Մոտ մեկուկես տարի առաջ «Էրեբունի» թանգարանն Ամերիկյան դեսպանատանը ներկայացրել էր ծրագիր, որով պետք է վերականգնվեր ամրոցի կենտրոնում գտնվող տաճարը: Ամերիկյան կողմը համաձայնել է ֆինանսավորել ծրագիրը, սակայն շուտով ֆինանսավորումը դադարեցվել է: Բանն այն է, որ հայկական կողմը, ծրագրում անճշտություններ նկատելով, փոխել է այն: Իսկ ամերիկյան կողմը չի ցանկանում ֆինանսավորել երկրորդ ծրագիրը:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում թանգարանի նոր տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ եթե առաջին ծրագրով նախատեսված վերանորոգումներն իրականացվեին, արդյունքում Ուրարտական սկզբունքների լուրջ խախտումներ կլինեին. «Ես նոր եմ ստանձնել տնօրենի պաշտոնը, ինքս մասնագետ եմ, ու ինձ իսկապես զարմացրեց կազմված նախագիծը: Հուշարձանը տանիք չունի, պեղումների ժամանակ տանիք չի հայտնաբերվել: Իսկ նախագծում տանիք կար: Բացի այդ, գոյություն ունի ուրարտական ճարտարապետական առանձնահատկությունների մի ամբողջ շարք, մասնավորապես` տաճարական համալիրների կառուցումը: Սրանք բազալտե քարից պատրաստված քառակուսի կամ ուղղանկյուն հիմք ունեն, որոնց վրա բարձրանում է աղյուսաշար պատը: Աղյուսի շարքը նույնպես կարեւոր է, եւ նախագիծ կազմելու համար պետք էր նախ դրանք հաշվի առնել, հին լուսանկարները նայել: Այդ խնդիրը դրվեց քննարկման, եւ առաջադրվեց նոր նախագիծ, սակայն քանի որ ամերիկյան կողմը նախորդն էր ընդունել, նորի ֆինանսավորումն աննպատակահարմար համարեցին: Սակայն աննպատակահարմար էր նաեւ հուշարձանի` նման ձեւով վերականգնումը, քանի որ նման տեսքը ոչ ոք չի կարող գիտականորեն հիմնավորել: Առաջին նախագիծը կազմել էին թանգարանի նախորդ տնօրենը եւ մի քանի ճարտարապետներ, ովքեր զբաղվում են ճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ, բայց՝ ոչ ուրարտական հուշարձանների: Նրանք հնագիտական պեղումների նույնպես չեն մասնակցել: Այսինքն, զուտ պրոֆեսիոնալ խնդիր կար այստեղ, որը պետք է լուծվեր: Հարցը միայն հուշարձանի վերականգնումը չէ, այն պետք է ճիշտ վերականգնվի: Ավելի լավ է՝ տաճարը մնա ներկայիս տեսքին, քան սխալ վերականգնվի»:
Ա. Փիլիպոսյանը նշեց, որ ծրագիրը որոշակի փոփոխություններ կրել է նախքան իր` տնօրենի պաշտոնը զբաղեցնելը: Հուշարձանների պահպանման գործակալությունը հասկացել է, որ այդ նախագիծը չի կարելի իրականացնել, եւ նոր տարբերակ է առաջարկել` առանց տանիքի, միայն պատերի որոշակի բարձրացումով: Հետաքրքիրն այն է, որ ծրագրի փոփոխման արդյունքում չի փոխվել հատկացվելիք գումարը, որն, ի դեպ, պետք է կազմեր ընդամենը 10.000 դոլար: Իսկ թե թանգարանի նախկին տնօրինությունն այս գումարը ստանալու համար դիմե՞լ է գործող իշխանություններին, պրն Փիլիպոսյանը չգիտի: Ամեն դեպքում հարկ է նշել, որ գումարն այնքան էլ մեծ չէր` ամերիկացիների օգնությանը դիմելու համար: Թանգարանի նոր տնօրենը, սակայն, այս հարցով կդիմի համապատասխան մարմիններին: Ասում է, որ դեռ չի դիմել, քանի որ ընդամենը երկու ամիս է, ինչ սկսել է իր աշխատանքը:
Աշոտ Փիլիպոսյանը մտադիր է Էրեբունի թանգարանի հիման վրա բացել ուրարտագիտական հետազոտությունների կենտրոն: Ծրագիրն արդեն ներկայացվել է իշխանությանը եւ հավանության է արժանացել. «Այսօր տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Ռուսաստանում ներկայումս Վանի թագավորության, Ուրարտուի մշակույթի հարցերով զբաղվող չի մնացել: Մեկ մասնագետ կա Ֆրանսիայում, երկուսը` Իտալիայում, երեքը՝ Գերմանիայում եւ 15-ը` Թուրքիայում: Հայաստանում կան 10-ից ավելի մասնագետներ, բայց նրանց մեծ մասը զբաղված է օրվա հաց վաստակելու խնդրով: Ու չկա մի կենտրոն, որ համակարգի այս ամենը: Մեր Ակադեմիան ունի Պատմության ինստիտուտ, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ եւ Արեւելագիտության ինստիտուտ: Սակայն այս երեք խոշոր հաստատություններից ոչ մեկում չկա Ուրարտուի ուսումնասիրության առանձին բաժին: Մինչդեռ մենք իսկապես ունենք լավ մասնագետներ, որոնց կարելի է հավաքել մեկ միավորի մեջ: Ես փորձել եմ կապվել թանգարանի լուսահոգի ճարտարապետ Շմավոն Ազատյանի որդու` Ռուբեն Ազատյանի հետ, ով նույնպես ճարտարապետ է»,- ասաց Ա. Փիլիպոսյանը: Պարզվել է, որ Շմավոն Ազատյանը նախագծել է թանգարանի հետագա վերականգնման ու վերակառուցման նախագիծ: Եվ հիմա Ա. Փիլիպոսյանը Ռ. Ազատյանին խնդրել է այդ ծրագիրը բերել եւ միասին աշխատել: «Կենտրոնն անպայման պետք է ստեղծվի: Այստեղ լինելու են ուրարտական սեպագրի վերծանման եւ մեկնաբանման բաժին, հնամարդաբանական բաժին, վերականգնման լաբորատորիա: Գրանտային համակարգ է աշխատելու, փորձելու ենք անպայման կապվել արտասահմանցիների հետ, բայց երբեք թույլ չենք տա, որ իրենք ղեկավարեն այդ ծրագրերը: Կան հնագիտական բազմաթիվ նյութեր Վանի թագավորության ժամանակաշրջանից, որոնք հայտնաբերվել են Արեւմտյան Հայաստանում: Դրանք տարբեր ճանապարհներով հայտնվել են եվրոպական տարբեր թանգարաններում: Հսկայական նյութեր կան ԱՄՆ-ի «Մետրոպոլիտեն» թանգարանում: Այդ ամբողջը պետք է հավաքվի: Այս դեպքում մենք համագործակցության կարիք կունենանք»,- նշեց թանգարանի տնօրենը:
Ներկայումս «Էրեբունի» թանգարանն, ըստ Ա. Փիլիպոսյանի` տարեկան ունենում է 6000-ից ավելի այցելու, որոնց 60 տոկոսն արտասահմանից են: Դպրոցներից ու բուհերից նույնպես այցելում են: Ուսանողների ու աշակերտների համար թանգարանի մուտքը 100 դրամ է, ՀՀ քաղաքացիների համար` 250 դրամ, արտասահմանցիների համար`1000 դրամ: