Կրկեսի վախճանը սարերի ետեւում չէ

28/10/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանի Կրկեսի սեփականաշնորհման մասին այժմ կարելի է խոսել որպես անհաջող եւ անհեռանկար գործարքի մասին։ Գործարքն, իհարկե, որպես անհաջող կարող են դիտարկել միայն Հայաստանի քաղաքացիները, որոնք երեխաներ ունեն եւ կրկեսից, առաջին հերթին, լավ «տեսարաններ» են ակնկալում, այլ ոչ թե՝ «հաց»։

Երեւանի Կրկեսից «հաց», այսինքն՝ գումար սպասել ներկայիս կառավարման անսկզբունքայնությամբ չեն կարող նույնիսկ այն մարդիկ, որոնք Կրկեսի սեփականաշնորհման համար գումար են տրամադրել։ Կրկեսը կարող է նրանց գումարով ապահովել միայն կրկեսային ժանրի մահից հետո, եւ արդեն ոչ թե որպես արվեստի ճյուղ, այլ՝ որպես շենքային համալիր, որն իր շուկայական գինն ունի։

Կրկեսի մասնավորեցման ետեւում նշմարվող փողատեր մարդիկ, որոնք կանգնած են սեփականատեր դարձած «կրկեսային կոլեկտիվ» անվան ետեւում (այդ շարքում ամենաշատը հիշատակվում է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի անունը), գուցեեւ երկու տարի առաջ՝ սեփականաշնորհման որոշումը կայացնելու պահին, ցանկություն ունեին կրկեսային գործունեություն ծավալել, սակայն այժմ ամեն ինչ անում են, որպեսզի բոլորս մոռանանք այդ մասին։ Ընդհանրապես մոռանանք կրկեսի մասին։ Կրկեսը սնանկության եզրին է, եւ փաստերը թույլ են տալիս եզրակացնել, որ սնանկության գործընթացը միտումնավոր է սկսվել։ Եթե չլինի կրկեսային գործունեությունը առնվազն 25 տարվա ընթացքում պահպանելու անհրաժեշտությունը, Կրկեսի մասնավորեցման համար փող ներդրած մարդիկ հենց վաղն էլ կվաճառեն Կրկեսի շենքը, իսկ այժմ «տեսարաններ» պատրաստելու պարտադրանքը «հաց» վաստակելու գործին միայն խանգարում է։

Ներկա իրավիճակում Երեւանի Կրկեսը որպես կրկես աշխատել չի կարող մի քանի պատճառներով։ Նախ, որ արենայում ցույց տալու բան չունի, եւ հետո էլ՝ չի կարող ապահովել իր ներդրումային պարտավորությունները։ Իսկ պարտավորությունները հետեւյալն են. կոլեկտիվը պետք է սեփականաշնորհման առաջին տարվա ընթացքում 100 մլն դրամի ներդրում աներ։ Չի արել։ Այդ փաստը դեռ պետք է պարզի եւ դրանից հետեւություններ անի պետական մարմինների կողմից Կրկես ուղարկված մոնիտորինգային խումբը։ «Մինչ մոնիտորինգի ավարտը ոչինչ ասել չեմ կարող»,- ասում է Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Նա չի բացառում նաեւ, որ պետություն-սեփականատեր գործարքում ներդրում անելու կետը չի կատարվել: «Ի՞նչ ասեմ` ուրեմն մեզ խաբել են»,- ասում է նա:

Եթե Կրկեսի սնանկությունը որպես իրողություն ընդունվի, Կրկեսը կարող է կրկին վերադառնալ պետության հսկողության տակ, այդ դեպքում հնարավոր է՝ նոր մասնավորեցման պրոցես սկսվի, կամ էլ պետությունը կորոշի, որ այլեւս չի մասնավորեցնելու, եւ ինքն է զբաղվելու Կրկեսի ճակատագրով։ Սակայն կա մեկ այլ, կրկեսի համար կործանիչ ճանապարհ։ Եթե հանկարծ որոշում կայացվի եւ Կրկեսի սեփականատերերին թույլատրվի վերապրոֆիլավորել Կրկեսը, ուրեմն մենք այլեւս կրկես չենք ունենա։ Այժմ ամեն ինչ գնում է այդ վերջին ճանապարհով։ Ամենայն հավանականությամբ, սնանկ ճանաչվելուց հետո, 350 հազար դոլարով սեփականաշնորհված կրկեսային շենքը կվաճառվի նվազագույնը 3 մլն դոլարով, կվերածվի հյուրանոցի կամ ռեստորանային համալիրի, այսինքն` այնպիսի բիզնեսի, որից գումար ներդրողները կարող են «գլուխ հանել»։ Իսկ այժմ լավ տեղում շենք զբաղեցնող կրկեսը նրանց համար միայն գլխացավանք է։

Ա. Մարկոսյանը գտնում է, որ Կրկեսի սեփականաշնորհման գաղափարը լավն է եղել, եւ հուսով է, որ կրկեսը չի վերապրոֆիլավորվի: «Սեփականաշնորհման գործարքի «մեխը» եղել է այն կետը, որը պահանջում էր Կրկեսից՝ առնվազն 25 տարի կրկեսով զբաղվել»: Սակայն արդյո՞ք Կրկեսը սնանկ ճանաչելու դեպքում սեփականատերը Կրկեսի փոխարեն կազինո կամ հյուրանոց կառուցելու իրավունք չի ստանա՝ հարցը դեռ մշուշոտ է մնում: «Ոչինչ բացառված չէ: Եթե Կրկեսը կրկին պետությանը վերադարձվի ու նոր մրցույթ հայտարարվի, անձամբ ես (եթե որոշում կայացնողը ես լինեմ) կպնդեմ, որ կրկեսային գործունեությամբ զբաղվելու պարտադրանքը մնա»,- ասում է Ա. Մարկոսյանը։ Հիմա Մասնավորեցված ընկերությունների պարտավորությունների կատարումը հսկող բաժնի որոշմանն ենք սպասում, որպեսզի պարզ դառնա Կրկեսի ապագան։

7 դերասանով կրկես չի լինում

Սեփականաշնորհումից հետո անցած երկու տարիների ընթացքում Կրկեսն աչքաթող է արվել, բարձրացրել է տոմսերի գինը, հարկային պարտքեր է կուտակել եւ կարողացել է Ռուսաստանի հատուկենտ անկախ կրկեսային արտիստների հրավիրել եւ իրար «կպցնելով» 7-8 հայ եւ ռուս դերասանների, ոչ պահանջկոտ հայ հանդիսատեսին բացահայտ «խալտուրա» ներկայացնել։ Մինչդեռ մասնագետների կարծիքով՝ լիարժեք կրկեսային ծրագիր կարող է համարվել այն ծրագիրը, որտեղ նվազագույնը 11 կրկեսային ժանրեր եւ

22-ից ոչ պակաս դերասաններ են ներկայացված։ Կրկեսի նախկին տնօրեն Հմայակ Խասխազյանը, ով խորհրդային եւ մեր անկախ պետականության առաջին տարիներին կարողացել է հմտորեն ղեկավարել հայկական Կրկեսը, լավ գիտի կրկեսային տնտեսության մեխանիզմներն ու կրկեսային ծրագրերի գները։ «Կրկեսը կարող է եւ պետք է եկամտաբեր լինի։ Դա բոլորովին էլ բարդ չէ անել, եթե, իհարկե, Կրկեսի տնօրենը կարողանում է պարզագույն հաշվարկներ անել եւ վստահված անձ է համարվում կրկեսային աշխարհում։ Ես ուղղակի գժվում եմ, երբ լսում եմ, որ Կրկեսը չի կարող կրկեսով գումար աշխատել»,- ասում է նա։ Պարզվում է, որ ամբողջական կրկեսային ծրագրերի գները այդքան էլ բարձր չեն, ռուսական լավ կրկեսային բազմաժանր ծրագիրը Երեւան կարող է ժամանել, եթե մեկ ելույթի համար մասնակիցներին վճարենք 1500 դոլար (այդ գինը հազար դոլարով կավելանա, եթե խոշոր կենդանիներ տեղափոխելու պահանջ լինի) եւ ապահովենք դերասանների ճանապարհածախսի կեսը։ «2000 հազար դոլար կարժենա էքստրա մակարդակի կոլեկտիվի հոնորարը։ Իսկ անշլագային ներկայացման դեպքում Երեւանի Կրկեսը կարող է 6500 դոլարի մաքուր շահույթ ունենալ»,- վստահեցնում է Հ. Խասխազյանը։ Իսկ ինչո՞ւ դա չի արվում՝ մեր հարցին, նա կարճ պատասխան է տալիս. «Տնօրենը պետք է մասնագետ կինի»։

Հ. Խասխազյանը վստահ է, որ Երեւանի Կրկեսը նոր ծրագրեր հրավիրել չի կարող. «Կրկեսի այսօրվա ղեկավարին՝ Սոս Պետրոսյանին, ոչ ոք ծրագիր չի տա: Ես երեսուն տարի Երեւանի Կրկեսի տնօրենն եմ եղել, ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր կրկեսների ղեկավարների հետ գործնական եւ ընկերական հարաբերություններ ունեմ ու լավ գիտեմ, որ Սոս Պետրոսյանը ռուսական ոչ մի Կրկեսում վստահություն չունի: Իսկ մեր Կրկեսն առանց «Սոյուզգոսցիրկի»՝ գոյատեւել չի կարող։ Ինձ զանգահարել էր Զապաշնին ու ասել, որ մերժել է Երեւանում ելույթ ունենալու Սոսի հրավերը, թեեւ Սոսը նրան շատ է խնդրել ու քծնել։ Զապաշնին ասաց ինձ. «Միայն իմ դիակի վրայով նա ծրագիր կստանա»: Հ. Խասխազյանը տեղյակ է, որ Երեւան չեն գա ոչ միայն ռուսական, այլեւ՝ նույնիսկ վրացական կրկեսի դերասանները, քանի որ Սոս Պետրոսյանը persona non grata է համարվում կրկեսի ոլորտում։ Այժմ նա կարողանում է Ռուսաստանի հեռավոր քաղաքներից ոչ բարձր մակարդակի որոշ դերասանների բերել, ավելին անել պարզապես չի կարող։ Հ. Խասխազյանը համոզված է. որ Կրկեսն այդպես աշխատելով՝ ոտքի կանգնել չի կարողանա։ Դա երեւում է կրկեսային փորձերի այն հատվածից, որին մենք ականատես եղանք եւ տեսանք Դոնեցկից Երեւան բերված երիտասարդ մի աղջկա ելույթը, որը հրճվանք էր պարգեւում Կրկեսի տնօրենին, իսկ մեզ պարզապես տարակուսանքի մեջ էր գցում։ Ակրոբատուհին պարզագույն համարներ էր կատարում Կրկեսի պատառոտված արենայում։ Հարց է ծագում. ինչո՞ւ Կրկես չեն հրավիրվում մենեջերներ, որոնք կարող են զրոյից վերականգնել հայ-ռուսական կրկեսային կապերը եւ որոնք կկարողանան կրկեսային ժանրում բիզնեսի կանոնները կիրառել։ Ինչո՞ւ դրա պահանջը չեն հասկանում Սոս Պետրոսյանին թղթի վրա սեփականատեր դարձրած ու Կրկեսից փող պահանջող պատգամավորները։ Պատասխանն ինքնին է հայտնվում՝ պետք է սնանկացնել Կրկեսը, որպեսզի ազատվես Կրկես պահպանելու բեռից։ «Մեր քաղաքին կրկես է պետք: Նույնիսկ երազում պատկերացնելն է դժվար, որ վաղը կրկես բացող նոր մարդիկ կհայտնվեն, իսկ մեր երեխաներին կրկեսն անհրաժեշտ է»,- վստահորեն ասում է Կրկեսի մասնավորեցման ծրագիրը պատրաստած Ա. Մարկոսյանը: Կրկեսի իրական վախճանը շատ հեռու չէ, այժմ Կրկեսը ոչ գումար է ներդնում, ոչ գումար է վաստակում, Կրկեսի շենքն էլ կամաց-կամաց փտում է։

Հ. Խասխազյանը գտնում է, որ կրկեսային կոլեկտիվին սեփականատեր դարձնելը մեծ սխալ էր. «Ես չեմ ուզել քիթս խոթել Կրկեսի գործերի մեջ այն պահից սկսած, երբ ինձ մահացած ներկայացնելով, Սոս Պետրոսյանը տնօրեն դարձավ։ Ինձ ոչ փող է հարկավոր, ոչ էլ համբավ: Ես 70 տարեկան մարդ եմ, եւ ինձ ոչինչ հարկավոր չէ: Սակայն պարզ է, որ մենք շուտով այլեւս կրկես չենք ունենա: Եթե Կրկեսի սեփականատերը գործարարների ընտանիքը դառնար, կարելի էր գոնե վստահ լինել, որ կրկեսը կփրկվի, իսկ հույսը դնելով Սոսի վրա, մենք կրկեսը կորցնում ենք»։ Լավ կլինի, որ դա հասկանան նաեւ փողատեր պատգամավորները, որոնք այժմ սակավաթիվ տոմսերի գումարի մի մասն են դնում իրենց գրպանն ու երազում Կրկեսը սպանելով՝ կրկեսից ազատվելու մասին միայն։