«ԴիջիԹեք 2007»

28/10/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած «ԴիջիԹեք 2007» տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների արդեն երրորդ ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցում է 43 ընկերություն:

Երեկ ցուցահանդեսի բացման արարողությանը նախորդած մամուլի ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսի համար երկու կարեւոր ցուցանիշ գոյություն ունի` թե որքան ընկերություններ են մասնակցում դրան, եւ որքան այցելուներ կան. «Երբ 2005-ին մենք սկսում էինք, նպատակ ունեինք «ԴիջիԹեքը» դարձնել տարածաշրջանային ամենախոշոր ցուցահանդեսը: Այսօր այդ նպատակը մնում է, եւ ես հուսով եմ, որ մենք այս ամբողջական թիմով այն կիրականացնենք: Այս ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից են` «Բիզնես-ֆորումը», որը հնարավորություն է տալիս հանդիպել գործարարներին, սպառողներին ու ինֆորմացիոն տեխնոլոգիաներ տրամադրողներին: Մյուսն «Էլեկտրոնային կառավարում» տաղավար-ֆորումն է, որտեղ ներկայացված են կառավարությունում այսօր գործող էլեկտրոնային կառավարման լուծումները` յոթ տարբեր նախարարությունների կողմից, եւ «DigiLife» սերմինարների շարքը»:

Կ. Վարդանյանի խոսքերով` նախորդ տարիների համեմատ ցուցահանդեսը որակական առումով լուրջ փոփոխություններ է կրել: Եթե հինգ տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսներին միայն համակարգիչներ էին ներկայացվում, այսօր շատ ավելի բարձր տեխնոլոգիաներ են մասնակցում. «Ցուցահանդեսը մի քանի խնդիր է լուծում: Նախ` իրազեկում է: Մենք Երեւանի 200 դպրոցների հրավիրել ենք, այսինքն` սկսած ամենափոքր հասակից, պետք է մարդիկ իրազեկ լինեն: Հետո, ցուցահանդեսը գործիք է ընկերությունների ղեկավարների համար, որպեսզի նրանք տեսնեն, թե ոլորտի վիճակն այսօր ինչպիսին է: Մյուս խնդիրը, որ այստեղ գործարարը եւ սպառողը կարող են գալ եւ իրենց ցանկացած ընկերության հետ հանդիպել, ՏՏ ամբողջ համայնքը մեկտեղված է»,- նշեց Կ. Վարդանյանը:

«ԻՏՁՄ» նախագահ Հովհաննես Ավոյանի խոսքերով` այս միջոցառումով իրենք նպատակ ունեն նպաստել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմանը. «Այսինքն, Հայաստանում պետք է ստեղծել ավելի լավ միջավայր` բարձր տեխնոլոգիաների եւ զարգացման կիրառման ու արտադրության համար: Երկու կարեւոր խնդիր ունենք: Առաջին հերթին՝ ուզում ենք բացատրել, թե որքան կարեւոր են բարձր տեխնոլոգիաները մեր տնտեսության կառավարության եւ այլ ոլորտների համար: Երկրորդ` հայաստանյան տարբեր կազմակերպություններին ցույց տանք, թե ինչ հնարավորություններ նրանք կարող են ունենալ, ինչ գործիքներ ու միջոցներ կարող են կիրառել` իրենց առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ՏՏ զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանի կարծիքով` ՀՀ ապագան բարձր տեխնոլոգիաների եւ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ունենալն է, եւ այլընտրանք չկա: Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ «ԴիջիԹեք 2007»-ը ՏՏ կարեւորագույն միջոցառումներից մեկն է, եւ այս ոլորտն արագ տեմպերով զարգանում է. «Կառավարությունը պահպանում է իր հավակնություններն այս ոլորտում: Ոլորտը պետք է դառնա մեր տնտեսության հիմնական շարժիչներից մեկը, եւ նախարարությունը պատրաստվում է շատ լուրջ վերանայել հայեցակարգը եւ մոտակա տասը տարիների համար նախանշել է հիմնական ուղղությունները, կառավարության մասնակցության շրջանակները: Այն շուտով կհրապարակվի: Ես հույս ունեմ նաեւ, որ ապագայում ավելի խոշոր ներդրումներ կարվեն այս ոլորտում»:

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանն այս տարի ներկայացրել է ուսանողների կողմից մշակված մի քանի համակարգեր` չափման վիրտուոզ սարքավորում, արեւային էներգիայի կայանների նախագծերի համակարգ, եւ այլն: