Մեր տեղեկություններով՝ երգչուհի Արմինկան, ով հայ հասարակությանը հայտնի է ավելի շատ իր արտաքին, քան ձայնային տվյալներով, նորաձեւ աղջկա իր իմիջով, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին օրերս առաջարկ է ներկայացրել: Վերջինս իր գործընկերների շրջանում` Երեւանում երգչուհի Էլվինա Մակարյանի կիսանդրին տեղադրելու համար ստորագրահավաք է սկսել: Ըստ մեր աղբյուրների՝ երգիչ-երգչուհիներից ոմանք արդեն ստորագրել են այդ նախաձեռնության տակ: Հիշեցնենք, որ մահվանից առաջ երգչուհի Էլվինա Մակարյանը հարցազրույց էր տվել ԱՄՆ-ում «168 Ժամ» թերթի թղթակից Արտակ Ալեքսանյանին եւ այդ հարցազրույցում արտահայտել էր իր վիրավորանքն ինչպես Հայաստանի ղեկավարների, այնպես էլ «բարի» համբավ վայելող մեր որոշ արվեստագետների ելույթների եւ բարքերի առթիվ: Նա պատմել էր, որ Հայաստանից հեռացել էր վիրավորված: Ինքնասպանությունից առաջ նա կտակել էր իր մարմինը մոխիր դարձնել եւ հանձնել օվկիանոսին:
Դեռեւս հայտնի չէ, թե որն է Արմինկայի այդ նախաձեռնության նպատակը: Երգիչ-երգչուհիներից եւ մշակույթի գործիչներից շատերը, սակայն, զայրացած են նրա այդ նախաձեռնությունից: Ավելին, նշում են, որ, քանի որ Արմինկան հայտնի աղանդավորական խմբավորումներից մեկի անդամ է, շատ հնարավոր է, որ նա դա նախաձեռնում է բոլորովին այլ նպատակներով: Հայտնի չէ` Արմինկան ընթերցե՞լ է արդյոք Է. Մակարյանի վերոնշյալ հարցազրույցը, որում տաղանդավոր երգչուհին քննադատել է հայ շոու-բիզնեսի միջակություններին ու նրանց բարքերը: Եթե մեր երգիչ-երգչուհիներն իսկապես որոշել են մեծանուն երգչուհի Է. Մակարյանի հիշատակը վառ պահել, ապա ամենալավ նվերն այն կլինի, եթե նրանք բեմ դուրս գալուց առաջ երգել սովորեն: