Արդեն մոտ 10 օր է, ինչ մամուլի ակումբներում ասուլիսները շարունակում են ընթանալ առանց հեռուստաընկերություն-ների: Երեկ էլ առանց տեսախցիկների «Հայելի» ակումբում բանավիճում էին Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանն ու ոչ անհայտ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Վերջինս, ի դեպ, երեկ եւս բավականին օրիգինալ մտքեր հայտնեց ու մի շատ հետաքրքիր խոստովանություն արեց: Սակայն ամեն ինչ՝ հերթով: Քննարկումը հիմնականում ընթացավ նախօրեին կատարված դեպքերի շուրջ, երբ ոստիկանները խոչընդոտել էին հանրահավաքի մասին իրազեկող մարդկանց գործողություններին եւ ձերբակալել 11 հոգու՝ այդ թվում եւ՝ «Հայկական Ժամանակ» ու «Չորրորդ իշխանություն» թերթերի գլխավոր խմբագիրներ Նիկոլ Փաշինյանին եւ Շողեր Մաթեւոսյանին: Արդյոք այս ամենը վկայո՞ւմ է իշխանությունների մոտ վախի մթնոլորտի առկայության մասին: Ադիբեկյանը խոսեց միայն հասարակության վախերի մասին: Ըստ նրա, «հասարակություն, որպես այդպիսին, չկա: Կան սոցիալական խմբեր, որոնք միավորված են իշխանական կամ գաղափարական առանցքների շուրջը»: Դ. Հովհաննիսյանն էլ նկատեց, որ սոցիալականացման պրոցեսը նախկին խորհրդային հանրապետություններում դեռ նոր է սկսվել: «Սոցիալականացման պրոցեսը դեռ չի ավարտվել, դրա համար էլ կայուն սոցիալական խմբերի մասին խոսելը դեռ շատ վաղ է»,- նշեց նա: Արեւելագետի դիտարկմամբ՝ ընտրություն պետք է կատարել առաջնահերթությունների մեջ: Եվ, օրինակ, եթե առաջնային է սփյուռքում հայկական ինքնության ամրապնդումն ու խորացումը, ապա պետք է շատ երջանիկ լինենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւն ընդունվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովում: Իսկ եթե ավելի կարեւոր է ՀՀ-ի ուժեղացումը, հարեւանների հետ նորմալ հարաբերությունները, ապա առաջնահերթությունը փոխվում է: Սոցիոլոգ Ադիբեկյանը ՀՀ նախագահի առաջիկա ընտրության հետ կապված նշում է, թե մարդիկ այնքան էլ ակտիվացած չեն լինի, քանզի հիմա ժողովուրդը ձմեռվա պաշար է հավաքում, հետո էլ Նոր տարի է գալու, մարդիկ հարբելու են ու քաղաքականությունից չեն խոսելու: Անդրադառնալով վարկանիշերին՝ նա նշեց, թե այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը մի քանի անգամ բարձր է ՀՀՇ-ի վարկանիշից, իսկ, օրինակ, Սերժ Սարգսյանի վարկանիշը ՀՀԿ-ի վարկանիշի կեսն է: «Ես մեծ կասկած ունեմ վարկանիշերի վերաբերյալ Հայաստանում, որովհետեւ… դուք խոսում էիք վախի մթնոլորտից: Դուք պատկերացրեք, մարդ է գալիս, ինչ-որ գյուղում մի գյուղացու հարցնում է, թե՝ դու ո՞ւմ ես ձայնդ տալիս, առաջին միտքը ո՞րն է. «Քո ի՞նչ գործն է, դու ո՞վ ես»: Մարդու համար իր միտքն ասելն արդեն վտանգ է»,- նկատեց Դ. Հովհաննիսյանը, ինչին ի պատասխան՝ Ա. Ադիբեկյանը նշեց, թե «մենք վտանգվածներին հարցման չենք ենթարկում, վախկոտներին չենք ենթարկում»: Ի դեպ, սոցիոլոգը երեկ պնդում էր, որ չի կարծում, թե նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների, լրագրողների ծեծի եւ իրավապահների հակաօրինական քայլերի հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ի լիդերներից որեւէ մեկը: «Կան միջին օղակի ղեկավարներ, որոնք ոնց որ թե ուզում են աչք մտնել կամ բան անել»,- բացատրեց նա: Ըստ Դ. Հովհաննիսյանի, նախօրեին կատարված դեպքերն ու ձերբակալությունները ցույց են տալիս, որ իշխանության մեջ շատ տարբեր խմբավորումներ կան, որոնք իրար հետ շատ կոշտ պայքարի մեջ են: Ա. Ադիբեկյանը հավաստիացնում է, որ այսօր ՀՀ բնակչության 60%-ն իշխանամետ է, 40%-ն՝ ընդդիմադիր, եւ եթե նույնիսկ ընդդիմությունը կարողանա միավորվել, մեկ է՝ 40%-ից ավելի ձայն չունի, պետք է հույսը դնի իշխանական 60%-ի մի մասի վրա: Բանավեճի վերջում լրագրողները Ա. Ադիբեկյանից հետաքրքրվեցին, թե, նրա գնահատմամբ, որքա՞ն մարդ կմասնակցի հոկտեմբերի 26-ին նախանշված հանրահավաքին: Սոցիոլոգը նախ նշեց, թե հանրահավաքի մասնակիցների թիվը չի անցնի մեկ հազարից, իսկ երբ լրագրողները կարծիք հայտնեցին, որ այդքան միայն կազմակերպիչներն ու կուսակցականները կլինեն, սոցիոլոգը նշեց, թե, լավ, մի 5-6 հազար մարդ կգա, հետո էլ ավելացրեց, թե «թամաշա անողներն» ու քաղաքացիական հագուստով իրավապահներն էլ հետը՝ մի 20 հազար մարդ կլինի: Իսկ կոնկրետ ո՞ր թեկնածուին է համակրում քաղաքացի Ահարոն Ադիբեկյանը: Ահա այստեղ էլ հնչեց մի պատասխան, որը, թեեւ անսպասելի չէր, սակայն առաջին անգամ էր հնչում հեղինակի կողմից, ու բացահայտում է Ա. Ադիբեկյանի սոցհարցումների «մեխանիզմը» եւ միանգամայն հասկանալի է դարձնում այդ «սոցիոլոգիական հետազոտությունների» արդյունքները: «Ինձ պետք է, որ լինի իշխանության շարունակականություն, որ հաջորդ նախագահը տիրապետի իշխանության բոլոր լծակներին եւ լավ գլուխ հանի ռազմական հարցերից»,- նշեց նա: Այսինքն՝ ակնարկում է Սերժ Սարգսյանի՞ն: «Իհարկե»,- պատասխանեց Ա. Ադիբեկյանը եւ որպես «փաստարկ»՝ հավելեց, թե Ս. Սարգսյանը Ռուսաստանում կապեր ունի, եւ դրա շնորհիվ Հայաստանը չափազանց էժան գնով զենք է ձեռք բերում: Լրագրողների այն հարցին, թե մի՞թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի իշխանության տարիներին է կնքվել Հայ-ռուսական Մեծ պայմանագիրը, չունի այդ կապերը, պատասխանեց՝ ոչ: Սոցիոլոգի խոսքերով, երբ նախկինում մի արկղ կոնյակով Հայաստանը զենք էր ձեռք բերում Ռուսաստանի վերնախավից, դա ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ ուրիշ անձի շնորհքն էր, եւ առաջին նախագահը նման հարցերով չի զբաղվել: Այս «թեզը» ծիծաղ առաջացրեց լրագրողների շրջանում եւ զայրացրեց Դ. Հովհաննիսյանին, ով Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչ: «Գոնե իմ ներկայությամբ այդպիսի բան մի ասա»,- Ա. Ադիբեկյանին առաջարկեց Դ. Հովհաննիսյանը: