Երեւանի ջրամատակարարման բարելավման առաջին վարկային ծրագրի շահագրգիռ կողմերը բավական շատ են՝ Համաշխարհային բանկ (ՀԲ), իտալական «Էյ Յութիլիթի» ընկերություն, ՀՀ կառավարություն, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն, Ջրային տնտեսության պետական կոմիտե, «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) եւ այլն:
Բազմաթիվ են նաեւ այդ ծրագրի հետ կապված անձանց անունները, որոնք լայն հասարակությանը հայտնի մարդիկ են՝ Գագիկ Մարտիրոսյան, Վահան Հովհաննիսյան, Ռոջեր Ռոբինսոն, Վարազդատ Ավոյան, եւ, ի վերջո, Ռիչարդ Վոլքլինգ: Թեմայի շրջանակներում եւ տարիների ընթացքում այս մարդկանց շատ է անդրադարձ եղել, եւ բոլորն էլ ստացել են իրենց բաժին «թուքումուրը»: Սակայն այս անունների շարքում մի տեսակ ստվերում է մնացել Ռիչարդ Վոլքլինգը, ով հասարակությանը ներկայացել է որպես անկախ օպերատոր «Էյ Յութիլիթիի» լիազոր ներկայացուցիչ: Կարծիք կա, որ ԵՋԿ-ում տեղի ունեցած բոլոր չարաշահումները կատարվել են այս մարդու ձեռքով: Համենայնդեպս, այդպիսի կարծիք ունեին Օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների եւ վարկերի արդյունավետությունը ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի մասնագետները:
Եվ այսպես, Երեւանի ջրամատակարարման բարելավման վարկային ծրագրի պայմանագիրն ուժի մեջ է մտել 2000թ. մայիսին, նույն ժամանակ Ռ. Վոլքլինգը նշանակվել է «Էյ Յութիլիթիի» լիազոր ներկայացուցիչ: Բայց հաջորդ ամսին՝ հունիսին, Վոլքլինգը Ջրպետկոմի համաձայնությամբ նշանակվում է նաեւ ԵՋԿ գլխավոր տնօրեն: Այդ երկու պաշտոնները նա զբաղեցրել է մինչեւ ծրագրի ավարտը: Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը մեզ հետ զրույցում երկու փաստաթուղթ ներկայացրեց, որտեղ մի դեպքում՝ մեր հերոսը ստորագրել էր որպես գլխավոր տնօրեն, մյուս դեպքում՝ որպես «Էյ Յութիլիթիի» լիազոր ներկայացուցիչ: Տեղեկացնենք, որ ՀԲ-ի հիմնական պայմաններից մեկն այն էր, որ վարկային ծրագիրն իրականացնող օպերատորը պետք է լինի անկախ: Իսկ այս նշանակումը խախտում է այդ պայմանը: Ենթադրվում է, որ ՀԲ-ն այդ փաստի հետ կապված պետք է իր անհամաձայնությունը հայտներ: Սակայն նման հայտարարություն ՀԲ-ի կողմից չի եղել: Ըստ Բ. Թասկերի` նման փաստաթուղթ չի ստացել նաեւ խորհրդարանական հանձնաժողովը: Այդպիսով կարելի է ենթադրել, որ այդ համատեղումը կատարվել է ՀԲ-ի լուռ համաձայնության շրջանակում: Նույն կերպ կարելի է եզրակացնել, որ ՀԲ-ն տեղյակ է եղել ԵՋԿ-ում տեղի ունեցած բոլոր չարաշահումների մասին: Բ. Թասկերի ասելով՝ 2000թ. հունիսին, երբ Վոլքլինգը նշանակվել է ԵՋԿ-ի գլխավոր տնօրեն, «Էյ Յութիլիթիի» լիազոր ներկայացուցիչ է նշանակվել ընկերության ճարտարապետ Հենզել Եղիազարյանը: Այս նշանակումը եղել է միայն թղթի վրա, իսկ Վոլքլինգը, ինչպես տեսնում ենք, տարիների ընթացքում շարունակում է գործել որպես անկախ օպերատորի ներկայացուցիչ եւ որպես ԵՋԿ գլխավոր տնօրեն: Թասկերի ասելով՝ հենց գլխավոր տնօրենի պաշտոն զբաղեցնելն է, որ Վոլքլինգին թույլ է տվել տասնյակ միլիոնների՝ վարկային 30 մլն դոլարից ավելի ֆինանսական մեքենայություններ անել: Բանն այն է, որ «Էյ Յութիլիթիի» լիազոր ներկայացուցիչը պատասխանատու է ծրագրի իրականացման համար, իսկ գլխավոր տնօրենը՝ այդ ամենի հետ միասին, նաեւ ֆինանսական գործունեության համար: Ֆինանսական մեքենայությունների մի օրինակ մենք ներկայացրել էինք մեր թերթի նախորդ հրապարակման մեջ (թիվ 107), երբ պատմում էինք ԵՋԿ-ի անշարժ գույքի գնահատման եւ վերագնահատման մանրամասների մասին: Ըստ բրիտանացի ինժեների` նման խոշոր մեքենայությունները մի քանիսն են:
Սովորաբար ընդունված է, որ վարկային ծրագրերն ունենան խորհրդատվական ծառայություններ: Դա վարկատուի պահանջներից է, վարկային գումարից այդ բաղադրիչին հատկացվում է կոնկրետ գումար: Որպես կանոն՝ խորհրդատվություն պետք է տան միջազգային բարձրակարգ մասնագետները: Հայաստանում իրականացվող բոլոր վարկային ծրագրերի հետ կապված միշտ կարծիք է եղել, որ խորհրդատվական ծառայությունը կամ դրա վրա ծախսված գումարը «ջրի տարած է»: Այս ծրագրի հետ կապված նման ակնարկներ էր անում նաեւ հանձնաժողովի նախագահ Վ. Հովհաննիսյանը 2004թ. մարտին ԱԺ-ում հնչեցրած իր հայտնի ելույթում: 2004թ. Վոլքլինգը հանձնաժողովին ներկայացրել է միջազգային փորձագետների 50 հոգանոց մի ցուցակ` նշելով, թե ցուցակում ընդգրկված անունները ծրագրի իրականացման ժամանակ եկել են Հայաստան, խորհուրդ են տվել եւ մեկնել: Պարզ է, որ այդ ցանկում խորհրդատվության ամենամեծ ժամկետը նշված էր Վոլքլինգի անվան դիմաց՝ 43,5 ամիս, որովհետեւ նա «Էյ Յութիլիթիի» կողմից նշանակված հիմնական խորհրդատուն էր: Պարզ է, որ նա ամենամեծ գումարն է ստացել: Ժամանակին նույնիսկ մամուլում հրապարակում եղավ, թե նա ամսական 12.000 դոլար է ստացել, 4 տարիների ընթացքում` ավելի քան կես մլն դոլար: Թասկերի ասելով՝ հանձնաժողովն այդ ժամանակ հարցումով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ ճշտելու համար, թե ցուցակում նշված այդ 50 հոգին իսկապե՞ս եկել են մեր երկիր: ԱԱԾ-ն պատասխանել է, որ այդ ցանկից հայտնի են միայն 14 անուններ: Այսինքն` մյուս անունները եղել են միայն թղթի վրա, որպես խորհրդատուներ այս ծրագրում ընդգրկված չեն եղել: Պարզապես ցանկը մեծ են կազմել լրացուցիչ գումարներ աշխատելու համար: ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովն այդ հարցը բարձրացրել է, սակայն պատասխան չի ստացել: Դրանից հետո` 2004թ. մայիսին, «Էյ Յութիլիթին» դիմել է ՀԲ ծրագրի ժամկետը երկարացնելու համար՝ ակնկալելով նաեւ 2 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում: Ի դեպ, այդ գումարի մեծ մասը նախատեսված է եղել խորհրդատվության համար: Այդ ժամանակ արդեն ընկերությունը ներկայացրել է ընդամենը 16 հոգանոց խորհրդատուների ցանկ: Եվ զարմանալին այն է, որ այդ ցանկում արդեն Վոլքլինգի անունը չկար: Սա նշանակում է, որ Վոլքլինգը ոչ թե «Էյ Յութիլիթիի» լիազոր ներկայացուցիչն է, այլ՝ ԵՋԿ-ի գլխավոր տնօրենը: Փաստորեն, այս հանգամանքը ընդունվել է նաեւ ՀԲ-ի կողմից: Տեղեկացնենք նաեւ, որ միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու հարցն այն մեղադրանքներից մեկն է, որն ամերիկյան GAP-ն ընդունել է որպես շահերի բախում: Ընդ որում, այդ երկրորդ ցանկում անուններ կան, որոնք չկան 50 հոգանոց ցանկում: Բացի այդ, երկրորդ ցանկում նշված են տեղական խորհրդատուների 10 պաշտոններ, սակայն կատարողների անունները նշված չեն: Փոխարենը գրված է՝ «to be named»՝ կնշանակվի կամ կներկայացվի: Եթե այդ մարդիկ 2000-2004թթ. խորհրդատվություն են իրականացրել, ինչո՞ւ նրանց անունները չի նշվում: Չի բացառվում, որ նրանք նույնպես գոյություն չեն ունեցել, պարզապես ցանկը հասկանալի պատճառներով արհեստականորեն ուռճացվել է:
Ծրագրի հետ կապված մի հետաքրքիր հանգամանք եւս: Պայմանագրով նախատեսված էր, որ անկախ արդյունքներից՝ իր ծառայությունների համար «Էյ Յութիլիթին» յուրաքանչյուր տարի պետք է ստանար 375.000 դոլար: Բացի այդ, ծրագրի մոտ 100 պահանջները գերազանց կատարելու համար յուրաքանչյուր տարի պետք է ստանար նույն չափի պարգեւատրում: Ընկերությունը, եթե այդ 100 պահանջներից նույնիսկ մեկը չապահովեր, ապա քիչ պարգեւատրում կստանար, իսկ վատ ցուցանիշներ ունենալու դեպքում ընդհանրապես կզրկվեր այդ հավելավճարից: Առաջին տարում պարզվել է, որ ընկերությունը ձախողել է ծրագիրը, ուրեմն պարգեւատրումը չպետք է ստանար: Սակայն այդ ժամանակ կողմերը որոշել են փոխել պայմանագրի պահանջները եւ այնպես են արել, որ «Էյ Յութիլիթին» եթե 1 գնահատական էլ ստանա, այսինքն` եթե նույնիսկ ավելի ցածր էլ գնահատվի, ստանա իր պարգեւատրումը: Պայմանագրային պահանջները փոխելու փաստաթղթի տակ ստորագրել էին Ջրպետկոմի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, Համայնքների զարգացման ԾԻԳ-ի ղեկավար Վարազդատ Ավոյանը, եւ Վոլքլինգը` արդեն որպես «Էյ Յութիլիթիի» ներկայացուցիչ: Ահա այսպիսի պատմություններ:
Ինչո՞ւ ենք այսքան ուշադիր այս ծրագրի եւ դրա հետ կապված ցանկացած չարաշահումների ու մեղադրանքների նկատմամբ: Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրի համար ՀՀ կառավարությունը ՀԲ-ից առաջին անգամ վերցրել է 32 մլն դոլար վարկ: Դա տոկոսով պարտք է, որը վաղ թե ուշ պետք է մարվի: Թասկերի ներկայացրած վերոնշյալ փաստերից, սակայն, պարզվում է, որ պարտք վերցրած գումարները խորհրդատվության եւ տարբեր անունների տակ փոշիացվել են, եւ, որ համակարգում համապատասխան արժողության աշխատանքներ չեն իրականացվել: Ո՞ւր է գլխավոր փոշիացնողներից մեկը՝ Ռիչարդ Վոլքլինգը: Վոլքլինգն ու մյուսներն իրենց արածն արել- գնացել են, իսկ մեր սերունդները պետք է վճարեն նրանց մսխած տասնյակ միլիոնները: Հիմա մնում է հուսալ, որ գոնե Լոնդոնի Կոպիտ խախտումների գրասենյակը կբացահայտի նրա կատարած մեքենայությունները եւ պատասխանատվության կենթարկի նրան: Չէ՞ որ, Ռոբինսոնի նման, Վոլքլինգն էլ Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: