Լոս Անջելեսի հայ համայնքը երկփեղկված է

12/05/2005 Վարուժան ՆԱԶԱՐԵԹՅԱՆ, Լոս Անջելես-Երեւան

Գլենդելի բնակիչների կյանքում վերջին ժամանակներս քաղաքական ակտիվություն է նկատվում. ապրիլի 5-ին այստեղ տեղի են ունենալու տեղական քաղաքային մարմինների ընտրություններ: Եվ, ինչպես արդեն գլխի եք ընկնում, թեկնածուների մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնց միջեւ էլ հիմնականում ծավալվելու է նախընտրական պայքարը: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ կամ մամուլի էջերում՝ նրանցից յուրաքանչյուրը գլենդելցիներին խոստանում է բարելավել քաղաքային իշխանությունների աշխատանքն ու Գլենդելը դարձնել օրինակելի քաղաք: Ճիշտն ասած՝ այս ամենն ինձ մի փոքր զարմացնում է, որովհետեւ թվում է, թե «Գլենդավանում» (ես այսպես եմ անվանում քաղաքը, որ վաղուց արդեն դարձել է հայերի երկրորդ հայրենիքը) բարելավելու բան առանձնապես չկա. առանց այդ էլ բոլոր ծառայություններն աշխատում են ժամացույցի մեխանիզմի նման: Էլ չենք խոսում այն մասին, որ տեղի բյուջեն «տառապում է» խրոնիկական ավելցուկով: Եվ այնուամենայնիվ, այստեղի ընտրություններին մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ դրա արդյունքներից է կախված, թե ով է ղեկավարելու քաղաքային ծառայություններն ու դեպարտամենտները՝ հայաստանցի՞, թե՞ Մերձավոր Արեւելքից դուրս եկած հայը: Հարցը կարեւոր է, քանի որ այսօր հայաստանցի եւ ոչ հայաստանցի հայերի (հատկապես` մերձավորարեւելյան երկրներից) միջեւ գոյություն ունի որոշակի հակակրանք, որն ինչ-որ տեղ հասկանալի է, եթե հաշվի առնենք սովորույթների, կենցաղի, մշակույթի ու լեզվի տարբերությունները: Օրինակ՝ վերջիններս չեն կարողանում ներել առաջիններին` նրանց արեւելահայերենը, որն անվանում են «սովետական հայերեն», եւ համարում են, որ այն ընդհանուր բան չունի «մայր» լեզվի հետ: Նրանց դուր չի գալիս նաեւ այն, որ հայաստանցիներն առանձնապես չեն պահպանում կրոնական ծեսերը, «հայեցի» դաստիարակություն չեն տալիս իրենց երեխաներին: Նրանց հետ կարելի է վիճել, բայց եւ հասկանալ կարելի է: Մինչեւ ԱՄՆ գալը նրանք ապրել են հիմնականում մուսուլմանական երկրներում եւ ստիպված են եղել ամեն կերպ պահպանել իրենց սովորույթները, մշակույթն ու լեզուն: Այլապես նրանք ուղղակի կձուլվեին՝ կորցնելով իրենց հայությունը: Եվ միանգամայն հասկանալի է, որ ապրելով այդ երկրներում, հայերը ինքնապահպանման բնազդ են ձեռք բերել, այսպես ասած՝ իմունիտետ ունեն միաձուլումից: Նրանք իրենց Ամերիկայի քաղաքացիներ են համարում, սակայն միաժամանակ չեն մոռանում իրենց արմատները, իրար հետ խոսում են միմիայն հայերեն եւ պահպանում բոլոր հայկական սովորույթները: Իսկ մեր հայերը ճիշտ հակառակն են. իրենց ամերիկացի չեն համարում, կուրծք են ծեծում՝ ամեն առիթով հիշեցնելով իրենց հայ լինելու մասին, սակայն սպունգի նման ներծծում են ամերիկյան կենցաղն ու սովորույթները: Նրանք, ի տարբերություն մուսուլմանական երկրներից եկած հայերի, առանձնապես չեն ձգտում հայկական կրթություն տալ իրենց երեխաներին, հիմնականում ֆինանսական պատճառներից ելնելով: Նրանք միշտ չէ, որ ի վիճակի են վճարելու ուսման վարձը մասնավոր հայկական դպրոցներում ու ստիպված են երեխաներին ուղարկել անվճար ամերիկյան դպրոցներ: Սակայն նկատենք, որ հայ երեխաներն այնքան էլ կտրված չեն ազգային ավանդույթներից: Հայերով խիտ բնակեցված շրջաններում գործում են ամենատարբեր խմբակներ, ակումբներ ու կենտրոններ՝ սպորտդպրոց, արվեստի ստուդիաներ եւն: Սակայն ամենից մեծ մասսայականություն են վայելում բազմաթիվ պարային խմբակները, որոնք աճում են սնկերի նման: Իմ կարծիքով, այսպիսի կենտրոնները մի ավելի կարեւոր գործ են անում. հենց դրանք են նպաստում, որ մեր երեխաները չմոռանան իրենց մայրենի լեզուն ու սովորությունները:

Իսկ բոլորովին վերջերս Լոս Անջելեսի հայ համայնքում թեժ վեճեր սկսվեցին այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է այս տարի նշվի ցեղասպանության տարելիցը: Համայնքը բաժանվել է երկու ճամբարի. մի մասն առաջարկում է վարձակալել հսկայական սրահ՝ 90.000 տեղով, մյուսները գտնում են, որ դա սխալ է, քանի որ դժվար թե այդքան մարդու հնարավոր լինի հետաքրքրել Հայոց ցեղասպանությամբ, իսկ կիսադատարկ դահլիճն ամոթ ու խայտառակություն կլինի հայերի համար: Նրանց կարծիքով՝ 10.000 տեղանոց սրահն ավելի հարմար կլինի: Գոյություն ունի հայերի մի ուրիշ կատեգորիա, որոնք ընդհանրապես դեմ են նման միջոցառումների անցկացմանը: Նրանք պնդում են, որ դրանով ավելորդ անգամ զայրացնում ենք ամերիկացիներին, որոնք բան չեն հասկանում Հայկական հարցից ու, այսպես ասած, թքած ունեն մեր խնդիրների վրա: Դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի վեճը, բայց պարզ է մի բան, որ նույնիսկ բոլոր հայերի համար ցավոտ այնպիսի հարցում, ինչպես Ցեղասպանությունն է, հայ համայնքի ներկայացուցիչները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Հայացքների տարբերությունն ամեն ինչում է երեւան գալիս: Օրինակ՝ այդպես էր Հայաստանի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը մեր արյան մեջ է նստած: Հայաստանում իրար տանել չեն կարողանում ասենք` երեւանցին ու ղարաբաղցին, լենինականցին ու կապանցին, եւն: Իսկ այստեղ իրանահայն իրեն ավելի հայ է համարում, քան լիբանանցին է, իսկ վերջինս, իր հերթին, չի ընդունում երեւանցուն: Եվ, որ ամենատխուրն է, նման անհանդուրժողականություն գոյություն ունի նաեւ այստեղի երկու եկեղեցիների՝ Էջմիածնի ու Անթալիայի միջեւ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է հոգեւոր առաջնորդ դառնալ: Դրանից առաջին հերթին տուժում է համայնքը, որն առանց այդ էլ դժվարությամբ է դիմադրում ասիմիլյացիայի՝ գնալով մեծացող վտանգին: Պարզ է, որ համայնքի շատ ներկայացուցիչներ, հատկապես` երիտասարդները, ի վերջո հոգնում են այդ ամենից ու ընտրում ավելի հեշտ ճանապարհ՝ ամերիկյան ապրելակերպը, որտեղ ամեն ինչ պարզ է ու հասարակ: Ուտում ես համբուրգեր, նայում էժանագին ամերիկյան կինո, լսում ռեփ, խոսում սեքսի ու բեյսբոլի մասին եւ գլուխդ չես ծանրաբեռնում այնպիսի «անպետք» բաներով, ինչպես` ազգ ու ազգություն, Հայրենիք ու արմատներ, ազգային ինքնագիտակցություն, եւն:

Եվ ո՞րն է ելքը: Իմ կարծիքով, խնդրի լուծման բանալին հենց Հայաստանում է: Մեր այսօրվա իշխանություններն ուղղակի պարտավոր են գործնական օգնություն ցուցաբերել համայնքին (խոսքը, եթե կուզեք, բարոյական օգնության մասին է), որը կարեւոր դեր է խաղում ինչպես մեր պետականության կայացման, այնպես էլ` ողջ հայության կյանքում: