Ո՞ւմ էր ձեռնտու այս ամենը

28/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 23-ի հայտնի իրադարձությունները, մեղմ ասած, զարմանալի արդյունքներ արձանագրեցին։ Գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները միաբերան դատապարտեցին Ոստիկանության կողմից իրականացված բռնարարքները, մինչդեռ Ոստիկանությունը հարցը ներկայացրեց այնպես, թե իբր իրականում մի քանի տասնյակ ցուցարարներն են հարձակվել իրավապահների վրա։ Ընդ որում, քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական թեման այն էր, թե «ո՞ւմ էր սա ձեռնտու»։ Պատահական չէ, որ նույնիսկ իշխանամետ ուժերն էին Ոստիկանության գործողություններն անվանում «հիմարություն»։ Հետաքրքիր է նաեւ, որ առ այսօր Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարներից որեւէ մեկը չի ստանձնել «օպերացիայի» պատասխանատվությունը։ Մինչդեռ նույնիսկ ահաբեկչական գործողությունների դեպքում այդպիսիք գտնվում են։

Երեկ ԱԺ գրեթե բոլոր քաղաքական ուժերը` իշխանամետ թե ընդդիմադիր, ճիշտ է` տարբեր վերապահումներով, սակայն դատապարտեցին նախօրեին ոստիկանների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Նաեւ փորձում էին հասկանալ, թե ում էին ձեռնտու նման զարգացումները:

«Եթե երթի մասնակիցները գործել են Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ապա ես անթույլատրելի եմ համարում կատարվածը, իսկ իրավապահները դեռ պետք է մեկնաբանեն` երթը օրենքի շրջանակո՞ւմ է եղել, թե՞ ոչ, դա արդեն քաղաքական գործիչների խնդիրը չէ,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը,- Եթե իր իրավասությունների շրջանակից դուրս է եկել Ոստիկանությունը, ապա վերջինս պատասխանատվություն պետք է կրի: Եթե անգամ ՀՀԿ անդամը օրենքի տառին հակասող գործունեություն է իրականացնում, պետք է պատասխանատվություն կրի, օրենքի առաջ պատասխանատու ենք բոլորս»: Ամենաուշագրավը, թերեւս, Կ. Կարապետյանի այն դիտարկումն էր, թե տեղի ունեցածն ամենեւին էլ ձեռնտու չէ ՀՀԿ-ին, քանի որ այն վնասում է նախագահի իրենց թեկնածուին: Նա չբացառեց, որ տեղի ունեցածը կարող է լինել սադրանք` «իմիջի բարձրացման եւ սեփական անձը կարեւորելու նպատակով, ինչը տեղավորվում է քաղաքական տեխնոլոգիաների շրջանակում»: Հարցին, թե իշխանությունների նման գործելաոճը, ինչպես նաեւ հոկտեմբերի 26-ին «Ոսկե աշուն» համերգ կազմակերպելն, արդյոք չի՞ վկայում այն մասին, որ իշխանական վերնախավում խուճապ կա, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Խուճապ լինում է այն դեպքում, երբ տեսնում ես` վերարտադրության համար պարարտ հող չկա: Տվյալ դեպքում` մեր կուսակցությունը բավականին լուրջ ռեսուրսներ ունի, եւ դրա վառ ապացույցն ԱԺ ընտրությունների արդյունքն էր: Կարծում եմ` շատ քիչ ժամանակ է մնացել, եւ դուք ականատես կլինեք, որ մենք խոսում էինք այն մասին, ինչի հնարավորությունն ունենք: Մեր հնարավորությունները բավարար են տպավորիչ հաղթանակ տանելու համար: Այն քաղաքական ուժը, որն իր ուժերը ճիշտ է գնահատում եւ տեսնում է հաղթանակի հասնելու իր ռեալ հնարավորությունները, նրան երբեք ձեռնտու չէ սադրանքների դիմելը»: Ավելին, ՀՀԿ խմբակցության ղեկավարի հավաստմամբ` նման գործողությունները շատ դեպքերում «ինքնագործունեություն են` գեղեցիկ երեւալու համար»:

Իսկ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հավաստմամբ` «ավելի ապաշնորհ բան, քան արվել է` հնարավոր չէ»: «1994թ. փորձառությունն իմանալով՝ չէր կարելի նման բան անել: Ես արտահայտում եմ իմ անձնական կարծիքը՝ որպես մարդ, որը տեսել է 1994 թվականի այդ հարվածն ու տեսել է դրա հակառակ ռեակցիան: Համարում եմ, որ ավելի ապաշնորհ քայլ չէր կարելի անել»,- ասաց նա: Մեր հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները դիմեցին նման «ապաշնորհ» քայլի, Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում՝ դա իշխանություննե՞րն են, թե՞ որոշ ապաշնորհ պաշտոնյաներ: Չեմ կարծում, որ իշխանություններն են»: Ա. Պետրոսյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն, որը դատապարտում է տեղի ունեցածը, միջադեպի օրը մյուս կուսակցությունների հետ չէր գնացել Ոստիկանություն: «Իմ ոտքը ջարդված է, ես չեմ կարող գալ: Այդ գալ-չգալը մի քիչ թատերայնացված է, չեմ կարծում, թե այնտեղ բոլոր եկողների սիրտները ճաքում էր: Ես այն մարդն եմ, որն իր մաշկի վրա զգացել է, թե դա ինչ տգեղ բան է: Մարդ, որ ուզում է` անկախ նրանից, թե ինչ է լինելու, ինչ ընտրություններ են, իր երկրում նորմալ մթնոլորտ լինի, որ չասեն` այս երկրում բացարձակ բաներ են ոտնահարվում: Անկախ նրանից` համակրո՞ւմ եմ, թե՞ ոչ, ես այն կարծիքին եմ, որ նման բան չպիտի լիներ, մանավանդ` դա այն նախադեպը չէր. երթ են անում, միտինգին մասնակցելու կոչ են անում: Է, թող անեն, գնացողը կգնա, չգնացողը` չի գնա: Ես բոլորովին համաձայն չեմ այդ քաղաքական ուժերի հետ: Եթե ես ֆիզիկապես ի վիճակի լինեի, ինձ հետաքրքիր է` ես անպայման կգնայի միտինգի: Ի՞նչ է նշանակում դա: Հո բոլոր գնացողները համաձայն չե՞ն այնտեղ ասվածին: Խաղն այսպես շատ պարզունակ է դառնում: Իսկ մարդ արարածը, մանավանդ՝ Հայաստանը, այդքան պարզունակ երկիր չէ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայկական Ժամանակ» թերթի նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցությունում դեռեւս չի քննարկվել հոկտեմբերի 23-ին ընդդիմության եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Իսկ իր գնահատմամբ` լրագրողի նկատմամբ ցանկացած բռնություն իր համար միանշանակ դատապարտելի է: «Ինձ համար դատապարտելի է թե՛ Հովհաննես Գալաջյանի, թե՛ Ռուզան Մինասյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի, Շողեր Մաթեւոսյանի, թե՛ այլ լրագրողի հանդեպ տեղի ունեցած բռնությունը: Ինչ վերաբերում է կոնկրետ տվյալ միջադեպին, ապա, եթե ցուցարարները գործել են ՀՀ Սահմանադրության շրջանակներում, եւ նրանց նկատմամբ տեղի է ունեցել բռնություն` դատապարտելի է: Իսկ եթե եղել է հասարակական կարգի խանգարում, այդ հարցերը ճշտելու համար ես այսօր դիմել եմ օմբուդսմենին եւ պատրաստվում եմ դիմել նաեւ պատկան մարմիններին` միջադեպի վերաբերյալ հավելյալ մանրամասներ ստանալու համար»,- ասաց նա:

Իսկ մինչ երեկ ԱԺ քաղաքական ուժերը փորձում էին պարզել, թե ով է այդ միջադեպի մեղավորը, «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տեղի ունեցածը «նախագահականի ձեռքի գործն է, եւ գործադիր իշխանությանն այս միջադեպը ձեռք չէր տալիս»: Ս. Սաֆարյանի ասելով, դա իր կարծիքն է, որն արտահայտելու իրավունք ինքն ունի: «Այլապես այն ցինիզմը, որով կարողանում են անգամ պատգամավորին արգելել սեփական պարտականությունները կատարել, վկայում է բավականին բարձր մակարդակով իջեցված հրամանի մասին»,- հայտարարեց Ս. Սաֆարյանը: Իսկ նույն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ինքը, ի տարբերություն ընդդիմադիր մյուս ուժերի առաջնորդների, միջադեպի օրը չէր գնացել Ոստիկանություն: Ի պատասխան` Ր. Հովհաննիսյանն ասաց, թե ինքը «ուրիշ գործեր ուներ» ու այնտեղ են եղել իր կուսակցության այլ անդամները: «Ներկա-բացակայով չէ, որ քաղաքացիական պատասխանատվությունը չափվում է»,- ասաց նա: Կատարվածն, ըստ «Ժառանգության»` վկայում է այն մասին, որ իշխանության որոշ շրջանակներ` ներքաղաքական հնարավոր զարգացումներից խուճապահար, իրենց դրել են օրենքից դուրս եւ փորձում են ժողովրդավարական գործընթացները տեղափոխել ՀՀ քաղաքացիների շրջանում վախ սփռելու, նրանց սահմանադրական իրավունքները զանգվածաբար ոտնահարելու հուն: «Բոլորը եւ ամենից առաջ՝ կառավարող քաղաքական ուժերը, պետք է գիտակցեն, որ տեղի ունեցածը հանրությանը նետված մարտահրավեր է, եւ այն պետք է համարժեք պատասխան ստանա»,- ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ: