Ինֆորմացիոն տեխնոլոգիաները մարզերի դպրոցներում

12/05/2005

IREX-ի IATP՝ ինտերնետի մատչելիության եւ ուսուցման ծրագրը Վայոց ձորում կմեկնարկի մարզի միջնակարգ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Ծրագրում ընդգրկված է 12 դպրոց, յուրաքանչյուրից՝ չորսական մանկավարժ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կվերապատրաստվեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում: Ծրագրի համակարգող Խորեն Մանուկյանի խոսքերով, հիմնական նպատակը ոչ միայն ուսուցչին համակարգչից օգտվելու կարգին ծանոթացնելն է, այլեւ սովորեցնելը ուսումնական գործընթացում այդ գիտելիքները կիրառել: «Դասը մատուցելու բոլոր ատրիբուտները՝ քարտեզներ, աղյուսակներ, պաստառներ եւ այլն, ունեն իրենց էլեկտրոնային տարբերակները: Մենք սովորեցնելու ենք ուսուցիչներին օգտվել դրանցից: Նրանք նաեւ անցնելու են օպերացիոն համակարգեր, օֆիսային ծրագրերի փաթեթ, մասնավորապես` տեքստային ֆայլերի եւ էլեկտրոնային աղյուսակների խմբագրերի հետ աշխատանքի հիմունքները, նաեւ www ՝ ինտերնետից եւ էլեկտրոնային փոստից օգտվելու կարգը»: Խ. Մանուկյանը նաեւ հավաստեց, որ այսօր մարզերի դպրոցները տեխնիկապես հագեցված են: Ուսուցման պրոցեսն ավելի խիտ, հետաքրքիր եւ հասկանալի դարձնելու այս միտքը պատկանում է Համաշխարհային բանկին, որն իր ծրագրում ընդգրկել է հանրապետության բոլոր դպրոցները: IATP-ին բաժին է ընկել կրթելու Վայոց ձորի մանկավարժներին, որոնց դասընթացները կսկսվեն մարտի 25-ին: