Չեն ցանկանում իրենց անօգնական զգալ

28/10/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թատերական գործիչների եւ Նկարիչների միությունների նախագահները երեկ հանդիպել էին լրագրողների հետ` իրենց ղեկավարած ստեղծագործական միությունների խնդիրների մասին խոսելու համար:

Թատերական միությունը վերջերս փոխեց իր նախագահին. երկար տարիներ միությունը ղեկավարած Երվանդ Ղազանչյանին փոխարինեց ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, ով այժմ իր գլխավոր խնդիրներից է համարում միության ղեկավարման ստրուկտուրայի փոփոխումը: Նա ցանկանում է միության աշխատանքն ավելի ճկուն եւ հետաքրքիր դարձնել, միության շենքում իսկական թատերական բեմ եւ թատերական սրճարան է կառուցում: Սրճարանը թատրոնի մարդկանց հավաքատեղի է լինելու եւ ավելի շուտ կնմանվի ակումբ-կենտրոնի, որտեղ կհավաքվեն դերասանները, ռեժիսորները, սուրճ կխմեն ու կքննարկեն թատերական նորությունները: «Ուզում եմ, որ շենքն իր մոտ ձգի մարդկանց»,- ասում է Հ.Ղազանչյանը: Նման հեռահար նպատակներից է նաեւ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հեղինակության բարձրացումը: Հ.Ղազանչյանը գտնում է, որ հիմա այդ մրցանակն օբյեկտիվ չէ, քանի որ թատերական գործիչների ճնշումն ու միջամտությունը թույլ չեն տալիս անաչառ մրցանակ ունենալ: «Մրցանակաբաշխության նոր կանոնակարգը կբացառի ժյուրիի վրա որեւէ ճնշում գործադրելու հնարավորությունը»,- վստահեցնում է նա: Ընդ որում` միայն նախագահ դառնալուց հետո է Հ.Ղազանչյանը պարզել, որ իրենց միությունը բավականին հարուստ է, բանկային հաշվի վրա 70.000 ամերիկյան դոլար եւ մի քանի տասնյակ միլիոն դրամ ունի, որի տոկոսների շնորհիվ կարողանում է թոշակի անցած թատերական գործիչներին թոշակ վճարել: Այդ գումարը գոյացել է 1990-ական թվականներին միությունից օտարված շինությունների վաճառքից: Հ.Ղազանչյանը թատերական աշխարհում հայտնի է իր կազմակերպչական ներուժով, եւ ինքն էլ վստահեցնում է, որ նախագահ է դարձել` «գործ անելու համար»: Եվ եթե զգա, որ թատրոնի ղեկավարությունը շատ ժամանակ է խլում եւ խանգարում է միության պատասխանատուն լինելուն, նա կհրաժարվի թատրոնից:

Իսկ Նկարիչների միությունն այժմ ոչ միայն աշխատաոճը թարմացնելու, այլեւ` նույնկերպ իր աշխատանքը շարունակելու հնարավորություն չունի, քանի որ ցուցասրահ չունի: «Տարեկան մենք 30-40 ցուցահանդեսներ էինք կազմակերպում, իսկ հիմա չենք կարող, քանի որ մեր միության շենքը վերանորոգվում է»,- ասաց երկար տարիների միության գլխին կանգնած Կարեն Աղամյանը, ով հին ցուցասրահը «ժամանակավոր բնույթի», «սեյսմիկ վտանգ ունեցող» կառույց անվանեց: Նկարիչներ տան գոյությունն օգնում էր շատ նկարիչների՝ ըստ նախնական ցուցակների` ցուցադրել իրենց աշխատանքները, իսկ հիմա, ցուցասրահի բացակայության պայմաններում, նրանք հաշվետու չեն կարող լինել: Նկարիչների միությունը 1009 անդամ ունի, սա, թերեւս, ռեկորդային թիվ է: Կ.Աղամյանը նշեց, որ տարեկան միությունը 50-60 հայտ է ստանում միության անդամ դառնալ ցանկացող նորանոր նկարիչներից: Եվ այդ նկարիչների կեսն անդամ դառնում է: Միության նախագահը հաշվել է, որ Հայաստանում չեն ապրում, բայց միության անդամ են համարվում մոտ 300 նկարիչներ, իսկ մնացած 700 անդամներից էլ գեղանկարչությամբ ակտիվ զբաղվում են միայն 500-ը: Կ.Աղամյանը գտնում է, որ անհրաժեշտ է պահպանել միությունն ու «ականջ դնել» միության նախագահի կարծիքին, ով լավ գիտե, թե որ նկարիչն է արժանի, իսկ որը` «զրո»: Նա ասում է, որ հիմա ում ասես կարող են գովել թերթերի էջերում եւ անհիմն գովաբանել անտաղանդներին, մինչդեռ ամուր համակարգ ունեցող Նկարիչների միության կարծիքը հաշվի չեն առնում: Միության դերի մասին խոսելը հաճախ ավանդական բանավեճ է դառնում: Այն կա, բայց, միեւնույն ժամանակ, չկա, քանի որ նկարիչներից շատերն իրենց ստեղծագործական միությունը որպես ուղղորդող եւ ճաշակ թելադրող կենտրոն չեն համարում: Հ.Ղազանչյանը նշում է, որ շեղված չափանիշների պայմաններում բարդ է աշխատել, քանի որ ճաշակ թելադրող են դարձել հումորային շոուներն ու սերիալները: Նա հաճախ է լինում Հայաստանի մարզերում, եւ նկատել է, որ «մշակութային քաղաքականություն» ասվածն այնտեղ իսպառ բացակայում է: Նա պատմեց, որ մարզպետները չեն ցանկանում գովազդել ու պատշաճ ընդունել Երեւանի թատերախմբերի հյուրախաղերը: «Շատերին թվում է, որ մենք «նախլեբնիկներ» ենք ու եկել ենք ձրի դահլիճ իրենցից խնդրելու,- ասում է նա ու ավելացնում,- Թատրոնն անօգնական է այն մագնիսական դաշտում, որը կա»: Նա պատրաստ է նույնիսկ հեռացնել իր ղեկավարած Պատանի հանդիսատեսի թատրոնից սերիալում նկարահանվող դերասանուհուն, քանի որ, երբ նա բեմ է բարձրանում, բոլորը վանկարկում են` Համե՜ստը: