Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը Մոսկվայից վերադառնալուց հետո՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հայտնեց, որ հանդիպումներ է ունեցել տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների, Անվտանգության խորհրդի, Մոսկվայի քաղաքապետի, ռուսական ու աբխազական գործարարների հետ: Քննարկվել են տնտեսական ու քաղաքական հարցեր:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է Գուդաուտա քաղաքում նախկին խորհրդային ռազմակայանների բազայի վրա հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման հարցը:
Մարտի 15-ին Աբխազիայի ռազմածովային ուժերը կանխել են դեպի Աբխազիա ուղղվող թուրքական նավի զավթումը վրացական մոտորանավակների կողմից, իսկ մարտի 16-ին վրացական մի նավ խախտել է Աբխազիայի տարածքային ջրերը: Այդ առթիվ Բագապշը հայտարարեց, որ «ցանկացած օտարերկրյա նավ, որն առանց թույլտվության մուտք կգործի Աբխազիայի ջրային տարածք, կգնդակոծվի ու ջրասույզ կարվի»: Նա նշեց, որ այդ մասին տեղյակ է պահվել վրացական կողմին:
Աբխազիայի ԱԳ նախարարությունը միջադեպը գնահատում է իբրեւ Մոսկովյան համաձայնագրի հերթական խախտման կոպիտ փաստ եւ «ծրագրավորված պրովոկացիա, որն ուղղված է 2005-ի ապրիլին Ժնեւում կայանալիք հանդիպման դեմ»:
Մոսկվայում տեղի է ունեցել նաեւ Բագապշի ոչ պաշտոնական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի ու Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտայի հետ: Սակայն Բագապշը չճշտեց, թե ինչ հարցեր են քննարկվել: Նախագահների պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Աբխազիայում՝ ապրիլին:
«Այդ հանդիպումն ուղղված է մեր ընդհանուր դիրքորոշման հստակեցմանը: Մինչ այդ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Ղարաբաղի ու Մերձդնեստրովիայի արտգործնախարարները հուշագիր կպատրաստեն»,- ասաց Սերգեյ Բագապշը:
Մոսկվայում քննարկվել են բազմաթիվ այլ հարցեր՝ առողջապահության, սոցիալական խնդիրների, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության եւն հետ կապված:
Բագապշը հանդիպում է ունեցել նաեւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ, որի ընթացքում խոսվել է Աբխազիայում գտնվող ուղղափառ սրբավայրերի վերականգնման ու պահպանման մասին: Վրաց-աբխազական հակամարտության ընթացքում դրանցից շատերը տուժել են: