Ազատ է արձակվել Արման Դարբինյանը

28/10/2007

Երեկ Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի մեկուսարանից ազատ է արձակվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդի Արման Դարբինյանը: Հիշեցնենք, որ Ա. Դարբինյանին ձերբակալեցին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունից մի քանի օր հետո: Ս. Դարբինյանի եւ Ա. Ղազարյանի հարաբերությունները լարված էին, եւ շրջանառվող վարկածներից մեկն էլ այն էր, թե դատախազի սպանության պատվիրատուն Վանաձորի քաղաքապետն է: Վանաձորի քաղաքապետի եղբորորդուն ձերբակալեցին ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով. նրա մեքենայում հայտնաբերել էին 4 հատ ժանգոտած փամփուշտ: Սակայն ակնհայտ էր, որ Ա.Դարբինյանին ձերբակալել էին հենց այս սպանության վարկածների շրջանակում: ՀՀ Գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով Դարբինյանի պաշտպան Ենոք Ազարյանի միջնորդությունը, խափանման միջոց կալանքը փոխել է հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Միջնորդության մեջ պաշտպանը նշել էր, թե Ա. Դարբինյանն ունի անչափահաս երեխա, կինը հղի է, իսկ Արմանն ինքը՝ անցյալ տարի ենթարկվել է ծանր վիրահատության, նրա փայծաղը հեռացրել են: Հիշեցնենք, որ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանն անհայտ անձի կողմից սպանվել է 2007թ. օգոստոսի 25-ին: Սպանության փաստով ՀՀ Գլխավոր դատախազությունում գործ է հարուցվել՝ «անձի սպանություն` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ» հոդվածով: Այսօր լրանում է դատախազի սպանության երկրորդ ամիսը, սակայն Գլխավոր դատախազությունը դեռեւս չի հայտնաբերել սպանությունը կատարողին կամ պատվիրատուին: