Երեկ երեկոյան ձերբակալվել էին մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը, ինչպես նաեւ հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկման արշավի ելած եւս 9 քաղաքական եւ հասարակական գործիչներ: Երեկ այդ առիթով ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը պատասխանելով ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցերին, ասել է, որ «համանման երեւույթների դեմ իրենք միշտ պայքարելու են, եւ որեւէ մեկը թույլ չի տա քաղաքական գործիչներին եւ լրագրողներին խուլիգանության դիմել»: Մինչ այդ, լրագրողների հետ զրույցում պարոն Մահտեսյանն ասել էր. «Այս փուլում կալանքի անհրաժեշտություն չի առաջանա, բայց որ երեւույթը` հասարակական կարգի խախտումն ակնհայտ է, փաստ է… Ի՞նչ է, եթե քաղաքական գործիչ են` նրանց թո՞ւյլ է տրվում խուլիգանություն անել»: Իհարկե, թույլ չի տրվում, պարոն Մահտեսյան: Թույլ չի տրվում ճիշտ այնպես, ինչպես եւ հայ պատգամավորներին չի թույլատրվում հայհոյանքներով խոսել ոչ ԱԺ դահլիճում, ոչ էլ Երեւանի փողոցներում: Այնպես, ինչպես չի թույլատրվում «հաբռգած» չինովնիկների «հաբռգած» լակոտներին՝ փողոցում կամ հասարակական վայրերում վիրավորել անցորդներին կամ կրակել` ում վրա պատահի: Ավելի ծանր դեպքերի մասին ավելի լավ է չխոսենք: Միեւնույն է, Դուք դա լավ գիտեք, եւ կարիք չկա այդ ամենի մասին ավելորդ անգամ հիշեցնել: Պարզապես Ձեր ասածը շատ ավելի հիմնավոր կլիներ, եթե օրենքի առջեւ հավասար լինեին բոլորը, այդ թվում` բոլոր ոստիկանները` սկսած նախարարից, վերջացրած «ուչաստկովիով», այլ ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ընդդիմադիր լրագրողները:
Այժմ անդրադառնանք բուն երեւույթին: Հայ հասարակության համար վաղուց արդեն գաղտնիք չէ, թե ո՞ւմ կարելի է ձերբակալել (եւ ում չի կարելի) եւ հատկապես ո՞ւմ հրամանով կարելի է ձերբակալել: Այն պարզաբանումները, թե իբր Նիկոլ Փաշինյանը կամ Շողեր Մաթեւոսյանը (եւ մյուսները) ձերբակալվել են, որովհետեւ հայհոյել են կամ անպատիվ խոսքեր են ասել, ոչ մի քննադատության չի դիմանում, քանզի «դեբիլ» բառը կարող է որպես կոմպլիմենտ ընկալվել այն արտահայտությունների համեմատ (ի դեպ, շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին ուղղված), որոնք բազմիցս տպագրվել են վերոհիշյալ երկու գլխավոր խմբագիրների գլխավորած թերթերում: Այնպես որ, եթե խնդիրը դա լիներ, ապա նրանց վաղուց կձերբակալեին: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ «հիմնականում այդ ժամանակ (քաղաքական լարվածությունների ժամանակ) իշխանությունները գործում են բավականին նենգ, բնականաբար՝ արդյունավետ եղանակով եւ մեծ մասամբ ահաբեկում եւ ձերբակալում են ոչ առաջին դեմքերին եւ դրանով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել ժողովրդի մեջ»: Հետեւաբար այս դեպքը ստանդարտ չէ: Ավելին, եթե իշխանությունների միակ նպատակը վախեցնելը լիներ, ապա նրանք կձերբակալեին հասարակությանն ավելի քիչ ծանոթ անձանց եւ, իհարկե, ոչ մի պարագայում, գոնե այդ գիշեր, նրանց բաց չէին թողնի: Անգամ՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Կենտրոն ոստիկանության մոտ հայտնվեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կամ Ջորջ Բուշը: Առավել եւս, որ այսուհետ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց համար պարզապես շարքային ընդդիմադիր է:
Իսկ այն բանից հետո, երբ երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը հստակ նշեց, որ «Տվյալ դեպքը ձեռնտու չէ ՀՀԿ-ին, այլ ձեռնտու է այն ուժին, որը փորձում է իմիջային փոփոխության խնդիր լուծել», իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ամբիոնից հայտարարեց, որ «Պարզապես այն ցինիզմը, որով պատգամավորին արգելում են իր պարտականությունները կատարել եւ հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել, վկայում է, որ այդ ամենը հրահանգված է ոչ թե գործադիր մարմնից, այլ ավելի վերին օղակներից», գալիս է ապացուցելու, որ իշխանության «աջ ձեռքը առնվազն չի իմանում, թե ի՞նչ է անում ձախը»:
Լիովին համաձայն եմ պարոն Կարապետյանի հնչեցրած վերոնշյալ մտքի հետ: Դրա համար կան մի քանի պատճառներ: Նախ՝ առնվազն միամտություն կլինի կարծել, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, որը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է եւ այս օրերին հանդիպումներ է ունենում ամերիկյան քաղաքական լուրջ շրջանակների հետ, պետք լիներ ձերբակալել երկու անկախ թերթերի գլխավոր խմբագիրներին: Մանավանդ այն պահին, երբ նա պետք է հանդիպեր ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Իսկ եթե իշխանական մի թեւում ցանկանում էին, որպեսզի ընդդիմության հոկտեմբերի 26-ի հանրահավաքը ձախողվի (հենց այդ նպատակով է հեռուստատեսություններին հրահանգված չցուցադրել հանրահավաքի գովազդային հոլովակը եւ եթեր չհրավիրել այդ հանրահավաքի կազմակերպիչներին), ապա շնորհավորում եմ` նրանք, կամա թե ակամա, ամեն ինչ արեցին, որ այն կայանա բարձր մակարդակով: Որովհետեւ Հայաստանում կենցաղային խոսակցությունները շատ ավելի արագ են տարածվում, քան եթերից հնչած յուրաքանչյուր միտք: Եթե «AGB Nilsen»-ի սիրահարները դեմ են այս մտքին, թող հիշեն շաքարավազի պատմությունը եւ իսկույն կհամոզվեն: Ոչ մի հեռուստաընկերություն շաքարավազի գների բարձրացման հետ կապված ոչ մի լուր չէր հաղորդել, սակայն քաղաքում այնպիսի աժիոտաժ էր սկսվել, կարծես նախագահն ամանորյա իր ուղերձում էր այդ մասին ասել: Այնպես որ, այս պատմության մեջ դեռ մեծ հարց է, թե ո՞վ ում PR-ն է անում եւ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս «ակցիան», որի հիմնական զոհերը դարձան մեր գործընկերները: