափազանց կարեւոր ռազմավարական շահեր ունենք Թուրքիայի հետ, եւ շարունակում եմ կարծել, որ այս բանաձեւի ընդունումը խստորեն կվնասի մեր հարաբերություններին»,- Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում ասել է Կ. Ռայսը: