«Ինձ մի դրեք բոբոյի տեղ»,- ասում է Սամվել Բաբայանը

28/10/2007

«Բաբայանը որեւէ մեկին չի պաշտպանում, Բաբայանն ուղղակի ուզում է, որ իրեն «բոբոյի» տեղ չդնեն. Բաբայանը ժանդարմ չէր, որ Ղարաբաղից բոլորին քշեր: Հիմա էլ փորձում են վիճակը սրել եւ ինձ օգտագործել Սերժ Սարգսյանի դեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում մեկնաբանելով իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները` ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

«Շատ հոյակապ, նորմալ հարաբերություններ ունեմ Սերժ Սարգսյանի հետ. գաղափարական՝ արտաքին քաղաքական կամ այլ հարցերում, կարող է իրար չհասկանանք, բայց թշնամանք չկա»,- ասել է Սամվել Բաբայանը: Նա խորհուրդ է տվել փաստերով գնահատականներ հնչեցնել իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին. «Կան փաստեր, փաստաթղթեր, սեւով սպիտակի վրա գրված՝ հրաժարական, հրամանագիր եւ այլն: Եվ, ի վերջո, կա 1997 թվականին Վազգեն Սարգսյանի ելույթը, որում ասում է՝ «Ես ինքս եմ գնացել Սերժ Սարգսյանին խնդրել, բերել,- իր եւ Սարգսյանի միջեւ անընդհատ արծարծվող հակասությունները հերքել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Դաշինք» կուսակցության նախագահ Ս. Բաբայանը` հավելելով,- Հարաբերությունների սրում որեւիցե ժամանակ չի եղել, արդեն 17-18 տարուց ավելի մոտիկից ճանաչում եմ Սերժ Սարգսյանին եւ որեւիցե անգամ բարձր ձայնով իրար հետ խոսացած չկանք»:

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք այսօր իրենք հանդիպում են` «Դաշինք» կուսակցության նախագահը պատասխանել է. «Հանդիպումներ լինում են, բայց ոչ շատ հաճախ, ասենք` 3 ամիսը մեկ: Քոչարյանի հետ վերջին 2 տարում մեկ անգամ եմ հանդիպել»:

«Ա1+»-ի դիտարկմամբ` Սամվել Բաբայանի համար փոքր-ինչ անհասկանալի է մեր քաղաքական դաշտում ընդդիմության եւ իշխանության գործառույթը. ըստ նրա, այս բեւեռների դասական իմաստը Հայաստանում խեղաթյուրված է. «Հայաստանում իշխանության եւ ընդդիմության տարանջատումն այսօր պայմանավորված է միայն մեկի իշխանություն ունենալով, մյուսի` չունենալով: Վերջ»: Սամվել Բաբայանը նկատում է, որ ինքը դատավոր չի, որ ասի՝ իշխանությունը վատն է:

«Դատավորը ժողովուրդն է, որն ընտրությունների միջոցով արտահայտում է իր կարծիքը. եթե չի ընդունում ընտրության արդյունքը՝ ըմբոստանում է: Չըմբոստացավ: Ուրեմն բոլորին ձեռք է տալիս այս վիճակը, եւ ավելորդ է այդ մասին խոսելը: Ընդդիմադիր գործիչները, երբ տեսնում են ղեկավարներին, երկու ձեռքով են բարեւ տալիս, երկու անգամ էլ խոնարհվում են, բայց միեւնույն է` իշխանությունը աշխատանք չի առաջարկում, դրա համար ասում են՝ ընդդիմություն ենք»,- ընդդիմության որոշ ներկայացուցիչներին այսպես է բնութագրել Սամվել Բաբայանը: «Ես ունեմ իմ հայացքները, որոնք ձեւավորվել են 1997-1999թթ.: Պետք է դատել հայացքներով ու գաղափարներով: Եթե աշխարհայացքդ համընկնում է իշխանության հետ, ուրեմն իշխանություն ես, եթե չի համընկնում ու դրա մասին բարձրաձայն ասում ես, ուրեմն ընդդիմություն ես»,- ասել է նա:

Ս. Բաբայանը գտնում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններով իշխանության հարցը մեծ հաշվով լուծված է, թեեւ չի թերագնահատում նաեւ նախագահական ընտրությունները: «Նախագահական ընտրություններում դեռ կկողմնորոշվենք: Այդ առումով հետեւում ենք բոլոր գործընթացներին: Սակայն, արդեն կա պառլամենտական մեծամասնություն, որն էլ որոշում է կառավարության ծրագրերը եւ քաղաքականությունը: Ուստի մեծ ակնկալիքներ նախագահական ընտրություններից առանձնապես չունենք»,- ասել է «Դաշինքի» նախագահը:

«Ա1+»-ի հետ զրույցում ԼՂՀ բանակի նախկին հրամանատարը խոսել է նաեւ քաղաքական այն ուժերից, ովքեր խոսում են ազատականությունից` առանց հասկանալու դրա իմաստը. «Ես այսպես եմ հասկանում. ամեն մի մարդու մեջ կա չարիք, եւ այդ չարիքը սահմանափակվում է օրենքներով: Նույն օրենքներն էլ օժանդակում են մարդուն դրսեւորելու իր դրական լիցքերը` հանուն իր պետականության: Այ, սրանով սկսվում եւ ավարտվում է ազատականությունը: Ազատականությունը դնելը, գոռալն ու հայհոյելը չի: Ազատականությունը կատարյալ եւ պարզեցված օրենսդրական դաշտ ստեղծելն է, օրենքներ առանց սողանցքների, առանց երկիմաստության: Օրենքներ, որոնք հնարավորություն չեն տալու չինովնիկներին՝ իշխան զգալ: Օրենքներ, որոնք սահմանափակելու են նույն չինովնիկների դերակատարությունն ընդհանրապես: Այ, սա է իմ պատկերացրած ազատականությունը»: