Արատավորել են ուսադիրների պատիվը

28/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Մեր առաջ կանգնած էր մի փողոցային, որը մեզ փորձում էր տեղափոխել փողոցային դաշտ: Մենք նրան ցույց տվեցինք, որ փողոցային դաշտ չենք տեղափոխվի: Իմ համար ամոթ է, որ ՀՀ զինանշանով, գնդապետի ուսադիրներ կրող մարդը կարող է լինել ուղղակի փողոցային կրիմինալի մակարդակի»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Այլընտրանքի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս հավաստմամբ` Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը դեպքի օրը մոտեցել է ցուցարարներին եւ պահանջել խոսափողը, սակայն ինքը պահանջել է ցույց տալ օրենքի այն դրույթը, որով նա պետք է հանձներ այն: Սակայն, ըստ Ն. Փաշինյանի` Աֆյանին խիստ զայրացրել է այն, որ ցուցարարները չեն կատարել իր հրահանգները, եւ նա օգնության է կանչել հատուկ ջոկատայիններին եւ նրանց հրահանգել ուժ գործադրել երթի մասնակիցների վրա: «Կիրառվել են մահակներ, արցունքաբեր գազ, ուժ են կիրառել նույնիսկ կանանց եւ աղջիկների նկատմամբ»,- ասաց Ն. Փաշինյանն` ավելացնելով, որ հատուկ ջոկատայինները` չբավարարվելով ուժ գործադրելով, իրեն եւ երթին մասնակից 11 այլ անձանց բերման են ենթարկել Ոստիկանության բաժին: «Երբ ոստիկանները տեսան, որ մեծ բազմություն է հավաքվում Ոստիկանության շրջակայքում, սկսեցին բանակցել, որ այս գործն ինչ-որ ձեւով հարթեն խաղաղ ճանապարհով: Ես անձամբ տեղում հայտարարություն եմ տվել Ոստիկանությունում կատարված հանցագործության մասին եւ հայտարարել եմ, որ մենք, որպես քաղաքացի, օրենքով այդ կետերով հիմնավորված գործողություններ ենք արել, բայց Երեւանի ոստիկանության պետի տեղակալը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, կատարել է հանցագործություն»,- երեկ հայտարարեց Ն. Փաշինյանը: «Ցուցմունք են վերցրել կարմիր բերետավորներից, թե իբր երթի մասնակիցներն են հարձակվել հատուկ ջոկատայինների վրա»,- ասաց նա: Ուշագրավ էր Ն. Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ոստիկանությունը նախապես որոշում ուներ իրենց ձերբակալելու մասին, սակայն նրանց ծրագիրը խափանել է Լեւոն Տեր-Պետրոսյանն՝ իր անսպասելի այցով: «Մեզ այցելեց Լ. Տեր-Պետրոսյանը եւ հայտարարեց, որ ինքը բաժնից դուրս է գալու միայն բերման ենթարկված ու ձերբակալված 11 անձանց ուղեկցությամբ: Ինչը եւ տեղի ունեցավ»,- ասաց Ն. Փաշինյանը` ավելացնելով, որ ինքը դիմել է Ոստիկանությանը` պաշտոնական դիրքը չարաշահելու համար Ալեքսանդր Աֆյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

Միքայել Հայրապետյանի հավաստմամբ էլ` Լ.Տեր-Պետրոսյանի «ընդամենը ստվերից քանդվեց ոստիկանների առաջին պատը»: «Այն զինվորականները, որոնք շրջապատել էին Ոստիկանության շենքը, ընկրկեցին, եւ ժողովուրդը կարողացավ մոտենալ ընդհուպ Ոստիկանության շենքի պատերին»,- ասաց նա: Նրա խոսքերով` Ոստիկանությունում գտնվելու ընթացքում որեւէ մեկը իրեն չի ասել, թե ինչի համար են իրեն բերման ենթարկել: «Սա ամենավերջին խուլիգանությունն է, հակապետական գործունեություն: Մենք հիմնել ենք ՀՀ-ն ոչ թե իշխանությունների կամայականություններին ենթարկվելու, այլ քաղաքացիների ազատ ապրելու համար: Եթե ոչ այսօր, ապա վաղը ազատությունը հաղթանակելու է»,- վստահեցրեց նա: Անդրադառնալով հեռուստաընկերություններին, որոնք դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն այդպես էլ չհեռարձակեցին, բացառությամբ «Երկիր Մեդիայի», որը, սակայն, երեկոյան լրատվական թողարկումից եւ ռուսալեզու լրատվական ծրագրից արդեն հանել էր այդ միջադեպի մասին պատմող ռեպորտաժը, Մ. Հայրապետյանն ասաց. «Եթե ձեր հեռուստաընկերությունների տնօրենները վախենում են եթեր հեռարձակել մեր ասածները, ապա նրանց փոխանցեք, որ մենք պայքարում ենք նաեւ ձեր ազատության համար: Եթե դուք որպես լրագրողներ՝ ներկա չեք գտնվել Ոստիկանության շենքի մոտ, ապա որպես ՀՀ քաղաքացիներ՝ պարտավոր եք ներկա գտնվել, քանի որ որեւէ մեկը չէր կարող բացառել, որ Ոստիկանության լուսամուտներից մեկից կարող էր դուրս շպրտվել բերման ենթարկվածներիցս մեկը: Նման նախադեպ արդեն եղել է մի քանի ամիս առաջ: Մեր երկիրն այսօր իսկապես ազատագրման խնդիր ունի»: