Որքան մոտենում են ՀՀ նախագահական ընտրություններն, այնքան մեր քաղաքացիների հիասթափությունը մեծանում է: «Աթոռակռվի ժամանակ մարդկանց իրական դեմքը պատռվում է»,- ասում է տաքսու վարորդներից մեկն ու խորհուրդ է տալիս ուշադիր հետեւել քաղաքական իրադարձություններին՝ մեր լիդերների իրական դեմքը ճանաչելու համար:
«Կարեւոր ա չծախվելը»
Վարորդ Գուրգենն, ով տեղյակ է քաղաքական դաշտում կատարվող ամեն մի մանրուքին, ասում է՝ «Տեղյակ եմ, որովհետեւ որպես քաղաքացի՝ ես ուզում եմ մասնակից լինել եւ գնահատական տալ մեր երկրի ղեկավարների գործողություններին: Մեր սերվիսի վարորդներն ինձ ձեռ են առնում, ասում են, որ ես շատ քաղաքականացված եմ, բայց ես էլ իրանց ասում եմ, որ յուրաքանչյուր մարդ պիտի հետեւի իշխանությանն ու իրա նկատողություններն անելու հնարավորություն ունենա: Ճիշտ ա, մեր երկրում հասարակ քաղաքացու կարծիքն էդքան էլ չի արտահայտվում, բայց կան ձեւեր, որի միջոցով մեր խոսքը տեղ ա հասնում: Օրինակ՝ ես կարծում եմ, որ, եթե հասարակ քաղաքացին պահանջատեր չեղավ, ուրեմն՝ իշխանությունը երբեք չի բավարարի քաղաքացու կարիքները: Մեզ մոտ ամեն մի պաշտոնյա իրան թագավոր ա համարում, բայց էդպես չի: Պաշտոնյան երկրի ծառան ա, նա պիտի ծառայի իր ժողովրդին: Ժողովուրդը պիտի պահանջի, որ ղեկավարը լավ աշխատի: Մեր երկրում բոլորը ձեռքերը լվացել ու սսկված նստել են: Ասում են՝ իշխանությունը լավ չի աշխատում, բայց երբ գալիս ա իրանց քաղաքացիական պարտականությունը կատարելու ժամանակը՝ անմիջապես 2 կոպեկով ծախվում են: Նման մարդիկ իրավունք չունեն պաշտոնյայից բան պահանջել, որովհետեւ իրանք իրանց վարքով արդեն շատ բացասական մարդիկ են,- ասում է Գուրգենը՝ շարունակելով,- հիմա, եթե ես ասեմ, որ էսինչ թեկնածուին եմ ընտրելու՝ սուտ կլինի, որովհետեւ դեռ շուտ ա: Ես շատ ուշադիր հետեւում եմ մեր բոլոր պաշտոնյաների ելույթներին, պատասխաններին, շարժուձեւին: Օրինակ՝ նկատել եմ, որ ինչքան մոտենում են ընտրություններն, էնքան թեկնածուներն անսկզբունքային են դառնում: Մի տեսակ շփոթություն կա մեջները, ոնց որ չգիտեն, թե իրանց ո՞նց պահեն, որ համ իշխանությունների հետ չթարսվեն, համ էլ ժողովրդի աչքին լավը երեւան: Բայց էդ ավելի հիասթափեցնող ա, որովհետեւ, եթե մինչեւ էս ինքը շատ համարձակ էր, հիմա արդեն զգուշավոր ու վախեցած ա խոսում: Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ու մեծ սպասում ունեմ, որ թեկնածուներից մեկն իր ելույթում կասի, որ՝ ժողովուրդ ջան, խոստանում եմ, որ ամեն մի դիպլոմավոր էս երկրում իրա տեղը կգտնի: Էդ շատ կարեւոր ա, ես, արդեն 2-րդ տարին ա՝ տաքսի եմ քշում, բայց հավատս չի մեռել, որ վաղը ես մի հաստատությանը պետք եմ լինելու: Ինձ դա ա պահում, թե չէ հենց հույսս կորցրի՝ ուրեմն՝ ավելի լավ ա՝ գնամ, ինձ մոստից գցեմ»: Գուրգենի կարծիքով՝ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ շատ անսպասելի բաներ են կատարվելու, որովհետեւ ժողովրդի հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ մեծացել է: «Մարդիկ ոտքի են կանգնելու, ասածս լավ հիշեք: Շատերն են սկսել հասկանալ, որ իրանց երեխեքի վաղվա օրը կախված ա հենց էդ ընտրություններից: Ուղղակի կարեւոր ա չծախվելը»:
«Էդ Սովետի հերը շուն դառնա, հա՜…»
Վարորդ Սուրենն, ով մշտապես հայհոյում է կոմունիստների ժամանակաշրջանն, ասում է՝ «Լեւոնը բում ա անելու, ու բոլորն են էդ հասկանում: Լեւոնի հայտնվելը պատահական չի, ինքը վստահ ա, որ անցնելու ա, դրա համար էլ միանգամից եկավ, որ սրանց հախից գա: Էս խունտան նենց ա ոչնչանալու, որ մենք էլ չենք իմանա, թե դրանց հախից ոնց եկան: Ես հավատում եմ, որ Լեւոնը էդ մանր-մունր ընդդիմություններին մի հատ լավ թափ կտա, խելքները գլուխները կհավաքեն ու կմտնեն քաղաքական դաշտ: Թե չէ, էս 10 տարի ա՝ ընդդիմություն են խաղում, բայց անկյուններում կուչ եկած մի բան չեն կարում անեն: Նրանց մի հատ ուժեղ մարդ էր պետք, որ մի քիչ թիկունք զգային: Չնայած մեր ընդդիմության վրա ըսկի շնորհք չկա, վախտ կա՝ ընդդիմություն են, վախտ էլ կա՝ իշխանությունների հետեւն են մտնում: Ինձ թվում ա, որ Լեւոնը մի բան գիտի, որ մտավ քաղաքական դաշտ ու միանգամից սենց շուխուռ հանեց: Բայց, եթե ինքը չընտրվեց, ուրեմն՝ լավ ա՝ գնա տուն ու էլ երբեք չերեւա: Էտի պազոռ կլինի համ իրա, համ էլ մեր համար: Իսկ էն Կոմունիստական կուսակցությունը թող ընդհանրապես չերեւա, որովհետեւ դրանց տեսնելուց ֆազերս գցում ա: Ախր, մեկն ասող լինի, թե դուք ի՞նչ երեսով եք գործունեություն ծավալում: Ես որ հիշում եմ դրանց բռնապետական կարգերը, քիչ ա մնում ցնդվեմ: Սաղ ժողովրդին սարքել էին գող, ով կարում, գործարանից մի բան թռցնում էր, ու որպես մարդ իրավունք չունեիր սեփական կարծիքդ բարձրաձայն ասել: Հիմա ես սենց ազատ խոսում եմ, չէ՞՝ էն ժամանակ, եթե սենց խոսայի՝ տուտ ժե կտանեին, կփակեին: Հորս մի անգամ բռնել, դատել էին՝ իշխանությանը վարկաբեկելու համար: Տղերքով կանգնած խոսացել էին, մի երկու սիրուն խոսք էր ասել ղեկավարների մասին: Իրա հետ կանգնած տղերքից մեկը՝ գործ տվող շան որդին գնացել, պատմել էր, թե Սենիկը սենց-սենց բաներ ա ասել: Հորս տարան-փակին: Էդ կոմունիստները շատերի տունն են քանդել, ֆաշիստներ են, ֆաշիստներ: Էդ ա, որ մեր Կոմունիստական կուսակցության անդամներին նայում ես՝ ամեն մեկը ոնց որ մի Ստալին լինի: Հետո էլ, որ չեն ասում՝ Սովետի վախտ՝ սենց, Սովետի վախտ՝ նենց… Էդ Սովետի հերը շուն դառնա, հա՜… Մոսկվայի շիստյոռկեն չէի՞նք»,- վերհիշելով նախկին բարքերը, բարկացած ասում է Սուրենն ու վստահեցնում է, որ ինքն ընտրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Չգիտեմ, էդքան քննադատում, հայհոյում են, բայց ես էդ մարդուն հարգում եմ: Չեմ կարա ասեմ, թե իրա ինչն եմ գնահատում, բայց, որ իմ համար նախագահի կերպարն ինքն ա՝ էդ հաստատ ա»:
«Էն կնկան, որ թողեն՝ մարդու կոկորդ կկրծի»
«Ես ընտրելու եմ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, որովհետեւ մեջներից խելոք տղեն ինքն ա»,- ասում է վարորդ Համլետը՝ վստահեցնելով, որ մեր քաղաքական դաշտի ամենաբարոյական մարդը նա է: «Ամենադուխով տղեն Արթուր Բաղդասարյանն ա, որովհետեւ ոչ ահ ունի, ոչ վախ: Ես ինչքան իրան լսել եմ, ոնց որ իմ սրտից խոսա: Էն օրը հարցազրույց էր տալիս՝ քեֆս բերեց, որ ինքը դիմակ չի հագնում: Ընդդիմությունից միակ մարդն ա, որ ասում ա՝ իշխանությունն էսինչ բանը լավ ա արել, իսկ էսինչը՝ սխալ: Այսինքն՝ ինքը չի ասում, որ սաղ սխալ ա ու սաղ վատ ա: Ինքն ասում ա՝ էս բանը սխալ ա, պետք ա ուղղվի: Մյուսները, երբ խոսում են՝ մենակ քննադատում են, բայց չեն ասում՝ սա սխալ ա: Եթե նկատել եք՝ բոլորն իշխանությանը հայհոյում են, բայց չեն ասում, թե կոնկրետ ինչի են հայհոյում: Իրանք կարծում են, որ անհիմն քննադատելով՝ ժողովրդի աչքին կբարձրանան, բայց տենց չի, մարդիկ լավ էլ հասկանում են ստից քննադատելն ու իսկական առիթով քննադատությունը: Ստից քննադատության համար ստեղծել են ԱԼՄ-ն, ու եթերում Տիգրան Կարապետյանին աշխատացնում են: Հո հիմար չե՞նք, որ էդքան բանը չհասկանանք: Մարդիկ կան, որ պայքարում են կոնկրետ թերությունների համար, բայց մարդիկ էլ կան՝ պայքարում են իրանց անունի, հեղինակության համար: Օրինակ՝ Կարապետիչը գիտեր, որ սաղ իրան ընտրելու են, բայց չընտրեցին, չէ՞: Նշանակում ա, որ մարդիկ շատ խելոք են, ու պետք չի ստավկա անել մեր միամտության վրա»,- ասում է Համլետն ու կոչ անում ընտրել Ա. Բաղդասարյանին: «Ես հարգում եմ էդ մարդուն, չնայած իրանց էն ջահելն էլ ծախվեց, բայց ես Արթուրին չեմ մեղադրում, որովհետեւ մարդկային էդ տեսակը բոլոր տեղերում էլ կա: Որտեղ իրանց մի քիչ տաք են զգում՝ էնտեղ էլ պատսպարվում են: Արթուրին շատ դավաճանողներ եղան, բայց էն կնիկը, անունը չեմ հիշում՝ իրան լավ էլ նվիրված ա, որ թողեն՝ մարդու կոկորդ կկրծի»:
«Ոստիկանությունն ու ժողովուրդն իրար արյուն կթափեն»
Վարորդ Բաբկենն էլ վերջին ժամանակներս հեղափոխության հոտ է առնում. «Ամենավտանգավոր բանը հեղափոխությունն ա, ախպեր, մեզ պետք չի էդ պատերազմական իրավիճակը, կուշտ ենք: Մեր երկիրը հըլը պատերազմի մեջ ա, ու, եթե ներսում էլ քաղաքացիական շարժում սկսվեց՝ իմացե՛ք, որ սահմանի թշնամին դրանից լավ օգտվելու ա: Իրանց ի՞նչ կա, իմ տղեն սահմանի վրա հայրենիք ա պաշտպանում: Մեր միտինգավորները թող իզուր տեղը մարդկանց ոտքի չհանեն, որովհետեւ լավ էլ հասկանում ենք, որ թշնամիներին պետք ա, որ երկրի ներսը թուլանա: Հազիվ մի քանի տարի խաղաղ ապրում ենք, թող իզուր տեղը թեւերը քշտած չմտնեն ժողովրդի մեջ: Էսօր ամեն մի տեղից վեր կացող ժողովրդի անունից խոսում ա, ասում ա՝ ժողովուրդը կոտորվում ա, մեղք ա, բայց իրանք լավ էլ դղյակներում կայֆավատ են անում: Էսօր հազիվ ժողովուրդը աշխատում ու հանգիստ ապրում ա: Էդ ոչինչ, որ իրա աշխատանքով ոչ մի բանի չի հասնում, բայց գոնե վախով չի ապրում: Ես 5 հատ կոշիկ եմ մաշացրել միտինգներին մասնակցելու համար ու կյանքս շատ եմ վտանգել, գիտեմ, թե էդ ինչ բան ա: Ղարաբաղյան շարժման առաջին կամավորներից եմ եղել: Թող թողեն գլուխներս կախ աշխատենք, ապրենք, երեխատեր մարդիկ ենք: Իրանց աթոռների համար թող ժողովրդին մեյդան չհանեն-օգտագործեն: Վրաստանի դեպքերն էլ՝ ձեզ օրինակ: Ես ոնց հասկանում եմ, նույն բանը մեր մոտ են ուզում անեն: Հես ա, էնքան մարդկանց տակը կլցնեն, կհանեն ոտի ու բանակներ կստեղծեն: Ոստիկանությունն ու ժողովուրդն իրար արյուն կթափեն, կեսին կտանեն բաժիններ, կբռնեն, մինչեւ կհանգստանան: Բայց, հավատացե՛ք, որ մարդկանց էդ հեչ պետք չի, էդ ամեն ինչը աթոռ ուզողներին ա պետք, ու մենք իզուր տեղ չհավատանք իրանց»,- ասում է Բաբկենն ու կոչ է անում ընդդիմադիր լիդերների հայտարարությունների ետեւից չգնալ ու երկրի մթնոլորտը չթուլացնել: «Առանց էդ էլ, էս համատարած թանկացումների պատճառով մարդիկ ներվային վիճակում են, էլ չեմ ասում՝ քաղաքի շինարարությունն ու էն մանր-մունր բաները: Թող մի հատ էլ հոգեբանական հարված չհասցնեն իրանց աթոռների համար»:
Ընդդիմության փողերը պրծել են
Հոկտեմբերի 26-ին վարորդ Սուքիասն էլ է գնալու ընդդիմության հանրահավաքին: Համոզված է, որ ընդդիմությունն, ինչպես միշտ, ժողովրդին ոտքի է հանելու` իրենց շահերի համար օգտագործելու նպատակով: «Հետաքրքրության համար եմ գնալու միտինգի, տենամ` Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ ունի ասելու էս ժողովրդին, ուղղակի հետաքրքիր ա: Էդքան տարի ձենը դուրս չէր գալիս, հիմա բան ունի ասելու: Բայց ամոթ չի՞, էդ ո՞ւմ հետ ա ելույթ ունենալու, մի կարգին մարդ չգտա՞վ: Վազգեն Սարգսյանի ախպերը, որ էդքան հիմա խոսում ա «Հոկտեմբերի 27»-ի մասին, վռազ վազեց, վարչապետի աթոռին նստեց: Բա թող հրաժարվե՛ր ախպոր աթոռին նստելուց: Դուրը եկել էր վարչապետի պաշտոնը: Հենց աթոռից վռնդեցին` դառավ ընդդիմություն ու հիմա մեծ-մեծ չրթում ա: Բա Ստեփան Դեմիրճյանը: Ինչքան էլ ասեն` մեկ ա, ինքը Կարեն Դեմիրճյան կյանքում չի դառնա: Սկի խոսալ չգիտի: Հիմա Լեւոնը, էսքան տարի հետո, նրանց հե՞տ ա ուզում գա իշխանության, ամոթ ա: Ի՞նչ պիտի ասի, իրա թիմակիցները կյանքներս կերան, մոռացե՞լ ենք: Հիմա իշխանության գալու համար ժողովրդին էլի օգտագործում են: Փողները պրծել ա, ուզում են նորից գան: Հերիք ա էս ժողովրդին լարեն, հանեն փողոց ու իրանց հարցերը լուծեն: Էս իշխանությունները, լավ թե վատ, ինչ-որ բան էլի անում են, մեզ հեղափոխություն պետք չի, մեզ խաղաղ կյանք ա պետք, մենք մեր հացը ոնց ստեղծում էինք մեր հալալ քրտինքով` էլի կստեղծենք: Ա՛յ հենց դրա համար ես Սերժ Սարգսյանին եմ ընտրելու: Նա, ասում են, շատ խելացի մարդ ա, լսող ա, կարծիքները հաշվի առնող ա: Էս ընդդիմությունը հա խոսում ա նրա ախպոր` Սաշիկի մասին, բայց հըլա թող իրանց ախպերներին նայեն, իրանց բարեկամներին: Հետո՞ ինչ, որ տենցն ա ախպերը: Մի կլիենտ ունեմ, պատմում ա, որ Սերժն ու ախպերը իրար հետ չունեն, չի թողում, որ ախպերը շատ հարցերում խառնվի, հեռու ա պահում: Ա՛յ դրա համար էլ եմ Սերժին հարգում»: