2004թ. նոյեմբերին ՌՈՒՍԱԼ ընկերությունը՝ ալյումին արտադրող համաշխարհային առաջատարներից մեկը, սկսեց նրբաթիթեղ արտադրող իր երեւանյան ԱՐՄԵՆԱԼ գործարանի համալիր արդիականացումը: Այս մասին ԱՌԿԱ-ին հայտարարել է ՌՈՒՍԱԼ-ի տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Դերիպասկը: ԱՐՄԵՆԱԼԻ արդիականացումն ուղղված է լինելու արտադրության ամբողջ ցիկլի ստեղծմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանն ու գործարանի շահութաբերության բարձրացմանը: Աշխատանքների ավարտից հետո ԱՐՄԵՆԱԼ-ի հզորությունը կկազմի 25.000 տոննա նրբաթիթեղ, որից 7000 տոննան՝ կենցաղային նրբաթիթեղ:
ԱՐՄԵՆԱԼ-ը Հայաստանում Ռուսաստանի ամենախոշոր արդյունաբերական նախագիծն է: Հայ-ռուսական հարաբերությունները ՌՈՒՍԱԼ-ին թույլ են տալիս երկարաժամկետ ներդրումներ անել գործարանի տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ 70 մլն դոլարի չափով, որից 25 մլն-ն ընկերության սեփական միջոցներն են, իսկ 45 մլն-ը կներգրավվի այլ աղբյուրներից: Գերմանական Bayerische Landesbank-ը նշանակված է նախագծի արտաքին ֆինանսավորման կոնսուլտանտ ու կազմակերպիչ:
ԱՐՄԵՆԱԼ-ի համալիր արդիականացումն իրագործելու համար ընկերությունն իբրեւ կապալառու ներգրավել է ողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցող գերմանական Achenbach ֆիրմային, որն էլ մշակել է գործարանի արդիականացման տեխնիկական-տնտեսական հիմնավորումները: Achenbach ընկերությունը նրբաթիթեղի արտադրության բնագավառում բարձր տեխնոլոգիական սարքավորումներ արտադրող համաշխարհային առաջատարներից է: Ամբողջ աշխարհում նրբաթիթեղի գլանման հաստոցների ավելի քան 70%-ն այս ընկերության արտադրանքն է:
Արդիականացումից հետո ԱՐՄԵՆԱԼ-ը կարտադրի 6-9 միկրո հաստությամբ նրբաթիթեղ, որի պահանջարկը համաշխարհային շուկայում ամենաշատն է:
Արդիականացման ծրագրով նախատեսված է հատուկ ուշադրություն դարձնել արտադրության էկոլոգիական անվտանգությանը, կտեղադրվեն հրդեհների մարման ժամանակակից համակարգեր:
Ձեռնարկության արդիականացման ծրագիրը կտեւի 18 ամիս: Նախատեսվում է, որ արտադրանքի առաջին փորձնական խմբաքանակը՝ 150 տոննա, գործարանը կարտադրի արդեն 2005թ. վերջերին: Գործարանի աշխատողների թիվը կկազմի մինչեւ 1000 մարդ:
«ԱՐՄԵՆԱԼ-ի արդիականացման ծրագիրը թույլ կտա վերածել գործարանը նրբաթիթեղի գլանման՝ աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր ու ժամանակակից ձեռնարկություններից մեկը: Դա բխում է եւ՛ Հայաստանի, եւ՛ ՌՈՒՍԱԼ-ի շահերից»,- ասել է ՌՈՒՍԱԼ-ի ղեկավարներից մեկը՝ Ալեքսանդր Բուրդինը:
ԱՐՄԵՆԱԼ-ի արդիականացման մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ՌՈՒՍԱԼ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լիվշիցը նշել է, որ ձեռնարկության զարգացման հեռանկարով հետաքրքրված են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները: «Նրանք աջակցում են այս նախագծին, եւ դրա հաջող իրականացումը կդառնա մեր երկրների միջեւ կառուցողական տնտեսական եւ այլ հարաբերությունների եւս մի ապացույց»,- ընդգծել է Լիվշիցը:
Այս նախագծի բարեհաջող իրականացումից կշահի ոչ միայն ԱՐՄԵՆԱԼ-ը, որի բաժինը նրբաթիթեղի համաշխարհային շուկայում 2008թ. կհասնի 2,5%-ի, այլեւ ողջ Հայաստանի տնտեսությունը: ԱՐՄԵՆԱԼ-ը կդառնա խոշորագույն արտահանողներից մեկը՝ ապահովելով Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ավելի քան 5%-ը: