Թվայնացնում են

28/10/2007

Հանրային հեռուստաընկերության հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում արդեն սկսվել են ֆիլմերի թվայնացման եւ վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ստուդիայի տնօրեն Լեւոն Գալստյանը: Աշխատանքները կատարվում են բացառապես ստուդիայում եղած սարքավորումներով, որոնք վերանորոգվել են: Տեխնոլոգիաների վերականգնման ֆինանսավորումը կատարվել է Հանրային հեռուստաընկերության միջոցներով: «Ստուդիան Հանրային հեռուստաընկերության մի մասն է, եւ ֆիլմերի թվայնացման աշխատանքներն սկսվել են Հ1-ի ղեկավարության որոշմամբ»,- ասել է Լ. Գալստյանը: Ֆիլմերի թվայնացման եւ վերականգնման տեխնոլոգիան պայմանականորեն անվանվել է «Թորոս Ռոսլին», եւ, ըստ Լ. Գալստյանի` դա պատահական չէ, քանզի իրենց աշխատանքի հիմքում բնօրինակի իրական վիճակի վերականգնումն է եւ ոչ թե արհեստական գունազարդումը: «Հուսով ենք` ֆիլմերը կներկայանան ռոսլինյան գույների բնականությամբ»,- նշել է նա: Հիշեցնենք, որ «Երեւան» ստուդիայում պահվում են մոտ 700 ֆիլմեր, որոնցից 30-ն այս տարի արդեն վերականգնվել է: Դրանց ցուցադրությունը կսկսվի նոյեմբերի 1-ից Հանրային հեռուստաընկերությամբ: Առաջինը կցուցադրվի «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի վերականգնված եւ թվայնացված տարբերակը: