Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակը երկու օր առաջ ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությանը նամակով տեղեկացրել է, որ միջազգային մրցույթով «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման համար հայտ ներկայացրած երկու կազմակերպության առկայությունն այնքան էլ չի բավարարում ՀԲ-ի սպասելիքները:
ՀԲ-ի Երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը փոքր-ինչ դիվանագիտորեն ձեւակերպեց նախարարությանն ուղարկած նշյալ գրության բովանդակությունը: «Հայկական երկաթուղու կառավարման հանձնման հարցով արդեն երկու տարի է՝ մենք բանակցում ենք Կառավարության հետ: ՀԲ-ն աջակցել է կոնցեսիոն կառավարման անցնելուն, նույնիսկ ֆինանսավորել է որոշակի ուսումնասիրությունների անցկացումը: Կառավարությունն իր ժամանակացույցով առաջ է գնում, եւ ՀԲ-ն` հետեւելով այս զարգացումներին, հարկ է համարել հիշեցնել նախարարությանը, որ պահպանեն մրցույթի անցկացման թափանցիկությունը»,- ասում է Վիգեն Սարգսյանը` տեղեկացնելով, որ ՀԲ-ի պահանջներից է նաեւ «Հայկական երկաթուղում» կորպորատիվ կառավարման անցնելը: Սա նշանակում է, որ պետք է լինի կառավարման խորհուրդ, որտեղ պետք է ներկայացված լինեն եւ՛ կառավարության, եւ՛ հասարակական հատվածի ներկայացուցիչները: ՀԲ-ն կառավարման գնացող «Հայկական երկաթուղին» գրավիչ դարձնելու համար առաջարկել է զգալիորեն կրճատել աշխատողների թիվը: «Այո, նման կետեր ներառված են ՀԲ-ի առաջարկություններում»,- հաստատեց Վիգեն Սարգսյանը: «Հայկական երկաթուղին» ունի շուրջ 5000 աշխատող, եւ մեր տեղեկություններով` մոտ 50 տոկոս կրճատումներ են լինելու: Մինչդեռ իրավասուները բազմիցս են հայտարարել, որ կառավարման հանձնվող երկաթուղում կրճատումներ չեն լինելու: Սակայն այստեղ բավականին հետաքրքիր է այն, թե ի՞նչ թափանցիկության մասին է խոսքը, երբ մյուս կողմից էլ ՀԲ-ից ասում են, որ Կառավարությունը չի խախտել ՀԲ-ի առաջարկած պայմանները: Հիշեցնենք, որ միջազգային մրցույթի արդյունքում «Հայկական երկաթուղու» կառավարման համար հայտ է ներկայացրել երկու կազմակերպություն` «Ռուսական երկաթուղիները» եւ հնդկական «Ռայթս» ընկերությունը:
Մինչեւ հոկտեմբերի 15-ը Նախաորակավորման հանձնաժողովը պետք է որոշեր, թե որ կազմակերպություններն են անցել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կառավարման համար սահմանված նախաորակավորման փուլը: Կապի եւ տրանսպորտի նախարարության տրանսպորտի ԾԻԳ-ի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը մեզ տեղեկացրել էր, որ նախաորակավորման փուլն անցել են «Հայկական երկաթուղով» հետաքրքրված երկու կազմակերպություններն էլ: «Բուն մրցութային հայտերի բացումը նախատեսվում է հունվարի 15-ին, որտեղ էլ պարզ կդառնա հաղթող կազմակերպության անունը: Դեռեւս ֆիքսված չէ, թե որքան են տեւելու «Հայկական երկաթուղին» հանձնելու բանակցությունները: Կոնցեսիոն պայմանագրով «Հայկական երկաթուղին» կառավարման է հանձնվելու 30 տարով, եւ ներդրումների չափը պարզ կլինի ընկերությունների առաջարկից»,- ասել էր Բախտամյանը:
«Հայկական երկաթուղին» «Ռուսաստանի երկաթուղիների» ճիշտ 1 տոկոսն է կազմում: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` ՌԴ-ն 30 տարում կատարելու է մոտ 120 մլն դոլարի ներդրում, որն ավելի շատ պահպանման ծախս կարելի է համարել: Ռուսաստանի համար հայկական երկաթուղին շահավետ բիզնես չի համարվում: Չի բացառվում, որ նոր կառավարիչ ռուսական կողմն ընդհանրապես դադարեցնի ներքին ուղեւորափոխադրումները, քանի որ երկաթուղին այստեղ վնասով է աշխատում: Այս ծրագիրը Ռուսաստանի օգտին է աշխատելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուց հետո միայն:
Մրցույթի մասնակից երկրորդ` հնդկական կազմակերպության մասին ինտերնետ համաշխարհային ցանցից տեղեկացանք, որ «Ռայթսը» մայիսին ձեռք է բերել Տանզանիայի երկաթուղու 51 տոկոսը եւ առաջին հինգ տարիներին կատարելու է 44 մլն դոլարի ներդրում: 1974-ին ստեղծված այս ընկերությունը խիստ հմտացած է երկաթուղու կառավարման, մենեջմենթի, խորհրդատվության եւ այլ ծրագրերում: Ասիայի, Միջին Արեւելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի մետ 20 երկրների երկաթուղային համակարգում վերջինս ներկայումս որոշակի գործունեություն է իրականացնում: «Ռայթսը» կառավարման է վերցրել նաեւ Իրանի երկաթուղային ուղեւորափոխադրումները եւ աշխատում է միջազգային ուղեւորափոխադրումների ուղղությամբ: Իսկ ԱՊՀ երկրներից իրենց երկաթուղին հնդիկներին է վստահել Տաջիկստանը: ՀՀ կառավարության համար ընդունելի է, որ «Հայկական երկաթուղու» կառավարումը հանձնվի Ռուսաստանին, եւ այս մասին ասել է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Կասկած անգամ չկա, որ այս մրցույթում միանշանակորեն ռուսական կողմն է հաղթելու եւ անգամ Ա. Մանուկյանը 2008-ի մարտի 15-ը «Հայկական երկաթուղին» հանձնելու վերջնաժամկետն է համարել: Մինչդեռ իր ղեկավարած գերատեսչության ԾԻԳ-ի տնօրենն էլ ասում է, որ դեռեւս նշված չէ, թե որքան են տեւելու նոր կառավարչի հետ բանակցությունները: ՀԲ-ի համար էլ է պարզ, որ արդեն որոշված է, թե ով է լինելու «Հայկական երկաթուղու» կառավարիչը, եւ փորձում է «թափանցիկության կոնտեքստում» իր անհամաձայնությունը հայտնել ռուսական ներկայության վերաբերյալ: Կհրաժարվի՞ Կառավարությունն իր մտադրություններից, թե՞ ոչ` դժվար է ասել: Եթե, իհարկե, ՀԲ-ն չկոշտացնի իր դիրքորոշումը: