«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ որեւէ համաձայնագիր չի ստորագրվի, քանի որ հայերն անպայմանորեն շրջանակային համաձայնագրում կներառեն ԼՂՀ անկախության սկզբունքը, իսկ դա անընդունելի է ադրբեջանական կողմի համար»: Այդ մասին «Նովոստի Ադրբեջանին» ասել է Ադրբեջանի նախկին պետքարտուղար, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի արած հայտարարությունը, մասնավորապես, այն բանի հավանականության վերաբերյալ, որ «մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան եկող տարվա գարնանը, Ադրբեջանի եւ Հայաստանի պետությունների ղեկավարները շրջանակային համաձայնագիր կստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ»: «Ադրբեջանն իր կողմից պատրաստ է համաձայնագիր ստորագրել, եթե հայերը ճանաչեն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր պատրաստակամության մասին այն դեպքում, եթե պաշտոնական Բաքուն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- նշել է քաղաքագետը՝ տարակուսանք հայտնելով այն առթիվ, որ Բրայզային դա հայտնի չէ: Տեղեկացնենք, որ Մ.Բրայզան հայտարարել է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները մինչեւ եկող տարվա գարուն կարող են շրջանակային համաձայնագիր ստորագրել ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Կա հավանականություն, որ մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու եկող տարվա գարնանը, Ադրբեջանի եւ ՀՀ-ի պետությունների ղեկավարները շրջանակային համաձայնագիր կստորագրեն ԼՂՀ հակամարտության վերաբերյալ»,- ասել է նա: