Երեկ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 23-ին ընդդիմության եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի ու դրան հետեւած Ոստիկանության ձեռնարկած «օպերացիայի» մասին: Ըստ Ոստիկանության` հոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ի սահմաններում երթի դուրս եկած մի խումբ անձինք «խոչընդոտել են Աբովյան-Կորյուն փողոցների երթեւեկությունը: Հիվանդագին ընդունելով իրենց կարգի հրավիրող ոստիկանների դիտողությունները, վերջիններս անհիմն վիճաբանել են նրանց հետ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անցորդների, վարորդների եւ ոստիկանների նկատմամբ` շուրջ 20 րոպե զազրախոսել եւ հայհոյել են Ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաեւ՝ հայհոյանքներ տեղացել իշխանության մարմինների հասցեին, ապա իրենց գործողություններով խոչընդոտելով ոստիկանների աշխատանքը, դիմադրություն են ցույց տվել եւ բռնություն գործադրել նրանց նկատմամբ»: Ըստ հայտարարության` «խուլիգանությանն ակտիվ մասնակցել եւ ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել» Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Տիգրան եւ Կարեն Մակեյանները եւ Շողեր Մաթեւոսյանը, որոնց «գործողությունների հետեւանքով» Ոստիկանության 4 աշխատակիցներ մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության: «Որպես կասկածյալ հարցաքննվել են Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, իսկ Տիգրան եւ Կարեն Մակեյանները եւ Շողեր Մաթեւոսյանը հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին»: Իսկ թե վերոնշյալ անձինք հատկապես որտեղից չպետք է հեռանան` չի նշում: