Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթից հետո Քոչարյանի չուշացած պատասխանն առավել քան ճշգրիտ նկարագրում էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ բոլոր բաղադրիչներով։ Գործող նախագահն իբր ցավով ասում էր, թե պետականության խորհրդանիշ համարվող Տեր-Պետրոսյանն այդ ելույթով դառնում է շարքային ընդդիմություն։
Քոչարյանի սույն «մտահոգությունն» ըմբռնելու համար նախ հասկանանք, թե ի՞նչ է նշանակում՝ «շարքային ընդդիմություն»:
«Շարքային ընդդիմություն» ասելով, չեմ կարծում, թե գործող նախագահը նպատակ է ունեցել վարկաբեկել կամ վիրավորել պետականության մեր խորհրդանիշին։ Ավելի շուտ աշխատել է նրա ենթագիտակցությունը, որի խորքերից պատահաբար դուրս է մղվել իր իսկ ստեղծած քաղաքական համակարգի մոդելը։ Ըստ գործող նախագահի պատկերացումների՝ իշխանությունը պիտի լինի պալատում, իսկ ընդդիմությունը, եթե այն գրպանի չէ, պետք է փողոցում «քարշ գա»։ Ըստ այդ պատկերացումների՝ իշխանության եւ ընդդիմության երկխոսություն, առավել եւս՝ բանավեճ հնարավոր չէ, որովհետեւ երկխոսության կամ բանավեճի համար գոյություն ունեցող մոտ երկու տասնյակ հեռուստաալիքների մեջ պետք է լիներ գոնե մեկ ազատ եւ առնվազն երկու անկողմնակալ ընկերություն, որոնց եթերում էլ տեղի կունենար «ոչ շարքային» ընդդիմության եւ պալատական իշխանության մտքերի, գաղափարների ու ծրագրերի բախումը։
Ուրեմն ընդդիմության տեղը ցույց տալով՝ Քոչարյանն ուզում էր ասել, որ մեր երկրում քաղաքակիրթ բանավեճ հնարավոր չէ։ Եվ հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է փողոցում, այլ՝ որովհետեւ հենց այնտեղ է ուզում ընդդիմությանը տեսնել ինքը՝ Քոչարյանը։
Սա շատ նման է ղարաբաղյան շարժման առաջին օրերին Մոսկվայից հնչող որակումներին, երբ արդարության ու ազատության համար պայքարող բազմահազար մարդկանց անվանում էին «մորուքավորներ» ու «սեւ վերնաշապիկավորներ»։ Սովետական իրականության մեջ էլ ընդդիմությունը, «փողոցից» բացի, ինքնարտահայտման ուրիշ տեղ չուներ, եթե չհաշվենք բանտերն ու աքսորավայրերը։ Վերջին տարիներին, երբ Գորբաչովն «էքսպորտի» համար բացախոսություն ու բազմակարծություն էր հայտարարել, դարձյալ տեղ չէր տրվում ազատ մարդուն։ Ազատ մարդու ամբիոնը հրապարակն էր, խոսափողը՝ սեփական կոկորդի հնարավորությունը, իսկ զանգվածային լրատվության միջոցը՝ սամիզդատը, որի չնչին տպաքանակը՝ ձեռքից ձեռք փոխանցվելով, գաղափարներ ու ծրագրեր էր տարածում։
Հիմա՝ անկախություն ձեռք բերելուց տասնհինգ տարի անց, դարձյալ եկել է հրապարակի, կոկորդի ու սամիզդատի դարաշրջանը։ Ծանոթ մեկն SMS է ուղարկում, թե ուրբաթ, ժամը հինգին հանրահավաք է լինելու։ Մի ուրիշն էլ շշուկով ականջիդ փսփսում է. «Տեր-Պետրոսյանի ելույթը տեսե՞լ ես», ու պատասխանի չսպասելով՝ առաջարկում ելույթի կամ առաջին նախագահի մասին պատմող տեսաֆիլմի DVD սկավառակը։ Տեսաֆիլմ, որի առանձին դրվագներ այսօր կան ցանկացած աշակերտի կամ ուսանողի բջջային հեռախոսի մեջ։
Ինքս ժամանակին սամիզդատ ամսագրի խմբագիր եմ եղել, եւ երբ հիշում եմ ութսունականների վերջի «հարմարություններն» ու համեմատում այսօրվա հնարավորությունների հետ, ոչ թե ահռելի տարբերություն եմ տեսնում, այլ զարմանում եմ, թե այս իրականության մեջ ո՞նց են իշխանավորները հանդգնում փակ պահել զանգվածային լրատվության իսկական միջոցները։
Այս տարվա սկզբին՝ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում նկարահանումներ անելիս, փոստատան աշխատակցուհուն խնդրեցի ցույց տալ ստացվող թերթերը։ Պատկերը զարմանալի չէր՝ խաչբառների ու սկանվորդների տրցակների մեջ խեղճ կինը հազիվ մի ուրիշ թերթ գտավ՝ մարզական ինչ-որ լրագիր։ Սահմանամերձ այդ գյուղում (եւ ոչ միայն այդ) մարդիկ ադրբեջանական ու վրացական հեռուստաալիքներ են դիտում, իսկ ով ալեհավաք ափսե ունի տանիքում, Հ1-ի արբանյակայինն է նայում, որից հայ իրականության մասին նույնքան պատկերացում կարելի է կազմել, որքան Բուրկինա Ֆասոյի Հանրայինի թողարկումներից։
Այսուհանդերձ, կա մի տարբերություն՝ կարելի է վերցնել բջջային հեռախոսը, զանգել Բարեկամավան ու հայտնել, որ հոկտեմբերի 26-ին հանրահավաք է լինելու կամ հանրահավաք եղավ, որին այսքան-այսքան մարդ էր մասնակցում ու խոսվեց այս-այս հարցերի մասին։ Եվ այդպիսով ընդդիմությունն իր տեղը կգտնի ոչ թե փողոցում, որտեղ նրան ուզում է տեսնել Քոչարյանը, այլ՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տիրույթում։